HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը մշակում է «օտարերկրյա գործակալների» մասին սեփական օրենքը

Եվրոպական միությունը մշակում է օրենք, որը կպարտավորեցնի հասարակական կազմակերպություններին, խորհրդատվական և գիտական հաստատություններին բացահայտել տեղեկատվություն իրենց ցանկացած ֆինանսավորման վերաբերյալ, որոնք ստացվում են ԵՄ սահմաններից դուրս։ Այդ տեղեկատվությունը Politico-ին հաստատել են երեք աղբյուրներ։ 

Պարբերականի տվյալներով՝ ներկայումս նախագծի մշակումը գտնվում է քննարկման շատ վաղ փուլում։ Ենթադրվում է, որ այն նման կլինի այն օրենքներին, որոնք գործում են Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ Պարբերականը նաև գրում է, որ այն դժվար թե տարածվի ԵՄ քաղաքացիների վրա, սակայն առևտրային ու հասարակական բոլոր կազմակերպությունները կպարտավորվեն հայտնել արտասահմանից ցանկացած միջոցի փոխանցման մասին։ 

Ինչպես նշում է Politico-ն, օրենսդրական այդպիսի նախագծի անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինեն օտարերկրյա ազդեցության դեմ Եվրամիության պայքարով։ Որպես օրինակ նշվում է «Կատարգեյթը»։ Վերջինս կոռուպցիոն սկանդալ է, որի կենտրոնում Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամներ են, այդ թվում փոխնախագահներից մեկը։ Պարբերականի տվյալներով՝ հենց «Կատարգեյթից» հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահի արդարադատության հարցերով տեղակալ Վերա Յոուրովայի ղեկավարությամբ էլ սկսվել է օրենսդրական նախագծի շուրջ աշխատանքը։

Պարբերականը նաև հայտնում է, որ հասարակական որոշ կազմակերպությունների արդեն իսկ ուղարկվել է գրանցաթերթիկ, որտեղ ռեսպոնդենտներին խնդրել են մարնամասն ներկայացնել ԵՄ սահմաններից դուրս գտնվող ֆինանսավորման աղբյուրներիս ստացված միջոցները։ Մասնավորապես, այդպիսի թերթիկ ստացել է կոռուպցիայի դեմ պայքարի Transparency International միջազգային կազմակերպությունը։ 

Politico-ն գրում է, որ շաբաթվա ընթացքում Վերա Յոուրովան հանդիպումների շարք կանցկացնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց շրջանում արդեն իսկ մտահոգություններ կան օրենսդրական նման նախաձեռնության վերաբերյալ։

2023 թվականի մարտին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրական նախագիծը։ «Օտաերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով նախատեսվում էր Վրաստանում ստեղծել «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ կներառվեին բոլոր այն հասարական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց ընդհանուր բյուջեի 20 %-ից ավելին կազմում էր օտարերկրյա ֆինանսավորումը։ 

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն քննադատել էին այս որոշումը՝ նշելով, որ դա լուրջ հարված է վրացական ժողովրդավարությանը։ 

Օրենսդրական նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում բողոքի ակցիաներ էին սկսվել, ինչի արդյունքում իշխող «Վրացական երազանքը» հետ կանգնեց օրենսդրական նախագծի ընդունման մտադրությունից և տապալեց երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter