
«Սիրում եմ ծով, աշուն… Վան Գոգին»․ Լեոնիդ Ենգիբարյան
«Ծնվել եմ Մոսկվայում: Ինը տարի եղել եմ ռինգում: «Եթե մեկը ապտակի քո աջ այտին, դարձրու մյուսը» պատվիրանը հիմնավորապես սխալ եմ համարում: Փոխել եմ բազմաթիվ մասնագիտություններ և երբ քսաներկու տարեկան էի, ինձ մնացել էր արտիստ դառնալ: Գրել սկսել եմ այդ իսկ ժամանակից՝ ակամա: Ոչ մի գրող չուզեց համագործակցել, և ստիպված էի ինքս ինձ համար սցենարներ գրել: Հիմա սարսափով մտածում եմ` իսկ եթե հայտնվի իսկական սցենարի՞ստը… Սիրում եմ ծով, աշուն… Վան Գոգին: Վախենում եմ բարեկեցիկ կյանքից: Գլխավորն ինձ համար՝ պատասխանատու զգալ մեր շուրջ կատարվող ամեն ինչի համար»,- գրել է Լեոնիդ Ենգիբարյանն ինքնակեսագրությունում։
Ծաղրածու, կրկեսի հայ դերասան, գրող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935թ․ մարտի 15-ին։ Ունեցել է ստեղծագործական կարճատև ընթացք, ապրել է ընդըամենը 37 տարի՝ այնքան, ինչքան իր սիրելի գրող Պուշկինը և նկարիչ Վան Գոգը։
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ենգիբարյանը ընդունվում է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Այնտեղ սովորում է կես տարի, որից հետո տեղափոխվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ, բռնցքամարտի բաժին։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունեցել է լուրջ արդյունքներ։ 1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին, և Լեոնիդն ընդունվում է այդտեղ։ Ավարտելուց հետո գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ Հետագայում Լեոնիդը գրում է Երևանի մասին․ «Մի քանի խոսք Երեւանի մասին։ Մի անգամ, երբ աշունը, իջնելով լեռներից, քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։ Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ»։
Կրկեսում աշխատելու, հանրաճանաչ դառնալուն զուգահեռ Լեոնիդը սկսել է նկարահանվել կինոյում։ Իրենց ֆիլմերում Ենգիբարյանին նկարել են՝ Սերգեյ Փարաջանովը, Ռոլան Բիկովը, Վասիլի Շուկշինը, Թենգիզ Աբուլաձեն։ Իսկ Հենրիկ Մալյանի և Լևոն Իսահակյանի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում Ենգիբարյանը գլխավոր հերոսն է և մարմնավորում է ինքն իրեն։
Ենգիբարյանի՝ բեմում ստեղծած լուսավոր և ողբերգական կերպարները հասկանալի ու հարազատ էին բոլորի համար անկախ տարիքից։ Նա կոտրեց ծաղրածուի մասին ընդունված կարծրատիպերը և խնայեց գրիմի անթիվ կիլոգրամներ․ բեմում նրա դեմքին չկար նկարված ժպիտ, հոնքեր, չէր դնում մեծ քիթ, չէր հագնում փքված տաբատ և հսկայական կոշիկներ։ Ամեն ինչ արտահայտվում էր մարմնի լեզվով և դիմախաղով։ Այդպես ստեղծվեցին «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումները։ Ենգիբարյանը Մոսկվայում ստեղծեց մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Ստեղծագործական կյանքում ունեցած հաջողություններին հակառակ էր Ենգիբարյանի անձնական կյանքը․ առաջին ամուսնությունը տևեց ընդամենը երեք ամիս, իսկ նոր սիրավեպից ունեցած դստերը նա տեսնում է ընդամենը մեկ անգամ։ Այն, ինչ չէր ասում բեմում, Ենգիբարյանն ասաց գրականության մեջ, բանաստեղծական արձակով իր «Առաջին ռաունդ» և «Վերջին ռաունդ» ժողովածուներում։
Արտիստին
Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:
Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր...
Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, եւ քեզ հետ է նորից Անհանգստությունը:
Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:
Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:
Լեոնիդ Ենգիբարյան
Լեոնիդ Ենգիբարյանը մահանում է Մոսկվայում 1972թ․-ին սրտի ինֆարկտից, 37 տարեկանում։ Մարտի 15-ին, Ենգիբարյանի ծննդյան օրն է։
Մեկնաբանել