
Երևանի ակտիվ մասնակցությունը Բաքվի հետ բանակցություններին կհանգեցնի լարվածության թուլացմանը. Զախարովա
Մոսկվան վստահ է, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը Բաքվի հետ հակամարտության կարգավորման բանակցություններին կարող է նպաստել կողմերի միջև «ներկայիս լարվածության թուլացմանը»։ Այդ մասին նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կարծում ենք, որ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը նախկինի պես ելնում է նրանից, որ Բաքուն ու Երևանը պետք է կատարեն բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններով սահմանված բոլոր պարտավորությունները, այդ թվում` «Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման ու Լաչինի միջանցքի օգտագործման մասով»։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ մարտի 9-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 10-րդ գլոբալ համաժողովի ժամանակ, որին հիմնականում մասնակցում են տարբեր երկրների ու կառավարությունների նախկին առաջնորդներ, հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա։
«Այն, ինչ անցած տարվա հոկտեմբերին համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման մասով, փաստացի ցույց է տալիս, որ չկա որևէ խոչընդոտ խաղաղության հասնելու համար»,- ասել էր Ալիևը։
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ Ալիևը նշել էր, որ Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի մեկնաբանություններին։ «Մենք ստացել ենք Հայաստանի կողմից մեկնաբանությունները։ Ի պատասխան` մենք նրանց ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ գործընթացն ընթանում է»,- ընդգծել էր այդ երկրի նախագահը։
Լուսանկարը՝ Михаил Метцель / ТАСС
Մեկնաբանել