HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Խլոցի» և «քցոցի» բառերի համար դատարանը փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կկիրառի

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 10-ին, շարունակվեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ 

Նիստը նախագահում էր դատավոր Կարապետ Բադալյանը, դատախազության ներկայացուցիչներն էին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը, նույն վարչության տնտեսագետ Արթուր Կարապետյանը։ Պատասխանող կողմի ներկայացուցիչներն էին՝ փաստաբաններ Արամազդ Կիվիրյանը և Լուսինե Սահակյանը։

Ինչպես նախորդ նիստի ժամանակ, այնպես էլ այս նիստին պատասխանողի ներկայացուցիչներն առարկեցին, որ նիստը լուսանկարահանվի, սակայն դատարանը «Հետքի» թղթակցի միջնորդությունը մասնակի բավարարեց՝ թույլատրելով լուսանկարել միայն դատարանին և հայցվոր կողմին։

Դատարանը հայտնեց, որ առանձին ակտի ձևով բավարարել է նախորդ նիստին դատախազության ներկայացրած միջնորդությունը՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության մասին, ինչպես նաև ստացել է պատասխանողների ներկայացուցիչների պատասխանը։ 

Մինչև գործի քննությունը շարունակելը, դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նոր միջնորդություն ներկայացրեց, որը բաղկացած էր հետեւյալ 4 հարցից՝

  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արամ Վարդանյանը 1992 թվականի փետրվարի 11-ից մինչև 2011թ․ դեկտեմբերի 14-ը ամուսնացած է եղել Ալինա Գևորգյանի հետ և նշված ժամանակահատվածում կատարել է գույքային ձեռքբերումներ, որոնց բռնագանձման պահանջ է ներկայացվել դատախազության կողմից, անհրաժեշտ է Ալինա Գևորգյանին ներգրավել որպես նոր պատասխանող։ 
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ հայցադիմումի նյութաիրավական պահանջ է ներկայացվել բռնագանձելու Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայում գտնվող 2 անշարժ գույքերի օտարումից ստացված դրամական միջոցները, անհրաժեշտ է գնորդին՝ Վարդան Հովսեփյանին ներգրավել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ։ Քանի որ գործով կայացվող վճիռը կարող է ազդել պատասխանող Ելենա Վարդանյանի հանդեպ նրա ունեցած պարտականության վրա և հանգեցնել նոր պարտականության ծագման։
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020թ․ կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա 2021թ․ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/9 հասցեում գտնվող տարածքի քառորդ մասի վրա գրանցվել է «Ակբա» բանկի սեփականության իրավունքը, այսինքն՝ դատախազության հայցադիմումում նշված բռնագանձման ենթակա գույքի սեփականատերը փոխվել է, անհրաժեշտ է համապատասխան դատական ակտով նշված գույքի նկատմամբ կիրառված ապահովման միջոցը վերացնել։ 
  • Թույլատրել կատարել հայցի առարկայի փոփոխություն։ Այսինքն՝ վերոնշյալ տարածքի քառորդ մասի բռնագանձման պահանջից հրաժարվել, սակայն գույքի միջին շուկայական արժեքի՝ 120 մլն 405 հազար դրամի բռնագանձման պահանջը թողնել անփոփոխ։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը հարցրեց դատախազին, թե ինչու է դատախազությունը մի դեպքում, երբ անշարժ գույքն անցել է բանկին, հրաժարվում իր պահանջից, իսկ մյուս դեպքում, երբ 2 գույք անցել է այլ գնորդի՝ Վարդան Հովսեփյանին, չի հրաժարվում իր պահանջից։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանն ասաց, որ Վարդան Հովսեփյանին անցած գույքերը բռնագանձման ենթակա չեն, քանի որ առուվաճառքի պայմանագիր է կնքվել՝ տարաժամկետ վճարման եղանակով։ Դատախազի խոսքով՝ գույքը պետք է փոխակերպվի, դառնա գումար, իսկ այդ գումարը, որը դեռ չի վճարվել, ապօրինի ծագում ունի և ենթակա է բռնագանձման։ «Ելենա Վարդանյանը որպես վաճառող դեռ պիտի գումարը ստանա։ Այսինքն՝ գումարը ստանալու պահանջի իրավունքն է բռնագանձման ենթակա։ Եվ քանի որ հնարավոր է հետագայում Վարդան Հովսեփյանը ունենա փոփոխություններ՝ իրավունքների և պարտականությունների ծավալի մասով, այդ պատճառով իրավասու մարմինն անհրաժեշտ է համարել նրան որպես երրորդ անձ ներգրավելու միջնորդություն ներկայացնել»,- ասաց նա։ 

Արամազդ Կիվիրյանն ասաց, որ եթե դատախազությունը կարծում է, որ մի դեպքում բանկի սեփականության իրավունքը գրանցվել է տվյալ գույքի նկատմամբ, իսկ Վարդան Հովսեփյանի սեփականության իրավունքը դեռևս չի գրանցվել, ապա տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի կնքման ժամանակ ևս տեղի է ունենում սեփականության իրավունքի փոխանցում։ 

Նելլի Տեր-Թորոսյանն ասաց, որ սեփականության իրավունքի փոփոխության մասին չի խոսել և հորդորեց չաղճատել իր խոսքերը։

Պատասխանողների ներկայացուցիչների կարծիքով՝ նման միջնորդությունները պետք է ներկայացվեն և քննարկվեն առանձին-առանձին։ Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ ներկայացված միջնորդությունը հիմնավորված և պատճառաբանված չէ։ 

Լուսինե Սահակյանն ասաց, որ դատախազության ուսումնասիրությունը մինչև հայցադիմում ներկայացնելը լիարժեք կատարված չի եղել։ «Ամեն դատական նիստին գալիս ենք, մի նոր փոփոխություն է տեղի ունենում, նոր միջնորդություններ են ներկայացվում՝ հայցի առարկայի ավելացման, պակասեցման, հայցապահանջից հրաժարման, անձանց ներգրավման և այլնի մասին։ Սա նշանակում է, որ ուսումնասիրությունը լիարժեք չի եղել»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ այս նույն տրամաբանությամբ դատախազությունն ընդհանրապես չի պարզել՝ բռնագանձման ենթակա եկամուտները օրինակա՞ն են եղել, թե՝ ոչ։ «Նույնիսկ այն բանից հետո, երբ մենք ներկայացրել ենք ապացույցներ, որ բոլոր գույքերն օրինական եկամուտներով են ձեռք բերվել, դատախազությունը շարունակում է պնդել հայցապահանջը, և սա ոչ թե սովորական քաղաքացիական գործընթաց է, որտեղ կողմերը ղեկավարվում են օրենքով, այլ ընդամենը հնչեղություն տալու համար գործընթաց է, և սրա անունը «խլոցի» է, որ ուղղակի ցանկանում եք ինչ-որ մեկից ինչ-որ մի բան խլել՝ տպավորություն թողնելով, թե բռնագանձումներ եք իրականացնում»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Դատավոր Կարապետ Բադալյանը Լուսինե Սահակյանին ասաց, որ հայցադիմումը «խլոցի» գնահատելն անհարգալից վերաբերմունք է հայցվորի և դատարանի նկատմամբ։ «Ես Ձեզ ուղղակի զգուշացնում եմ, որ անթույլատրելի է դա, այսուհետև նման արտահայտություններ անելիս զգույշ եղեք և չկիրառեք նման արտահայտություններ»,- ասաց Բադալյանը։

Լուսինե Սահակյանն այս կապակցությամբ ցանկացավ հայտարարություն անել, սակայն դատարանը չթույլատրեց։ Սահակյանը շարունակեց․ «Հարգելի դատարան, եթե մի բանը «խլոցի» է, դրա անունը «խլոցի» է»։ Դատավոր Կարապետ Բադալյանն ասաց․ «Դուք ինքներդ՝ որպես իրավաբան, շատ լավ գիտեք՝ «հայց ներկայացնելն» ու «խլոցին» իմաստային ինչ տարբերություններ ունեն։ Ձեզ նորից եմ ասում՝ այդ բառն այլևս չօգտագործեք»։ Լուսինե Սահակյանը պնդեց․ «Ես նորից եմ օգտագործում՝ սա «խլոցի» է և դասական»։

«Քանի որ Դուք անհարգալից վերաբերմունք դրսևորեցիք, դատարանի զգուշացումից հետո շարունակեցիք օգտագործել այդ բառը, որն անհարգալից վերաբերմունք է և՛ կողմի, և՛ դատարանի նկատմամբ, դատարանն անցնում է դատական սանկցիայի կիրառմանը»,- ասաց դատավոր Կարապետ Բադալյանը՝ նշելով, որ եթե Լուսինե Սահակյանն ընդունի իր արարքի հակաիրավական լինելը, դատարանը կարող է սպառված համարել հարցը։

Լուսինե Սահակյանը չընդունեց: «Եթե ես արձանագրում եմ փաստեր, որ իմ վստահորդը ներկայացրել է ապացույցներ, որ ձեռքբերված բոլոր գույքերն օրինական են, և դա փաստաթղթավորված է, իսկ դատախազությունը շարունակում է իր հայցադիմումը պնդել և չհրաժարվել հայցից, բացի դրանից՝ եթե դատախազությունն ասում է, որ օրինակ՝ գույքերից մեկը ձեռք է բերվել 68 % օրինական եկամուտով և 32% անօրինական եկամուտով, բայց խնդրում է բռնագանձել 100%-ը, ես իրավունք ունեմ այստեղ փաստելու, որ սա դասական «խլոցի» է»,- ասաց նա։

Լուսինե Սահակյանն անհիմն համարեց դատարանի այն պնդումը, որ եթե հայցադիմումն ընդունվել է վարույթ, ուրեմն դրա օրինական բնույթը նկատի է ունեցել։ «Այդ նույն դատարանը ներկայացված հայցադիմումն ու պահանջները արդեն 2-րդ անգամ փոխել է, այսինքն՝ այն պահանջը, որ ներկայացված է եղել ի սկզբանե, արդեն իսկ օրինական չի եղել»,- ասաց նա։ Միաժամանակ դժգոհություն հայտնեց նիստերը դռնփակ կարգով անցկացնելու մասին նախկինում իրենց ներկայացրած միջնորդությունը մերժելու կապակցությամբ՝ նշելով, որ դատախազությունը սկզբում  համաձայնել է, ապա փոխել է դիրքորոշումը՝ հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը և անտեսելով գործում անձնական գաղտնիքների հանգամանքը։ «Սա դասական «խլոցի» է, «խլոցի» կասեք, թե «քցոցի» կասեք, դա ունի իր անունը։ Ես էլ իմ իրավունքն ունեմ ասելու, խոսքի ազատությունը դեռ ոչ ոք չի սահմանափակել, հարգելի դատարան։ Դուք էլ իրավունք չունեք սահմանափակելու»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Դատավոր Կարապետ Բադալյանը նշեց, որ դատարանն այն հարթակը չէ, որտեղ խոսքի ազատության իրավունքն է գործում. «Այստեղ գործի քննության հստակ կանոններ կան։ Ձեր խոսքի ազատության իրավունքը կարող եք իրականացնել դատարանի դահլիճից դուրս»։

Քանի որ զգուշացվելուց հետո Լուսինե Սահակյանը շարունակաբար օգագործեց «խլոցի» բառը, ապա նաև՝ «քցոցի»-ն, դատավորն առանձին դատական ակտով սանկցիայի մասին որոշում կկայացնի։

Իսկ դատախազի ներկայացրած միջնորդության այն մասը, որը վերաբերում էր հայցի առարկայի փոփոխությանը, դատարանը բավարարեց։ Միջնորդության մյուս կետերի մասով դատարանը որոշում կկայացնի առանձին դատական ակտով։

Գործով հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 3-ին՝ ժամը 10։00-ին։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter