
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա. Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին, ինչպես նաև՝ Ուկրաինայում առկա իրավիճակի ու Ադրբեջանի ու ողջ Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ։ Այդ մասին մարտի 14-ին նա նշել է Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայի կանցլերը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ «Ես հստակ շարադրել եմ մեր դիրքորոշումը»,- նշել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Գերմանիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով։ «Մեզ համար կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
«Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ այս հակամարտությունն արագ հանգեցնի ամուր և կայուն լուծման՝ ի շահ Ղարաբաղում ապրող մարդկանց։ Հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Դա ներառում է Ղարաբաղում բնակչության անվտանգությունը»,- հայտարարել է Շոլցը՝ հավելելով, որ Գերմանիան պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունը։
Խոսելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայման մասին՝ Գերմանիայի կանցլերը նշել է, որ աջակցում է առաքելությանը և ապահովում առաքելության առաջնորդությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացվի որքան հնարավոր է արագ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը՝ մարտի 13-ին, երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Գերմանիա։ Օլաֆ Շոլցից զատ, նա հանդիպումներ է ունեցել նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ու գերմանացի գործարարների հետ։
Լուսանկարը՝ Krisztian Bocsi/Bloomberg
Մեկնաբանել