
Ֆրանսիայում ընդունվել է կենսաթոշակային բարեփոխումների աղմկահարույց օրենսդրական նախագիծը
Ֆրանսիական կառավարության ղեկավար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենսդրական նախագիծը, համաձայն որի Ֆրանսիայում 62 տարեկանի փոխարեն թոշակի կանցնեն 64 տարեկանից, ընդունվել է առանց խորհրդարանի համաձայնության։ Այդ մասին հայտնում է AFP-ն։
Դեռ նախօրեին Ֆրանսիայի Սենատը հավանություն էր տվել վիճահարույց այս օրինագծին, սակայն խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում, նույն օրը նշանակված քվեարկությունը չէր կայացել։
Ինչպես նշում է BFMTV-ն, օրենքի ընդունման համար կիրառվել է Ֆրանսիայի Սահմանադրության 49.3 հոդվածը, որը թույլ է տալիս կառավարությանը միակողմանի կարգով ընդունել օրենքներ, առանց օրենսդիր մարմնի համաձայնության։
Կենսաթոշակային բարեփոխումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն է։ Այն ենթադրում է կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում (62-ից 64-ի), ինչպես նաև՝ կենսաթոշակի անցնելու նվազագույն տարիքի բարձրացում մինչև 43 տարեկանի, որի ընթացքում անհրաժեշտ է անել վճարումներ, որպեսզի կենսաթոշակը հնարավոր լինի ստանալ ամբողջական ծավալով։
Ներկայում Ֆրանսիայում բազմաթիվ տարեցներ աշխատում են կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո էլ։ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կենսաթոշակը կբարձրացվի ամսական մինչև 1200 եվրո։
Կենսաթոշակային բարեփոխումները արհմիությունները համարում են անարդար և շատ խիստ ու կոչ անում այս թեմայով հանրաքվե անցկացնել։ Հարցումների համաձայն՝ Կառավարության այս առաջարկին դեմ է ֆրանսիացիների երկու երրորդը։
Առաջին անգամ այս փոփոխությունները նախաձեռնվել էին 2019 թվականին, սակայն դրան հաջորդած բողոքի ցույցերը և կորոնավիրուսի համավարակը Մակրոնին ստիպեցին ժամանակավորապես հետ կանգնել այս մտքից։ 2023 թվականի հունվարից, երբ նոր քննարկումներ սկսվեցին այս ուղղությամբ, վերսկսվեցին բողոքի ակցիները։ Մարտի 7-ին տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան 1,2 միլիոն մարդ։
Լուսանկարը՝ REUTERS/Stephane Mahe
Մեկնաբանել