HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը» տուգանվեց 50 միլիոն դրամով

Հունիսի 11-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում ամփոփեցին դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Ա. Բախշյանից և Ս. Սաֆարյանից ստացել էր դիմում-բողոք այն  մասին, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, որոնց հետևանքով դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ:

Բողոքի հիման վրա ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ էր հարուցել: Վարույթի ընթացքում կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում պարզել էր, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ և բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իսկապես իրականացրել են հակամրցակցային գործողություններ:

Մասնավորապես, հանձնաժողովը բացահայտել է բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատություններն ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել այն դեպքում, երբ դա օրենքի պարտադիր պահանջն է: Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձևական բնույթ:

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններով հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություներին կատարել է նվիրատավություն, ինչի հետևանքով խաթարվել է մրցութային գործընթացը, և մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ, պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ:

Ամփոփելով վարչական վարույթի արդյունքները՝ հանձնաժողովը 7 տնտեսվարողի և շուրջ երեք տասնյակ բուժհաստատության գործողություները ճանաչեց որպես հակամրցակցային:

Այդ տնտեսվարողներն են. «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Եվրոֆարմ» ՍՊԸ, «Ռուսֆարմ» ՍՊԸ, «Ամիկուս» ՍՊԸ, «Էգդանի» ՍՊԸ, «Մեգի Էլ» ՍՊԸ, «Կամելիա» ՍՊԸ, «Անիկոֆարմ» ՍՊԸ, Ա/Ձ Հրանտ Գևորգյան:

Բուժհաստատություններն են. Երևանի թիվ 20 պոլիկլինիկա, Երևանի թիվ 19 պոլիկլինիկա, Սևանի հիվանդանոց, Տաշիրի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկա, Սպիտակի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա, Ստեփանավանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 22 պոլիկլինիկա, Չարենցավանի բժշկական կենտրոն, Վեդու ծննդատուն, Հրազդանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 4 պոլիկլինիկա, Վեդու բժշկական կենտրոն, Աբովյանի ծննդատուն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Իջևանի առողջության կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վաղարշապատի հիվանդանոց, Երևանի թիվ 5 պոլիկլինիկա, Նոյեմբերյանի հիվանդանոց, Մարտունու ծննդատուն, Աբովյանի բժշկական կենտրոն, Արարատի հիվանդանոց, Մարտունու բժշկական կենտրոն, Քաջարանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն:

Քանի որ հանձնաժողովն այս ոլորտում առաջին անգամ էր նման ուսումնասիրություն իրականացնում և հաշվի առնելով, որ բացի «Նատալի ֆարմից»՝ մնացած բոլոր ընկերություններն ունեն շատ փոքր ծավալներ, և շատերը տեղեկացված չեն ոլորտի օրենսդրական պահանջներից՝ ՏՄՊՊՀ նիստում որոշվեց խիստ նախազգուշացում հայտարարել նրանց նկատմամբ, քանի որ վերջիններն իրենց վարքագծով սահմանափակել են մրցակցությունը և բարենպաստ պայմաներ ստեղծել տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար:

Հանձնաժողովը պարտադրեց վերջիններիս այսուհետև ձեռնպահ մնալ նման վարքագծի դրսևորումից, կատարել օրենքի պահանջը` դեղորայքի և բուժական պարագաների ձեռքբերումն իրականացնելով բացառապես մրցույթով:

«Նատալի ֆարմը» դեղերի ներկրման և իրացման ոլորտի ամենախոշոր ընկերությունն է, այս շուկայում զբաղեցնում է գերիշխող դիրք: ՏՄՊՊՀ նիստում որոշվեց գերիշխող դիրքի չարաշահման համար «Նատալի ֆարմ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք` 50 միլիոն դրամի չափով և պարտադրել, որ ընկերությանը վերացնի և հետագայում բացառի նման վարքագիծը:

Վերոնշյալ բուժհաստատությունները պետական բժշկական հիմնարկներ են, և նրանց վարքագիծը, բացի մրցակցության սահմանափակումից, հանգեցրել է նաև պետական բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործման: Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնաժողովի որոշմամբ նրանց գործերը կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն, Վերահսկիչ պալատ և ֆինանսների նախարարություն:

Նիստի ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը բոլոր տնտեսվարողներին կոչ արեց հետևել «Սզնի» ընկերության օրինակին և մրցակցային խնդիրների առնչվելիս տեղեկացնել հանձնաժողովին:

Պետական գնումների մասին օրենքում առկա սողանցքները փակելու և այս ոլորտի օրենսդրությունը բարելավելու նպատակով՝ հանձնաժողովը մի շարք օրենսդրական առաջարկներ է մշակել, որոնք կուղարկվեն ՀՀ ֆինանսների նախարարություն:

«Պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանք շարունակվում են, և առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ»,- հայտնում է ՏՄՊՊՀ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter