HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ոստիկանությունը չի ապահովում վկաների ներկայությունը դատարանում

Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ոստիկանությունից պահանջել էր մարտի 13-ի նիստին ապահովել երեք վկայի ներկայությունը։ Վկաներին բերման ենթարկելու դատարանի որոշումներին մարզային ոստիկանության վարչություններից տեղեկացրել էին, որ դատակոչված վկաները տանը չեն եղել, «դուռը փակ էր»։

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ոստիկանության ուղարկած արձանագրությունների մասին կողմերին ծանուցելուց հետո զայրացած հայտնեց, որ ոստիկանությունը չի կատարում դատարանի որոշումները։ Ոչ միայն այս գործով, ընդհանրապես բոլոր դատական գործերով էլ բերման ենթարկելու որոշումներն ապահովելու փոխարեն հերթապահ արձանագրություններ են ուղարկում դատարան։ «Ի՞նչ է, բոլոր վկաները միայնակ են ապրում, նրանց տներում ուրիշ մարդ չկա՞, որ ծանուցեն»,- ասաց դատավորը։

Այսօրվա նիստին դատակոչված վկաները Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի նախկին զինծառայողներն են, որոնք վաղուց զորացրվել են։ Դատարանում նրանք վկայություն են տալիս 2020թ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում հոկտեմբերի 12-ին դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու և Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի՝ ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու մասին։

Դատավարության բոլոր կողմերը համակարծիք էին, որ դատարանը ոստիկանության վերադաս մարմիններին պետք է գրավոր պահանջ ներկայացնի՝ ապահովելու դատարանի որոշումների կատարումը։ Հաջորդ նիստի համար, բացի այդ երեք չներկայացած վկաներից ևս 5 այլ վկայի պետք է հրավիրել, որ դատական նիստերն այդ պատճառով չհետաձգվեն։

Զինվորական դատախազությունն այս գործի քննությանը ևս մեկ դատախազ էր ներգրավել այսօր։ Գործով մեղադրող, զիվորական դատախազ Հայկ Ռափյանը ներկայացրեց գործընկերոջը՝ Դավիթ Նավասարդյանին, որն այսուհետ իր հետ միասին պետք է պաշտպանի մեղադրանքը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 27-ին, որպեսզի ոստիկանությունը ժամանակ ունենա ապահովելու վկաների ներկայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter