HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ուզում էին Շուշիով դուրս գալ, բայց Շուշին գրավված էր, պատերազմն էլ՝ ավարտված». շրջափակման մեջ հայտնված զինվորների ծնողների վկայությունը

2020թ.-ի հոկտեմբերի 9-ին Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի զինծառայողները հրաման էին ստացել բարձրանալ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարը և դիրքավորվել այնտեղ։ Հոկտեմբերի 10-ին թշնամին հարձակման է անցել, գումարտակի անձնակազմը նահանջել է։ Չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ նորակոչիկների մի մասը Վանք գյուղ է նահանջել և զոհվել։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միայնակ է թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։ Նա մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։

Խուռհատի գործով այժմ տուժողների և տուժողների իրավահաջորդների հարցաքննության փուլն է։ Հերթական դատական նիստի ժամանակ՝ մարտի 9-ին, ցուցմունք տվեցին 4 զոհված զինծառայողների ծնողները։

Զոհված զինծառայող Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը, հայտնեց, որ որդու՝ շրջափակման մեջ հայտնվելու մասին իմացել են հոկտեմբերի 12-ին։

Լիլյա Սարգսյանը նշեց, որ ամուսինը՝ Արկադին, որդուն փնտրելու ամբողջ ընթացքի մասին գրառումներ և ձայնագրություններ է կատարել։ Դիմել են բանակի հրամանատարներին, տեղեկացրել, որ զինծառայողները շրջափակման մեջ են, բոլորն ասել են, որ տեղյակ են և զբաղվում են այդ հարցով, սակայն ոչինչ չեն արել։

Դավիթի հայրը՝ Արկադի Ադոյանը, փոխգնդապետ է եղել, որդու զոհվելուց հետո մահացել է։ Լիլյան դատարանում ընթերցեց ամուսնու գրառումները։

Սեպտեմբերի 27-ին զանգահարել են Դավիթին, սակայն անհասանելի է եղել։ Հայրը կապ է հաստատել Գարիկ Վարդերեսյանի (սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ գումարտակի հրամանատարի տեղակալ) հետ, որն ասել է, թե գումարտակն ապահով տեղում է, չանհանգստանան։

Հոկտեմբերի 1-ին կրկին խոսել է նրա հետ։ Գարիկն ասել է, որ զինծառայողները ցրված են, բայց կրկին հորդորել է չանհանգստանալ և նշել, որ նրանց հավաքում են «ինչ-որ մի տեղ»։

«Հոկտեմբերի 12-ին էրեխեն երեկոյան զանգեց, շատ կոշտ, մրսած ձայնով, սկզբից չհասկացա, որ դա իմ տղան էր և անջատեցի հեռախոսը։ Նորից զանգեց, ասեց՝ պապ, ես եմ, ասեցի՝ ի՞նչ է եղել ձայնիդ, ասաց, որ շրջափակման մեջ են, անտառում են, և ինքն ու 4 ընկերները վիրավոր են։ Հորդորել են առողջ ընկերներին, որ իրենց թողնեն, գնան, ընկերները չեն համաձայնել։ Ասաց նաև, որ գեներալների, հրամանատարների հետ են կապվել, բոլորը խոստացել են գալ ու երեխաներին օգնել, բայց արդեն չեն հավատում։ Արդեն երկրորդ օրն է՝ ոչինչ չեն անում։ Եթե կարող եմ, կապվեմ, որ ինչ-որ բան անեն։

Խառնված զանգել եմ Գարիկ Վարդերեսյանին, անհասանելի էր։ Հաջորդ օրը հավաքում էի այն համարը, որով զանգել էր տղաս, կեսօրին կապի դուրս եկա։ Վերցրեց մի տղա և ասաց, որ անունը Հարութ է (հեղ.- Հարութ Ղարախանյան, սերժանտ), խնդրեցի, որ հեռախոսը փոխանցի որդուս»,- գրել է Դավիթի հայրը։

Որդին հորն ասել է, որ ամեն բան կարգին է, եկել են Վանք գյուղ, կապվել հրամանատարության հետ, խոստացել են, որ պիտի գան փրկեն, գաղտնաբառ են փոխանցել։

«Հաջորդ անգամ զանգել եմ հոկտեմբերի 14-ին, կրկին վերցրել է Հարութը, փոխանցել որդուս, բայց հրամանատարությունը չի կարողացել և չի ցանկացել հանել երեխաներին,- Լիլյան շարունակում է ընթերցել ամուսնու գրառումը՝ հավելելով,-երեխեքը շատ վիրավորված էին, անգամ՝ մեզանից, որովհետև ես հիշում եմ՝ երեխես ասեց՝ պապ, մեր գեներալներին ասում ենք, ասում են՝ ոչ մի բան չենք կարող անել, դիմեք «Կարմիր խաչ», անընդհատ խաբել են»։

Լիլյա Սարգսյանը դատարանին ներկայացրեց այն մարդկանց անուններն ու հեռախոսահամարները, որոնք տեղեկություն են փոխանցել զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու և գտնվելու վայրի մասին և խոստացել են օգնել նրանց՝ դուրս գալ շրջափակումից։

«Ռազվեդկայից ոմն Էրիկ ասել է, որ, իր կարծիքով, երեխեքը թուրքի ձեռքն են և խոսել են թուրքի հրահանգով։ Չեմ հավատացել, քանի որ մեկ օր առաջ խոսել եմ որդուս հետ, և ամեն ինչ կարգին է եղել։ Գարիկ Վարդերեսյանի ասելով, իբր, ինքը երեք օր իր հրամանատարության հետ կռվել է, և որ ինքը 100%-ով կհանի երեխեքին, եթե թույլ տան և խումբ տրամադրեն»,- գրել է Արկադին։

Լիլյայի խոսքով՝ այդ ընթացքում ինքը գնացել է Գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել են Ալիկ Բաբայանին և փոխգնդապետ Սլավին։ Նրանք վերցրել են այդ տվյալները և ասել, որ կկապվեն Գարիկ Վարդերեսյանի հետ, հետախույզներ կուղարկեն, որ այդ հարցը լուծեն։

Կես ժամ անց Գարիկը Դավիթի հորը հայտնել է՝ ԳՇ-ից ասել են՝ այդ հարցը կլուծվի, և երեխաներին դուրս կբերեն։

Վերջին անգամ հայրը Դավիթի հետ խոսել է հոկտեմբերի 16-ին և ասել, որ սպասեն լավ բանի։

Ոչ մի լուր չունենալով՝ հոկտեմբերի 18-ի երեկոյան Դավիթի հայրը զանգել է Գարիկ Վարդերեսյանին, որն էլ ասել է, թե կապվել է սերժանտ Հարութի հետ, նա էլ ասել է՝ շարժ են նկատել, դուրս են եկել։ Գարիկը հարցրել է՝ վիրավորներին հանե՞լ եք, Հարութը պատասխանել է, որ վերջից ինքն է գնացել, այսինքն՝ ընկերներին չէին թողնի։

Հարութը հրամանատար է ուզել, որ ուղղություն ցույց տան, գնան մոտակա հայկական դիրքեր։ Գարիկը տվել է Էրիկի համարը, որն էլ ասել է՝ որ ուղղությամբ գնան, իրենց մարդ է սպասելու։

«Հոկտեմբերի 13-ից խոսել եմ Հայկազ Գրիգորյանի հետ, Արսեն Ղարիբյանի հետ, խոսել եմ Արցախի ԱԱԾ աշխատակազմի ղեկավարի հետ, որն ասել է, որ խնդրից տեղյակ է, ում պետք է, կփոխանցի։

Խոսել եմ նաև Իշխան Վահանյանի հետ, որը նույնպես ասել է, որ տեղյակ է, գաղտնաբառը փոխանցված է, կատարվում են գործողություններ զինծառայողներին փրկելու համար»,- նշված է Դավիթի հոր գրառումներում։

Զոհված զինծառայողի մայրը՝ Լիլյան հայտնեց, որ անձամբ խոսել է նաև Արծրուն Հովհաննիսյանի հետ, հայտնել զինծառայողների վիճակի մասին։ Նա էլ ասել է, թե զինծառայողներն ապահով տեղում են, չանհանգստանան։

«Խոսել ենք նաև Կարեն Առստամյանի հետ։ Ասում էր՝ ինքը տեղյակ չի՞, տեղյակ է, պարոն դատավոր։ Ասում էր, որ ամեն ինչից տեղյակ է և դրանով զբաղվում է։ 

Խոսել եմ գեներալ Դավիթ Մանուկյանի հետ, որը ևս վստահեցրել է, որ տեղյակ են, խումբը կազմված է, ամեն ինչ անելու են, որ երեխեքին հանեն, բայց, ցավոք, ինձ խաբեցին։

Այդքանից հետո նոյեմբերի 23-ին գնացել եմ Գլխավոր շտաբ, հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ, խնդրել՝ կապվի Մուրադովի հետ, որ միջանցք բացի, որ կարողանան երեխեքին հանեն, քանի որ, բացի մեր երեխաներից, կային նաև այլ զինվորներ։ Մուրադովն ասել է, որ ինքն իրավունք չունի, պետք է, որ առաջինը, այսինքն՝ վարչապետը դիմի իրենց առաջինին՝ Պուտինին, որն էլ հրաման տա, որ կարողանան այդ գործողությունը կատարել։

Նոյեմբերի 26-ին ծնողների՝ Վրույրի և Ռուստամի հետ գնացել էինք Արցախ որոնողական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Նոյեմբերի 27-ի առավոտյան ԱԻՆ-ի աշխատակիցները մեզ ասացին, որ դիակներ են բերել Ստեփանակերտի մորգ, գնանք տեսնենք՝ մեր երեխե՞քն են, թե ոչ։ Գնացինք, տեսանք՝ դիակներից երկուսը թարմ խփված, մյուսները՝ 20-25 օրվա, սկզբից նայեցինք, չճանաչեցինք, դուրս եկանք։ Ռուստամն ասեց՝ սպասեմ, ծխի, նոր գնանք։ 20 րոպե սպասելով ու տեսնելով, որ Ռուստամը չի գալիս, մտա ներս և տեսա, որ առաջին դիակը շրջել են մեջքի վրա։ Քննիչներն ասեցին, որ Ռուստամը ճանաչել է որդու դին։ Պատերազմից հետո խփված երեխեք են, պարոն դատավոր։ Ռուստամը որդու դիակի հետ եկավ Երևան»,- ընթերցելով ամուսնու գրառումները՝ նշեց Լիլյան։

Դավիթի եւ մյուսների ծնողները վերադարձել են Երևան, ցանկացել հանդիպել վարչապետին, սակայն չեն կարողացել։ Միայն դեկտեմբերի 20-ին է հաջողվել հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ ասել է՝ ամեն ինչ անում են այդ ուղղությամբ։

Լիլյան պատմեց, որ երբ ամուսինը նոյեմբերի 23-ին հանդիպել է Օնիկ Գասպարյանին, այդ ժամանակ իմացել են, որ Հարութ Ղարախանյանը զանգել է «Ղարաբաղ տելեկոմ» և տեղեկացրել, որ իրենք ողջ են։

Լիլյայի խոսքով՝ իրենք խոսել են նաև Իշխան Վահանյանի հետ, որն ասել է, թե զինծառայողներին շրջափակումից հանել են։

«Նոյեմբերի 13-ին գնացել եմ Արցախ՝ հավատով, որ երեխեն կա, հանել են, հասանք Հերհեր, զինվորներին տեսանք էնտեղ, տեսանք, որ Դավիթս անհետ կորածների ցուցակում էր։

Հետո, երբ վեց երեխեքը դուրս են եկել շրջափակումից, իրենք են Դավիթի տեղն ասել։ Ամուսինս դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում խոսել է զինծառայողների հետ, ովքեր ասել են, որ մոտավոր ամսաթվով Դավիթը վիրավորվել է հոկտեմբերի 10-ին, զոհվել՝ նոյեմբերի 28-ին։

Դավիթը ոտքից վիրավոր է եղել, ընկերները ծածկոցով են տեղաշարժել։ Դավիթն ընկերներին ասել է՝ գնացեք, ճեղքեք, դուրս եկեք, ես ձեր թիկունքը կպահեմ։ Ցավս էն ա, որ եթե էդ երեխեքի գլխին լինեին իրական սպաներ, մենք էդ հողերն էլ չէինք տա, էդքան զոհեր էլ չէինք տա։

Հարգելի պետություն, ես իմ երեխուն քեզ եմ վստահում, բա վստահել եմ ձեզ, վստահել եմ քեզ, ո՞ւր ա երեխես, արա։ Սրա նմաններին դատեք»,- շրջվելով ամբաստանյալ Իշխան Վահանյանի կողմը՝ ասաց զոհված Դավիթ Ադոյանի մայրը։

«Իմ տղան 6-7 ամիս մնացել ա Կապանի մորգում, թող մի հատ թուղթ գրեին, դնեին ջեբը»

Զոհված զինծառայող Արման Գաբրիելյանի հոր՝ Բենիկ Գաբրիելյանի խոսքվ՝ երբ պատերազմը սկսվեց, որդին 2 ամիս, 10 օրվա զինծառայող էր։

«Հոկտեմբերի 3-ին եմ խոսել տղայիս հետ, ինձ ասեց՝ պատերազմ ա սկսվել, նահանջ տալով՝ բերում են սպաները»,- ասաց Արմանի հայրը։

Որդու հետ Բենիկի հաջորդ խոսակցությունը եղել է հոկտեմբերի 5-ին, Հադրութի դպրոցում է եղել, ասել է, որ մի քանի օր հետո իրենց պիտի տանեն դիրքեր։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ պատերազմից առաջ զինծառայողների զինգրքույկները հավաքել են՝ հայրը վրդովված ասաց. «Իմ տղան 6-7 ամիս մնացել ա Կապանի մորգում, թող մի հատ թուղթ գրեին, դնեին ջեբը»։

Շրջափակման մեջ հայտնված զինծառայողն ասել է՝ «ուզում ենք գանք, Շուշիով դուրս գանք, պատասխանել են՝ Շուշին գրավված է, պատերազմն էլ՝ ավարտված»

Զոհված զինծառայող Արտաշես Այվազյանի հայրը՝ Ռուստամ Այվազյանը հայտնեց՝ վերջին անգամ Արտաշեսի հետ հոկտեմբերի 16-ին են խոսել։

«Եղբորն էր զանգել, ասեց՝ պապ, մի վեց օր ա մեր մոտ ոչ մեկ չի գնացել-եկել, մենք շրջափակման մեջ ենք»,- նշեց Ռուստամը։

Որդին հայտնել է՝ մոտ 20 հոգով են եղել, իրենց հետ սպաներ չեն եղել, միայն եղել է վիրավոր սերժանտը՝ Հարութ Ղարախանյանը։

Ինչպես պատմում է Ռուստամը, Հարութ Ղարախանյանը նոյեմբերի 24-ին զանգել է բարեկամի տուն, ընկերոջն է հարցրել, ասել են՝ զոհվել է։ 

«Հարութն ասել է՝ ուզում ենք գանք, Շուշիով դուրս գանք, պատասխանել են՝ Շուշին գրավված է, պատերազմն էլ՝ ավարտված»։

Ռուստամի որդու՝ Արտաշեսի մարմինը փոխանցել են նոյեմբերի 27-ին։

Զոհված Ռաֆայել Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը պատմեց, որ երբ որդին Հադրութի դպրոցում է եղել, խոսել է մոր հետ և ասել, որ պետք է բարձրանան դիրքեր։

«Հոկտեմբերի 10-ին զանգեց, ասեց, որ շրջափակման մեջ են Հադրութի սպիտակ եկեղեցու տարածքում, ձորակի մեջ։ Եղել են 18 հոգով, որից 7-ը, եթե չեմ սխալվում, ծայրահեղ ծանր վիճակում են եղել»,- ասաց նա։

Շրջափակման հաջորդ օրը ծնողները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արցախի ԱԻՆ-ը փորձել է շրջափակումից հանել զինծառայողներին։ Վարդուհի Մանուկյանի խոսքով՝ երկու ուղղությամբ պետք է ԱԻՆ-ը գնար, սակայն մի ուղղությամբ են գնացել, դիվերսիա է եղել, մյուս ուղղությամբ այլևս չեն գնացել։

Վարդուհին պատերազմից հետո գնացել է Հերհեր գյուղ, որտեղ Հադրութի և Ջրականի ողջ մնացած զինծառայողներն էին, խոսել է զինծառայողների հետ, բոլորը նշել են՝ Վահանյանը փախել է, այդ պատճառով էլ շատ զոհեր են ունեցել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 20-ին՝ ժամը 13-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter