HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կենսաթոշակային բարեփոխումները չընդունելու դեպքում Մակրոնը կարող է ցրել խորհրդարանի ստորին պալատը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում երեկ՝ մարտի 15-ի երեկոյան հանդիպել է վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ՝ քննարկելու Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ-խմբ.) ցրելու հնարավորությունը, եթե պատգամավորները մերժեն կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենսդրական նախագծի վերջին խմբագրումը։ Այդ մասին հայտնել է BFM հեռուստաընկերությունը՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարության իր աղբյուրին։ 

Ֆրանսիական հեռուստաընկերության աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանի ստորին պալատը ցրելու նպատակահարմարության վերաբերյալ խորհրդակցությունները կշարունակվեն մարտի 16-ին։ Ընդ որում, իշխանությունները դիտարկում են տարբեր քայլեր, որոնք սահմանված են օրենսդրությամբ։ Բացառված չէ, որ կառավարությունը կհիմնվի սահմանադրության այն դրույթի վրա, որը թույլ է տալիս գործադիրի որոշմամբ բարեփոխումներ իրականացնել՝ առանց երկպալատ խորհրդարանում քվեարկության։

Աղբյուրը նշել է, որ այս փուլում իշխանությունները հույս ունեն համոզել պատգամավորներին՝ քվեարկել բարեփոխումների օգտին։ AFP-ն հայտնում է, որ Մակրոնը մտադիր է նոյեմբերի 16-ին նախատեսված քվեարկության ժամանակ անձամբ ներկա լինել Ազգային ժողովում։

Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն առանձին նիստերով քննարկում են կենսաթոշակային բարեփոխումների նախագծի վերջին խմբագրումը, որը մարտի 15-ին համաձայնեցվել էր պատգամավորների և սենատորների համատեղ հանձնաժողովի կողմից։ Սենատն արդեն իսկ կատարել է իր քվեարկությունը։ 345 սենատորից կողմ է քվեարկել 193-ը, իսկ դեմ՝ 114-ը։  

Կենսաթոշակային այս բարեփոխումները զանգվածային ցույցերի պատճառ են դարձել Ֆրանսիայում։ Արհմիությունների վերաբերմունքն այս փոփոխություններին միանշանակ չէ։ Կառավարության նախագիծը ներկայացվել էր դեռևս այս տարվա հունվարի կեսերին։ Ազգային ժողովը չէր հասցրել սահմանված ժամկետում ավարտել առաջին ընթերցումը։ Այն ուղարկվել էր Սենատ, որտեղ ստացել էր վերջինիս հավանությունը:

Կենսաթոշակային բարեփոխումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն է։ Այն ենթադրում է կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում (62-ից 64-ի), ինչպես նաև՝ կենսաթոշակի անցնելու նվազագույն տարիքի բարձրացում մինչև 43 տարեկանի, որի ընթացքում անհրաժեշտ է անել վճարումներ, որպեսզի կենսաթոշակը հնարավոր լինի ստանալ ամբողջական ծավալով։

Ներկայումս Ֆրանսիայում բազմաթիվ տարեցներ աշխատում են կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո էլ։ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կենսաթոշակը կբարձրացվի ամսական մինչև 1200 եվրո։

Կենսաթոշակային բարեփոխումները արհմիությունները համարում են անարդար և շատ խիստ ու կոչ անում այս թեմայով հանրաքվե անցկացնել։ Հարցումների համաձայն՝ կառավարության այս առաջարկին դեմ է ֆրանսիացիների երկու երրորդը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter