HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

2012թ. առաջին եռամսյակում 1000 բնակչի հաշվով արձանագրվել են 6 ամուսնություն և 1 ամուսնալուծություն

2012թ. առաջին եռամսյակում գրանցված ամուսնությունների թիվն աճել է 1.4%-ով և կազմել 4668 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 4604 դեպք: 0.4%-ով աճել է նաև ամուսնալուծությունների թիվը: Արձանագրվել է 779 դեպք՝ նախորդ տարվա 776 դեպքի դիմաց:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս վիճակագրությունը ներկայացրեց Վիճվարչության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա նշեց, որ 1000 բնակչի հաշվով արձանագրվել են 5,7 պրոմիլ, այսինքն՝ շուրջ 6 ամուսնություն և 1 ամուսնալուծություն:

Կ. Կույումջյանի խոսքերով՝ 90-ականներին ամուսնության գործակիցը եղել է 4.4 կամ 3.9 պրոմիլ: 2006-2007թթ. թիվն աճել է: Իսկ դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանը հավելեց, որ 80-ականներին այդ ցուցանիշը եղել է շուրջ 10 պրոմիլ:

Դեմոգրաֆն առաջարկում է վերապահումով վերաբերել այս ցուցանիշերին, քանի որ ամուսնությունները պատճաշ ձևով չեն գրանցվում: Նրա խոսքերով՝ զույգը ամուսնության պաշտոնական գրանցումը հաճախ հետաձգում է՝ դա անելով միայն երեխայի ծնվելուց հետո:

Դեմոգրաֆն արձանագրեց, որ 90-ականներին, երբ ճգնաժամային իրավիճակ էր, նվազել էր ծնելիության, ամուսնության թիվը, նվազել էին նաև ամուսնալուծությունները: Նրա կարծիքով՝ մարդիկ այդ իրավիճակում ժամանակ և հնարավորություն չունեին զբաղվել ընտանեկան հարաբերություններով: Եվ արդեն իրավիճակի որոշակի բարելավումից հետո ավելացան ամուսնալուծությունները:

Ռ. Եգանյանի խոսքերով՝ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը, համեմատած զարգացած երկրների հետ, դեռևս բարվոք մակարդակում է: Հայաստանում 10 ընտանիքից ամուսնալուծվում է միջին հաշվով 2-ը, իսկ զարգացած երկրներում՝ 6-ը:

Կ. Կույումջյանը նաև նշեց առաջին կիսամյակի ընթացքում գրանցված, երեխաների նախապատվելի անունների ցանկը: Աղջիկներին ամենից շատ անվանել են Միլենա՝ 858 դեպք, Մանե՝ 850, Մարի՝ 789, իսկ տղաներին՝ Նարեկ՝ 1179 դեպք, Դավիթ՝ 1142 և Գոռ՝ 807:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter