HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին` սահմանի երկայնքով ռազմական ինքնաթիռի թռիչքի համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Բաքվում Իրանի դեսպանին՝ երկու երկրների պետական սահմանով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի համար։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է շաբաթ օրը՝ մարտի 11-ին։

«Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը մարտի 11-ին` ժամը 09:44-ից մինչև 10:26-ն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանաիրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանից մինչև Բիլյասուվարի շրջան և հակառակը։ Ինքնաթիռը թռել է երկու երկրների պետական սահմանից 3-5 կիլոմետր հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ պետական սահմանի ուղիղ վրայով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը նշել է, որ շաբաթ օրը՝ մարտի 11-ին, Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն ու նրան է փոխանցվել բողոքի համապատասխան նոտան։

Հաղորդագրության մեջ ադրբեջական կողմը պնդում է, որ պետական սահմանին իրանական ռազմական ինքնաթիռի նման մոտենալը և սահմանագծի վրա դրա թռիչքը «սպառնալիք է ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ծառայում երկկողմ հարաբերությունների հետագա սրմանը»։ «Ռազմական ինքնաթիռի՝ ավելի քան կեսժամանոց թռիչքը բռնազավթումից ազատագրված ադրբեջանական տարածքների մոտով (խմբ․-նկատի ունեն Արցախի գրավված տարածքները), հանդիսանում է սադրանք և ոչ բարեկամական վարքագիծ Ադրբեջանի նկատմամբ»,- ասված է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմն Իրանից պահանջել է համապատասխան բացատրություններ տրամադրել և «խուսափել ապագայում նման սադրիչ գործողություններից»։

Իրանական կողմը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Երկու երկրների հարաբերությունները դարձյալ լարվել են այս տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա զինված հարձակման պատճառով։ Բաքուն Իրանին մեղադրում է անփութության մեջ՝ նշելով, որ այդ երկիրը պատշաճ քայլեր չի ձեռնարկել դեսպանության անվտանգության ապահովման համար։

Լուսանկարը՝ AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter