
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին՝ մարտի 15-ին հանդիպել են Անկարայում եւ քննարկել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագհի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի մասին»,- նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Ալիևը և Էրդողանը նաև դիտարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ուղղություններում, ինչպես նաև` տարածաշրջանային հարցերում։
Հիշեցնենք, որ Ալիևը մարտի 15-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Անկարա՝ մասնակցելու Թյուրքախոս պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովին, որի գլխավոր թեման տարերային աղետների դեմ պայքարում համագործակցության զարգացումը և մարդասիրական օգնությունն է։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել