HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինական ընկերությունները 2022 թվականի ամռանից զենք են մատակարարել Ռուսաստանին. Politico

2022 թվականին չինական մի շարք ընկերություններ Ռուսաստան են ուղարկել զենքի խմբաքանակ, մասնավորապես, գրոհային հրացաններ, անօդաչուների դետալներ և զրահաբաճկոններ, որոնք կարող էին կիրառվել ռազմական նպատակներով։ Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով ImportGenius ագրեգատորի մաքսային տվյալներին։ 

Զենքի մատակարարումներն իրականացվել են 2022 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին։ Մատակարարների թվում եղել է առնվազն մեկ ընկերություն, որը կապ է ունեցել չինական կառավարության հետ։ China North Industries Group Corporation Limited-ը պաշտպանական արդյունաբերության՝ Չինաստանի ամենախոշոր կազմակերպություններից մեկն է։ Հունիսին ընկերությունը ՌԴ ՊՆ-ի հետ համագործակցող ռուսական «Техкрим» ընկերությանն ուղարկել է 1000 հատ CQ-A հրացան։

Եվս մեկ կազմակերպություն՝ Da-Jiang Innovations Science & Technology Co. (DJI)-ը նոյեմբերին և դեկտեմբերին, Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով, ռուսական ընկերություններից մեկին է ուղարկել անօդաչուների դետալներ, մասնավորապես, մարտկոցներ և տեսախցիկներ։ Ընդհանուր առմամբ մատակարարվել է պահեստամասերի 12 խմբաքանակ։ 

Բացի այդ, 2022 թվականի վերջին Թուրքիայի տարածքով Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 800 տոննա չինական զրահաբաճկոն, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար։

Ինչպես նշում է Politico-ն, մատակարարումների ծավալներն ու բնույթը չեն վկայում այն մասին, որ Պեկինը կանխամտածված ռազմական օգնությամբ զինում է Մոսկվային, սակայն ապրանքներն ունեն երկակի նշանակության կիրառում, ինչը սկզբունքորեն կարող է կիրառվել նաև մարտական գործողությունների ժամանակ։ Պարբերականը չի գտել Ուկրաինայի տարածքում չինական հրացանների օգտագործման փաստեր, սակայն մարտի դաշտում նկատվել են չինական անօդաչուներ, որոնցից մեկի խոցման մասին գրել էինք երեկ։

2023 թվականի փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Չինաստանը Ռուսաստանին է տրամադրում ոչ մահացու ռազմական օգնություն։ Բացի այդ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Պեկինը դիտարկում է նաև սպառազինության մատակարարման տարբերակը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Ջո Բայդենի վարչակազմը ծանուցել է դաշնակիցներին, որ պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերի Մոսկվային։ Պեկինն իր հերթին Վաշինգտոնին մեղադրել էր նրանում, որ հենց ամերիկյան կողմն է սպառազինության մատակարարմամբ սրում Ուկրաինայում հակամարտությունը։

Գերմանական Der Spiegel պարբերականն էլ հայտնել էր, որ ռուսական զինուժը բանակցություններ է վարում անօդաչուների արտադրությամբ զբաղվող չինական ընկերությունների հետ՝ կամիկաձե-դրոնների մատակարարման համար։ Պարբերականի տվյալներով 100 անօդաչուից բաղկացած առաջին խմբաքանակը կարող է Ռուսաստան հասնել արդեն 2023 թվականի ապրիլին։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները հավանական էին համարել, որ Չինաստանը հույս ունի արևմտյան պատժամիջոցները շրջանցել Բելառուսի օգնությամբ։

Լուսանկարը՝ picture-alliance/ Imaginechina/H.qingming

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter