HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Այս ֆիլմը գնդակահարված մանկության մասին է». Տարկովսկու ֆիլմերի ցուցադրությունը Երևանում

«Այն, որ կինոյի օգնությամբ կարելի է արտահայտվել ինչպես պոեզիայի, գրականության միջոցով, ես չգիտեի, չէի զգացել։ Ես նկարում էի իմ առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Իվանի մանկությունը», և, փաստորեն, չգիտեի, թե ինչ է ռեժիսուրան։ Դա շատ հուզիչ ընթացք էր։ Փնտրում էի, փորձում էի գտնել պոեզիայի հետ շփման պահեր։ Եվ հանկարծ զգացի, որ կինոյի օգնությամբ կարելի է դիպչել սեփական հոգևոր հիմքերին։ Հետևաբար, ինձ համար «Իվանի մանկության» հետ կապված այս փորձը շատ կարևոր էր, մինչ այդ ես բացարձակապես չէի պատկերացնում, թե ինչ է կինեմատոգրաֆիան։ Իրականում, նույնիսկ հիմա վստահ չեմ, որ գիտեմ, թե ինչ է այն»,-ասել է Անդրեյ Տարկովսկին մահվանից երեք տարի առաջ՝ 1983թ.ին տված հարցազրույցում։

 

20-րդ դարի մեծագույն ռեժիսորներից` Անդրեյ Տարկովսկին նկարել է ընդամենը յոթ լիամետրաժ ֆիլմ, որոնք, սակայն, մեծապես ազդել են համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա։

Ռեժիսորի առաջին մեծ ֆիլմ նկարելու փորձը եղել է «Իվանի մանկություն»-ը. 28-ամյա ՎԳԻԿ-ի շրջանավարտ Տարկովսկուն «Մոսֆիլմն» առաջարկել էր վերանկարահանել գրող, պատերազմի վետերան Վլադիմիր Բոգոմոլովի «Իվան» պատմվածքի հիման վրա ֆիլմը (իրենից առաջ նկարահանված ֆիլմը համարվել էր անպետք, ամբողջ նյութը ոչնչացվել էր

Այն հայրենական պատերազմում ընտանիքը կորցրած 12-ամյա տղայի՝ Իվանի մասին է, ով դարձել էր հետախույզ և կատարում էր ամենավտանգավոր առաջադրաքները։ Տարկովսկին առաջարկում է սցենարի մեջ լրացում, որի ընդունման դեպքում միայն կհամաձայնվի նկարել. «Իվանը տեսնում է երազներ. սցենարի մեջ պետք է ավելացվեն տղայի երազները»,-ասում է Տարկովսկին։

Պատվիրատուները համաձայնվում են, իսկ սցենարի մեջ արված լրացումը դառնում է Տարկովսկու ֆիլմի առանցքային մասը։

«Իվանի մանկություն» -ը  ցուցադրվում է մեծ էկրաններին 1962թ.-ին։ Տարկովսկու այս ֆիլմը շատ էր տարբերվում խորհրդային պատերազմական  ժանրում իրենից առաջ արված աշխատանքներից։ Տարկովսկու ֆիլմում ամբողջ սյուժեն կարծես ծառայում է և կենտրոնացած է Իվանի (դերասան՝ Նիկոլայ Բուրլյաև)՝ ներաշխարհի վրա։

Ֆիլմում  ներկայացվում է պատերազմը՝ իր ողջ արհավիրքով, բայց միևնույն ժամանակ ֆիլմում գրեթե չկան պատերազմական տեսարաններ։ Այն կառուցված է պատերազմից վայրկյաններ առաջ Իվանի անհոգ մանկության և արդեն պատերազմի մեջ ամեն ինչ կորցրած Իվանի ապրումների հակադրության վրա։

Այդ դիսոնանսը ցույց տալու համար ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու և օպերատոր Վադիմ Յուսովի գտած լուծումները, կադրի և մոնտաժի հնարքները դեռ երկար են մեջբերվելու և վերլուծվելու մասնագետների ու կինոսերների կողմից։ 

«Իվանի մանկությունը» ֆիլմով Տարկովսկին նախանշեց իր ձեռագիրը, կինոլեզուն, որը հետք էր թողնելու համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։ Ռեժիսորով հիանում և մինչ օրս իրենց ֆիլմերում են մեջբերում, օրինակ, Լար Ֆոն Թրիերը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Թերենս Մալիքը և այլք։

1962թ.-ին Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը» դեբյուտային ֆիլմն արժանանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին ՝«Ոսկե առյուծին»։ Այդ տարի նոմինանտների թվում էին այնպիսի կայացած ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են՝ Ժան Լյուկ Գոդարը և Պիեռ Պաոլո Պազոլինի։

«Այս ֆիլմը պատերազմի դեմ է, պատերազմի, որը խախտում է կյանքի բնական ընթացքը և սպանում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Այս ֆիլմը գնդակահարված մանկության մասին է, մեր ապագայի, աշխարհի ապագայի մասին է».- Վենետիկի կինոփառատոնին այսպես է իր ֆիլմը ներկայացրել Անդրեյ Տարկովսկին։

Երևանում՝ Կինոյի տանը, մարտի 10-19-ն անցկացվում է Անդրեյ Տարկովսկու ռեստավրացված  ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

«Ամեն ֆիլմի վրա աշխատում են մի քանի մասնագետ, այն տևում է ամիսներ. նպատակն ինչ-որ բան փոխել կամ ավելացնելը չէ, մենք դրանք վերադարձնում ենք այն տեսքին, ինչպիսին, որ կար էկրան բարձրանալու պահին»,- ցուցադրության բացման ժամանակ հայտնեց  «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի ներկայացուցիչ Ելենա Օրյոլը։

Բացմանը ցուցադրված «Իվանի մանկությունը» ֆիլմի դիտումն այս օրերին պատերազմ ապրած, ապրող իրակնության մեջ շատ ավելի ազդեցիկ էր, իսկ ֆիլմի վերջում ավագ լեյտենանտ Գալցևի հարցը մնում է օդի մեջ կախված. «Մի՞թե սա վերջին պատերազմը չէ երկրի վրա»։

Ռեժիսորի ֆիլմերը Երևանի Կինոյի տանը կցուցադրվեն մինչև մարտի 19-ը։ Ամեն ցուցադրությունից հետո լինելու է ֆիլմի քննարկում՝ կինոքննադատ Մաքսիմ Սելեզնյովի հետ։

 

Ցուցադրությունն անցկացնում է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնը՝ շվեդական կինոինստիտուտի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter