HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Ջերմուկի քաղաքապետ. «Ցույց տվեք ինձ աշխարհի ցանկացած կետ, որտեղ կա կուրորտ ու կողքը՝ հանքարդյունաբերություն» (ֆոտո և վիդեո)

Նախօրեին «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր ճանաչողական այց դեպի Ջերմուկ-Ամուլսար: Նպատակը Ամուլսարի ոսկու հանքավայրի հետ կապված խնդիրները այցելուներին ներկայացնելն էր:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծում կան բազմաթիվ թերություններ ու խախտումներ, չկա շրջակա միջավայրին հասցվելիք վնասի իրական գնահատում, ինչպես նաև Ջերմուկը, լինելով ազդեցության անմիջական կրող, դուրս է մնացել ազդակիր համայնքների ցանկից:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հավաստմամբ՝ Ամուլսարում ուրանի չնչին քանակի առկայությունը վտանգավոր գործոն է. այն, գրգռելու դեպքում, աղետալի հետևանքներ կունենա: Դատարկ ապարների ու պոչանքի ծանր մետաղները իրենց հերթին կվտանգեն ամբողջ շրջակա միջավայրի բուսականությունը՝ մեծ վնաս հասցնելով գյուղատնտեսությանն ու մարդկանց առողջությանը:

Երևանից, Վայքից, Եղեգնաձորից եկած մոտ հարյուր հոգանոց խումբը եղավ Ջերմուկ-Ձախափնյակում, որտեղ ջերմուկցիների հետ միասին բողոքի ակցիա անցկացրեց՝ տեղեկատվական ելույթներով ու «Ամուլսարի շահագործողը ամուլ մնա», «Մի ԱՄՈՒԼացրեք Սևանը», «Ջերմուկ, ոչ թե հանքի մուկ» և այլ ցուցապաստառներով: Այնուհետև ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ խումբը մեկնեց Ամուլսար:

Հանքի ճանապարհին նրանց սպասում էին «Գեոթիմ» ՓԲԸ-ի աշխատողներն ու իրենց բարեկամները՝ «Էկոլուր, գնա Թուրքիա», «Ձեզ խաբում են», «Քլոսիկներ, հեռացեք» պաստառներով զինված: Նրանց հրավիրած ոստիկանները նախաձեռնության անդամներին թույլ չտվեցին մոտենալ հանքի տարածքին:

«Գեոթիմ» ընկերությունը ներկայում ունի մոտ 200 աշխատող: Հանքը շահագործելու դեպքում նրանց թիվը կհասնի 800-ի: Հիմնականում ներգրավված են մոտակա գյուղերի՝ Գորհայքի, Սարավանի, Գնդեվազի բնակիչները, կան նաև կեչուտցիներ և ջերմուկցիներ: Նվազագույն աշխատավարձը 110 000 դրամ է, աշխատավարձը հասնում է մինչև 400 000 դրամի:

Ըստ ճամբարի ղեկավար Արթուր Մակարյանի՝ ընկերությունը փոխանցում է բոլոր դիմողների ուսման վարձավճարները, ովքեր պատրաստվում են ուսումն ավարտելուց հետո աշխատել հանքում:

«Գեոթիմը» ծառատունկեր է իրականացրել Գնդեվազի ներքևի հատվածից գրեթե մինչև Կեչուտ, որի արդյունքում նույնպես աշխատատեղեր են ավելացել՝ կապված տնկիների հետագա խնամքի հետ: Կրկնակի ծավալով տնկարկումներ են նախատեսվում աշնանը:

Սարավանից Սոնյա Արսենյանն արտահայտեց հակընդդեմ ակցիայի մասնակիցների հիմնական մտահոգությունը. «Տղաս էստեղ աշխատում ա, տնկիներն ա մշակում: Ի՞նչ վատ ա, որ մեր ջահելները տեղում աշխատում են. առավոտը գնում են գործի, իրիկունը տուն են գալիս: Ռուսաստան չեն գնում. Ռուսաստան գնացողները կամ ընտանիքն են լքում, կամ հետ չեն գալիս: Երկրորդն էլ՝ կանայք, որ պիտի գնանք Թուրքիա, առքուվաճառքով զբաղվենք, նամուսով աշխատում ենք: Վա՞տ գործ են անում էդ մարդիկ, որ խանգարում եք»:

Երկրաբան Արթուր Հովսեփյանն առաջարկեց բնապահպաններին ուղարկել պայքարելու ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի և Պոլիտեխնիկի լեռնամետալուրգիականի դեմ: Շատերն ասացին, որ բնասերները նախ պիտի Ջերմուկ-Ամուլսար ճանապարհի աղբանոցը մաքրեին, նոր հասնեին հանք: Հնչեցին նաև 5000 դրամի դիմաց հանք գալու ենթադրություններ:

Ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանն անդրադարձավ Ջերմուկի բնապահպանական խնդիրներին, որոնք լուծելուց հետո նոր, ըստ նրա, բնապահպանները կարող են խոսել «Գեոթիմ»-ի մասին:

«Հետքի» փաստարկին, թե տվյալ դեպքում հանրության առաջնային մտահոգությունը երկրի ջրային ռեսուրսն է՝ Կեչուտի, Սպանդարյանի ջրամբարները, հետևաբար Սևանա լճի ավազանն ու Ջերմուկ քաղաքի աղբյուրները՝ իրավաբանը պատասխանեց. «Որոշակի մարդկանց բանավոր արտահայտություններ են՝ առանց որևիցե փաստարկի, իսկ «Գեոթիմ» ընկերությունը, որպես հակափաստարկ, իր պաշտոնական կայքէջում տեղեկացրել է այն մասին, որ որևիցե վնաս չկա շրջակա միջավայրին, որևէ բնապահպանական խնդիր չկա, ռիսկեր չկան: Եթե կան էլ, դրանք շատ ցածր են, բայց որևէ ապացույց այս փաստարկին չի ներկայացվել: Մենք կողմ ենք նորմալ բանակցելուն և հակառակ կողմի ապացույցներն ստանալուն»:

Հակառակ այս հայտարարության՝ ընկերության պաշտպանների կոչերն ու պահվածքը բավական կոշտ էին: Ջերմուկի քաղաքապետի գալը հանդարտեցրեց կրքերը: Մինչ բնապահպաններն իջնում էին հանքի տարածքից, որպեսզի քիչ ներքևում անցկացնեն իրենց պիկետը, քաղաքապետը զրուցեց Գորհայքի համայնքապետի, «Գեոթիմի» իրավաբանի, ապա հակաակցիայի մասնակիցների հետ:

«Նախ ասեմ, որ Ջերմուկը Գորհայքն է պահել սովի ժամանակ, մենք դա երբեք չենք ուրանա: Թեկուզ էս ընկերությունը ուզենա կռիվ էլ գցի Ջերմուկ-Բազարչայի /Գոռհայք/ մեջ, դա չի լինի, որովհետև դուք մեզ պահել եք,- ասաց քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը:- Արշավը ուսուցողական է՝ մարդիկ եկել են իրենց աչքով տեսնեն Ամուլսարը: Եթե դուք խնդիր չունեք, թողնեիք, տեսնեին տարածքը. դուք ձեր գործից չէիք կտրվի, էսքան մարդու էլ իզուր եք նեղություն տվել, բերել: Հիմա փորձագետներ են աշխատում տարածքում՝ նմուշներ են վերցնում, ստուգում: Պիտի պարզենք՝ եթե հանքը վնաս չի, ուրեմն թող աշխատի: Մեզ պետք չի, որ Ջերմուկի համար լավ լինի, Գորհայքին՝ վնաս, կամ Սիսիանը դրանից տուժի»:

Հավաքվածներից մեկի փաստարկին, որ ամբողջ աշխարհն է հիմա զարկ տալիս հանքարդյունաբերությանը, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ձեր ղեկավարությանն ասել եմ՝ ցույց տվեք ինձ աշխարհի ցանկացած կետ, որտեղ կա կուրորտ ու կողքը՝ հանքարդյունաբերություն, ես իմ ծախսերով գնամ տեսնեմ, այդ օրվանից կգամ հանքում կաշխատեմ: Հիմա էլ եմ ասում՝ ասեք ձեր ղեկավարությանը՝ «Լիդիան ինթերնեյշնլին», թող ինձ ցույց տան աշխարհում հանքային ջրի առողջարաններ ու կողքին՝ մետաղական հանք: Էստեղ 10-12 կմ է, թող այդ կետում 30 կմ լինի հեռավորությունը, մենք տեսնենք՝ ոնց ա ազդում այդ կուրորտի վրա, հասկանանք»:

Ա. Մակարյանը նշեց, որ այս արշավի ու հանք գալու փոխարեն խնդրով անհանգստացողները կարող էին դիմել համապատասխան մարմիններին: «Թող նրանք որոշեն, որ հանքը պետք է փակվի, թող փակեն. մենք էլ պրծնենք, դուք էլ, ոչ թե երթ կազմակերպեք»,- ասաց ճամբարի պետը:

Ջերմուկը ազդակիր համայնքների մեջ ներգրավվելու դեպքում հավանականությունը մեծ է, որ Ամուլսարի հանքը չի շահագործվի: Ու դարձյալ դա կհարվածի գործարարի գրպանին, ինչպես Թռչկանի պարագայում:

Վաղուց ժամանակն է, որ գերատեսչական մարմինները դադարեցնեն անհեռատես հաշվարկները և գիտակցեն, որ քաղաքացին արթուն է, գրագետ և տեր է իր իրավունքին:

Հ.Գ. «Հետքը» հանդիպեց նաև WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանին, ով նույնպես նախորդ օրն իր 5 հոգանոց արշավախմբով չէր կարողացել մուտք գործել հանքի տարածք՝ վայրի կենդանիների և բույսերի ուսումնասիրման համար: Նշենք, որ ակտիվորեն շրջանառվում է այն մոտեցումը, որ Կ. Մանվելյանի հայտարարությունը՝ Ամուլսարում առկա, Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների մասին, կեղծ է: Այս կապակցությամբ WWF-ի ղեկավարն ասաց, որ հավաքում են փաստեր՝ Ամուլսարի ֆոնին կենդանիների ու բույսերի լուսանկարներով, և շուտով հանդես կգան հիմնավոր հայտարարությամբ:

Մեկնաբանություններ (2)

Hay
Qaxaqapetin petqa asen vor da Bulkun bacatri. Eti voobshe chi haskanum te inchin drakan porcaqnnakan ezrakacutiun karelia tel ev inchin chi kareli tal. KANACHOVA ashxatum menak, de et iran petqa vor verevi harcer@ luci !!!! Chgitem henc inqna asum vor lav el telisa, haskanali e te um........
Վարազ Սյունի (Ամստերդամ)
1.Բնապահպանները պայքարում են մաքուր բնական միջավայրի համար ՄԻԱՅՆ: Բնակչություն պահելը/աշխատատեղեր ստեղծելը ԲԱՑԱՐՁԱԿՈՐԵՆ բնապահպանի ֆունկցիան ՉԷ: Բնակչություն պահելը/աշխատատեղեր ստեղծելը ՄԻՄԻԱՅՆ ընտրված ու չընտրված պետական պաշտոնյաների ու ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ֆունկցիան է: ՈՉ ՈՔ ,ՈՉ ՄԻ պարագայում ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ վնասել բնական միջավայրը,որովհետև. a) այն նաև գալիք սերունդներինն է, b)այն նաև կենդանիներինն ու բույսերինն է: Հայաստանի ՔԱՋԱՐԱՆացումը ԱՆՆԵՐԵԼԻ ու ՎՏԱՆԳԱՎՈՐ սխալ է:.....................................................2.ԵԹԵ նույնիսկ Հայաստանի բնապահպանները դրսերից փող/սուբսիդիա էլ ստանալուց լինեն/լինեին, դա ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԿԱՐԵՎՈՐ է ու ՈՉ ՄԻ ԱՐԳՈՒՄԵՆՏ ՉԻ,որովհետև կարևորն այն է ընդհանրապես,թե այդ փողով ԻՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ երկրիդ համար: Իսկ ես ԻՍԿԱՊԵՍ ԳՏՆՈՒՄ ԵՄ,որ այսօր Հայաստանի (դեռ աճող) բնապահպանները անում են ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ու ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ գործ: Ես ՀԱՆԳԻՍՏ կարող եմ նույնիսկ ասել,որ Հայաստանյան բնապահպանների պայքարը Հայաստանի համար ԱՅՍՕՐ ավելի կարևոր է,քան 'Հայ Դատի' պայքարը: Եթե վերջինս պայքարում է ԵՐԻՏ-ԹՈՒՐՔԵՐԻ արածների դեմ, ապա առաջինը պայքարում է ԵՐԻՏ-ՀԱՅԵՐԻ (հանքային կլանի արածների) դեմ: Եթե հանքերի բացումն է «լուծումը»,ապա ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ՀԱՆՔԵՐԻՑ ՀԵՏՈ էլ Հայաստանի բնակչության ԿԵՍԸ աղքատ է ու ԱՐՏԱԳԱՂԹԸ չի նվազում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter