HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանի խորհրդարանը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը հաստատել է Չինաստանի կառավարության նոր կազմը՝ նշանակելով նոր փոխվարչապետներին, Պետական խորհրդի անդամներին, նախարարներին ու հանձնաժողովների ղեկավարներին։ Ըստ Xinhua գործակալության՝ վարչապետի նոր պաշտոնը կզբաղեցնի Շանհայի նախկին կառավարիչ Լի Ցյանը։

Պարբերականը գրում է, որ ամբողջությամբ փոփոխվել է փոխվարչապետների կազմը։ Այդ պաշտոններին նշանակվել են՝ Դին Սյուեսյանը, Հե Լիֆենը, Չժան Գոցինը և Լյու Գոնչժուն։ Փոփոխվել է նաև Պետական խորհրդի կազմը։ 

Ցին Գանը, որը 2022 թվականի դեկտեմբերին նշանակվել էր Չինաստանի արտաքին գործերի նախարար, պահպանել է իր աթոռը։ Բացի այդ, պաշտոններում վերանշանակվել են նաև ազգային անվտանգության նախարար Չեն Իսինը, ֆինանսների նախարար Լյու Կունը, առևտրի նախարար Վան Վենտաոն։ Գլխավոր նշանակումներից մեկը դարձել է պաշտպանության նախարարի պաշտոնում Լի Շանֆուի նշանակումը, որի նկատմամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր սահմանել։ Չինաստանի զարգացման և բարեփոխումների պետական հանձնաժողովի նախագահ էլ նշանակվել է Չժեն Շանցզեն, իսկ Ազգային բանկի տնօրեն՝ Ի Գանը։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը մի քանի օր առաջ երրորդ անգամ ընտրվել էր Չինաստանի նախագահի պաշտոնում, արդեն իսկ ստորագրել է վարչապետի պաշտոնում (Չինաստանի պետական խորհրդի վարչապետ) Լի Ցյանի նշանակման հրամանագիրը։ 

Այդ պաշտոնում նա փոխարինել է Լի Կեցյանին, որը չինական կառավարությունը գլխավորում էր 2013 թվականից։ Նրա հնգամյա վարչապետության երկրորդ ժամկետը լրանում էր 2023 թվականին։ Չինաստանի օրենսդրությունն արգելում է վարչապետի պաշտոնն զբաղեցնել երկու անգամից ավելի ժամկետով։ 

Մինչ վարչապետի պաշտոնն զբաղեցնելը, Լի Ցյանը ղեկավարում էր Շանհայը։ Նա, մասնավորապես, պատասխանատու էր այդ քաղաքում կորոնավիրուսի համավարակի ժամանակ հայտարարված կարանտինի համար։

Լի Ցյանի քաղաքական կարիերան վերջին 20 տարվա ընթացքում սերտորեն կապված է Սի Ծինփինի հետ։ Քաղաքագետները կանխատեսում էին, որ հենց Լի Ցյանը կգլխավորի չինական կառավարությունն այն բանից հետո, երբ մարտի 10-ին Ծինփինը դարձավ Չինաստանի պատմության առաջին առաջնորդը, որն այդ պաշտոնում վերընտրվեց երրորդ անգամ։ Ի տարբերություն Պետական խորհրդի վարչապետի, Չինաստանի նախագահի համար այդ սահմանափակումն ավելի վաղ վերացվել էր։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter