HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ռոստելեկոմը» մտափոխվել է. չի վաճառում հայաստանյան դուստր ընկերությունը 

«Ռոստելեկոմը» որոշել է չվաճառել իր հայաստանյան դուստր ընկերությունը՝ հեռահաղորդակցության ոլորտում գործող «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն։ Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է «Ռոստելեկոմ»-ի նախագահ Միխայիլ Օսեևսկին։

«Հիմա վաճառքի խնդիրն անցել է, մենք ակտիվ զարգացման որոշում ենք կայացրել»,- ասել է Օսեևսկին։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) ևս «Հետք»-ին տեղեկացրին, որ այս պահին «ՋիԷնՍի-Ալֆա»-ն վաճառելու վերաբերյալ դիմում չկա։ Ըստ կարգի, որպես հանրային ծառայություն մատուցող ընկերություն, վաճառքի մտադրության դեպքում ընկերությունը դիմում է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերը օտարելու համաձայնություն ստանալու համար։

«ՋիԷնՍի-Ալֆա»-ն դեռևս 2021 թվականի հոկտեմբերին դիմել էր Հանձնաժողով բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար։ Ըստ Հանձնաժողովից ստացված փաստաթղթի՝ 2022 թվականի հունվարի 19-ին որոշվել էր համաձայնություն տալ։

Ընկերության 100% բաժնետոմսերը մտադիր էին գնել ռուսաստանցի հայ գործարար Արման Ունանյանը և «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ)։ ՀԷՑ-ը և Ունանյանը  հայտնել էին, որ նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն, որի միջոցով էլ պետք է ձեռք բերեին հայաստանյան «ՋիԷնՍի-Ալֆա»-ն։

Այդ ժամանակ, սակայն, սահմանվել էր, որ առուվաճառքի գործարքը կարող էր տեղի ունենալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6-ամսյա ժամկետում։

Որոշումից հետո, ինչպես տեղեկացնում են ՀԾԿՀ-ից, որևէ գործարք տեղի չի ունեցել։

«Վեց ամիս հետո արդեն իրավունք չունեն որևէ գործարք իրականացնելու։ Գործարքի համար ընկերությունը պետք է կրկին դիմեր հանձնաժողով, սակայն այս պահին նման դիմում չկա»,- տեղեկացրեց Հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերությունը դեռևս չի հրապարակել 2022 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները, սակայն, ինչպես լրագրողներին երեկ՝ մարտի 16-ին, հավաստիացրել է  Միխայիլ Օսեևսկին, ընկերությունը 2022 թվականը գոհացուցիչ արդյունքներով է փակել։

Ռուսական «Ռոստելեկոմը» հեռահաղորդակցության խոշոր օպերատորներից մեկն է։ Ըստ ընկերության պաշտոնական կայքի՝ «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Գլխավոր լուսանկարը՝ «Ռոստելեկոմ»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter