HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատժամիջոցների կոչ Ադրբեջանի նկատմամբ` Հաագայի դատարանի որոշումը չկատարելու համար

Եվրոպական խորհրդարանը մարտի 15-ին ընդունել է 2021-2022 թվականներին Ադրբեջանի և Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ զեկույցները, որոնք անդրադառնում են երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների առանցքային դրույթներին, արցախյան հակամարտությանը և տարածաշրջանում Եվրամիության դերին՝ կայունության ու խաղաղության հաստատման համատեքստում:

Ինչպես իր հաղորդագրւթյան մեջ նշում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը, երկու զեկույցներում էլ ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Եվրոպական խորհրդարանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության քայլերը` ուղղված տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղության հասնելուն, սակայն միևնույն ժամանակ դատապարտել Ադրբեջանի ղեկավարության պահվածքը, ինչը խաթարում է այդ ջանքերը: 

Մասնավորապես, նկատի են առնված Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հետագա հարձակումների բացահայտ սպառնալիքները, սահմանային հաճախակի ագրեսիան, այսպես կոչված` «Արևմտյան Ադրբեջանի» նկատմամբ տարածքային պահանջները կամ հայ բնակչության նկատմամբ ատելության խոսքի տարածումը, հատկապես կրթության ոլորտում։

Երկու զեկույցներում էլ Եվրոպական խորհրդարանը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ «ԵՄ-Ադրբեջան» զեկույցում նշվում է բազմաթիվ հայ ռազմագերիների ֆիզիկական բռնության և ադրբեջանական ուժերի կողմից հայ խաղաղ բնակիչներին նվաստացնելու ու խոշտանգումների մասին:

Հայաստանի մասին զեկույցում էլ Եվրոպական խորհրդարանն ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության բուն պատճառը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի և բնակչության անվտանգության չլուծված խնդիրն է։ Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության 9-րդ հոդվածի կատարմանը՝ Եվրոպական խորհրդարանը երկու զեկույցներում էլ ընդգծում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Եվրոպական խորհրդարանն ընդգծում է Ադրբեջանի պարտավորություններն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը կատարելու վերաբերյալ, որը պահանջում է Ադրբեջանից ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ 

Այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Բացի այդ, Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ սիրիացի վարձկաններ ուղարկելու միջոցով, որոնք Ադրբեջանի կողմից կռվել են Արցախի դեմ: Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում և վերանայել Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը: «Թուրքիան պետք է շոշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասված է զեկույցում։

Ավելին, Եվրոպական խորհրդարանը երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելության կամ բացահայտ բռնություն հրահրող խոսք:

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter