Զգուշացրել-գնացել էր երեխա որդեգրելու, տնօրենը նկատողություն է տվել
Աննա Մակարյանն աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում։ Աննան ու ամուսինը որոշել էին երեխա որդեգրել։ Անցել էին նախապատրաստական բոլոր փուլերը։ Որդեգիր ընտանիքների համար նախատեսված դասընթացի էին մասնակցել, Երևանի քաղաքապետարանից թույլտվություն էին ստացել այցելելու Գավառի մանկատուն:
Գավառի մանկատան հետ պայմանավորվել էին տեսակցել սաներից մեկին՝ հետագայում նրան որդեգրելու նպատակով։ Սակայն գործընթացը չէր անցել պլանավորածի պես, քանի որ Աննայի աշխատավայրում որոշ խոչընդոտներ էին առաջացել։
Աննան ուզում էր մի քանի օր այցելել մանկատուն, շփվել երեխայի հետ։ Քանի որ դա կարող էր տեղի ունենալ միայն աշխատանքային օրերին, նա պետք է արձակուրդ վերցներ։ Այս տարվա հունվարի 27-ին Աննան գրավոր դիմում է ինստիտուտի տնօրեն Դավիթ Հարությունյանին իր հասանելիք ամենամյա արձակուրդից 5 օր տրամադրելու խնդրանքով, սակայն նրան մերժում են` նշելով, որ ոչ ամբողջական արձակուրդ կարող է տրամադրվել միայն, եթե առկա է և՛ գործատուի և՛ աշխատողի համաձայնությունը, իսկ գործատուն դեմ է, քանի որ այդպիսով կխախտվի աշխատանքի անընդհատությունը։
Հաջորդ օրը Աննան նորից է դիմում՝ խնդրելով տրամադրել ամբողջական արձակուրդ, սակայն կրկին մերժվում է։
Քանի որ արդեն պայմանավորվել էր փետրվարի 1-ին այցելել մանկատուն, այդ օրը տնօրենին գրավոր ծանուցում է, որ ժամը 13:30-ին պատրաստվում է գնալ Գավառի մանկատուն` սաներից մեկին տեսակցելու նպատակով և աշխատանքային օրվա մնացած մասն աշխատավայրում չի լինելու՝ խնդրելով իր բացակայությունը համարել հարգելի։
Տնօրենից մերժման որևէ գրություն Աննան չի ստանում։ Գավառի մանկատնից նա տեղեկանք է բերում, որ փետրվարի 1-ին, ժամը 15:30-16:40 գտնվել է այնտեղ։ Փետրվարի 2-ին ծանուցվում է գրավոր հիմնավորել, թե ինչու էր ինքնակամ լքել աշխատանքի վայրը, սակայն նախորդ օրը գրավոր արդեն իսկ ծանուցել էր տնօրենին և պաշտոնական մերժում չէր ստացել:
Փետրվարի 6-ին Աննան տեղեկանում է, որ տնօրինության կողմից ենթարկվել է կարգապահական տույժի՝ նկատողություն է ստացել առանց տեղյակ պահելու աշխատանքային օրվա ընթացքում աշխատավայրը լքելու համար։ Աննան փետրվարի 16-ին դիմում է ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը՝ որպես վերադաս մարմնի եւ խնդրում չեղարկել նկատողությունը, կցում է բոլոր փաստաթղթերը, իր տնօրինությանն ուղղված դիմումները, Գավառի մանկատան տեղեկանքը, բայց Ակադեմիայի ղեկավարությունից որևէ պատասխան չի ստանում։
Երկրորդ նկատողությունից հետո նրան կարող են աշխատանքից ազատել, իսկ եթե աշխատանք չունենա, Աննան չի կարող երեխա որդեգրել։
«Մենք բոլոր թույլտվությունները ստացել ենք, գնահատվել է մեր ֆինանսական վիճակը, երկուսս էլ աշխատում ենք, կարող ենք ապահովել որդեգրած բալիկին, բայց հիմա ստացվում է, որ եթե ինձ մի նկատողություն էլ տան, էլի ինչ֊որ անհիմն պատճառով, կարող են հեռացնել աշխատանքից, ու ես չեմ կարողանա երեխա որդեգրել»,-ասում է նա։
Աննա Մակարյանի խոսքով, իր եւ տնօրենի` Դավիթ Հարությունյանի հարաբերությունները վատացել են, երբ նախորդ տարի տնօրենի ընտրության ժամանակ ինքը քվեարկել է այլ թեկնածուի օգտին։ Բացի այդ, Աննա Մակարյանը տնօրենին տեղեկացրել է, որ տնօրենի և ինստիտուտի գիտական քարտուղարի համատեղ հոդվածում, որը տպագրված է ինստիտուտի ժողվածուի երկրորդ համարում, առկա են արտագրության դեպքեր։ Դրա հետեւանքով ժողովածուն կարող է դուրս մնալ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) կողմից հրապարակվող ընդունելի պարբերականների ցանկից։ Այդ դեպքից հետո Աննա Մակարյանի և ղեկավարության հարաբերությունները խիստ լարվել են:
«Գերմանիայում աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մի նախարար, որի ատենախոսությունում գրագողության մի քանի դեպք էին հայտնաբերել, բայց, փաստորեն, մեր ինստիտուտում գրագողությունը ոչ միայն անընդունելի չէր, այլև աչք է փակվել դրա վրա»,-ասում է ավագ գիտաշխատողը։
Մանրամասները Աննա Մակարյանը պատմում է տեսանյութում։
Մեկնաբանել