HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Աշոտ Արսենյանի ընկերությունը չի հայտնում, թե երբ է Սուրեն Պապիկյանը ամրագրել 412 000 դոլարանոց բնակարանը

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերությունը չի պարզաբանում, թե երբ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամրագրել «Բյուրեղ» բնակելի համալիրում գտնվող թանկարժեք բնակարանը։ 

«Հետքը» նախորդ շաբաթ գրեց, որ 2022 թ․ հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 69 միլիոն դրամով (168 հազար ԱՄՆ դոլար) Երևանում 165 քմ մակերեսով բնակարան է գնել։ Մենք հարց էինք առաջ քաշել, թե ինչպես կարող էր ներկայում 412 հազար դոլար արժեցող բնակարանը 6 ամիս առաջ 100 միլիոն դրամով պակաս արժենալ։ Սուրեն Պապիկյանը մեզ առաջարկել էր այդ հարցի պատասխանը ստանալ բնակարանը վաճառող ընկերությունից։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը գրավոր հայտնել է, որ «հնարավոր գնորդները կարող են բնակարանն ամրագրել դեռևս մինչև շինարարությունը սկսելը։ Ամրագրումից մինչև գնման իրավունքի վաճառքի գործարքի իրականացման պահը կարող է անցնել տևական ժամանակ (դա ենթադրում է ընկերության կողմից համապատասխան թույլտվությունների ստացում, կադաստրում իրավունքի գրանցման ընթացակարգ և այլն)»։

Թեև մենք մեր հարցերը «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության տնօրենին ուղղել էինք կոնկրետ Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի «Դ» մասնաշենքում գտնվող բնակարանի գնման գործարքի վերաբերյալ, կառուցապատող ընկերության տնօրենը անորոշ և ընդհանրական ձևակերպումներով պատասխան էր ուղարկել։

Այդուհանդերձ, մենք մի քանի լրացուցիչ հարց ուղղեցինք «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին, որոնցից գլխավորը հետևյալն էր․ «Ե՞րբ է տեղի ունեցել Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի համալիրի «Դ» մասնաշենքի 94 նախագծային բնակարանի ամրագրումը։ Խնդրում ենք տրամադրել պատասխանը հավաստող փաստաթուղթ, տեղեկանք, գրություն, որը լրացուցիչ ստուգելու կարիք չի լինի»։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը մեր այս հարցին փաստացի չի պատասխանել։

«Անդրադառնալով ամրագրումը հավաստող փաստաթղթերի տրամադրմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ ամրագրման որևէ կարգ սահմանված չէ, ամրագրումն իրականացվել է կառուցապատող «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության ներքին շրջանառության փաստաթղթերով»,- գրել է ընկերության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։

Արբանյակից արված լուսանկարներն էլ փաստում են, որ պաշտպանության նախարարի կողմից բնակարանի գնման գործարքի ժամանակ «Բյուրեղ» բնակելի համալիրի «Դ» մասնաշենքն ամբողջությամբ կանգուն է եղել։ Google Earth ծրագրում առկա արբանյակային լուսանկարներից մեկը արվել է 2022 թ․ օգոստոսի 17-ին, որտեղ երևում է շինարարության ընթացքը, իսկ բնակարանի վաճառքի գործարքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ 20 օր առաջ։

Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ Սուրեն Պապիկյանի կողմից 100 միլիոն դրամով էժան բնակարան գնելը, հավանաբար, պայմանավորված է եղել Աշոտ Արսենյանի անձով։ Նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը 2018 թվականից հետո արագ հրաժեշտ տվեց Սերժ Սարգսյանի քաղաքական թիմին և մտերմացավ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, կասկածելի հանգամանքներում ստացավ «Բյուրեղ» թաղամասի շինթույլտվությունը, կարճվեց բանակից ազատվելու դեպքով նրա որդու դեմ հարուցված քրեական գործը։ Շատ չանցած՝ նույն որդին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցով ստանձնեց Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնը։

Մեկնաբանություններ (1)

Читетель
Наглые морды, вот так закупаются на гос. деньги а ребят голыми руками отправляют на войну., ради своей наживы Они все должны ответить за преступления против человечества , им нет оправдания, Гаага ждет их с объятиями начиная , каждый должен ответить за свои преступления начинаяссмпераого президента!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter