HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Դու՝ Բաժբեուկ, համարյա թե հանճարեղ ես»․ Եղիշե Չարենց

Չարենցը, ով սիրում և հասկանում էր նկարչությունը, հիացած էր թիֆլիսաբնակ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանի նկարներով։ Բանաստեղծը և նկարիչը ծանոթացել են Թիֆլիսում, նրանց ծանոթությանը հաջորդում է 1934թ․-ին նկարչի ցուցահանդեսը Երևանի Պետական պատկերասրահում, Ռուբեն Դրամբյանի անմիջական օգնությամբ, որն այդ ժամանակ պատկերասրահի տնօրենն էր: Բաժբեուկի (այդպես էին նկարչին կարճ ասում) նկարները տարբերվում էին տիրող՝ խորհրդային հասարակարգը գովերգող «ժամանակի ոգուց»։ Հրաժարվելով նկարչության ժամանակակից ձևերից՝ Բաժբեուկ Մելիքյանը ստեղածագործում էր դասական ոճով, բնորդների հուզական, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ երանգներով: Նկարչի ստեղծագործություններում մեծ տեղ են զբաղեցնում կանանց դիմանկարները և կանանց ֆիգուրներով կոմպոզիցիաները։

Նրա գործերում քիչ էին հանդիպում տղամարդու դիմանկարները, այդ բացառություններից էր 1936թ․-ին արված  Եղիշե Չարենցի գծանկարը։

Այդ տարիներին երիտասարդ նկարիչ Էդուրդ Իսաբեկյանը մտերիմ էր իրենից ավագ նկարիչ Բաժբեուկ Մելիքյանի հետ և իր հուշերում գրել է նկարչի մասին, նկարչի և բանաստեղծ՝ Չարենցի ընկերության մասին։

«Բաժբեուկ Մելիքյանը զարմացած, ապշած էր Չարենցի մտավոր անսահման լայնությունից, գիտելիքների հանրագիտարանային ընդգրկումից՝ արվեստի, փիլիսոփայության, լեզվի, հատկապես՝ ռուսերենի, գրականության, համաշխարհային գրականության իմացությունից… Խոսում էր ակնածանքով, ինքն էլ (Բաժբեուկ Մելիքյանը հեղ․)  կարդացած, բնատուր խելքով, բնավորությամբ՝ չհավան, ինքնամփոփ… Չարենցը, երևի թե, միակ բացառությունն էր նրա համար՝ ակնածանքի ու հարգանքի արժանի»,- գրում է Էդուարդ Իսաբեկյանը։

Չարենցն էլ իրեն հատուկ ոճով հանդիպումներից մեկի ժամանակ ասել  էր Բաժբեուկ Մելիքյանի նկարների մասին․

«Տո՛, ի՜նչ Բուշե, ի՜նչ Ֆրագոնար… սա միս ու արյուն է, կյանք է: Դու՝ Ալեքսանդր, համարյա թե հանճարեղ ես…»։

Չարենցն ու Բաժբեուկ Մելիքյանը մտերմացել էին և ամեն Երևան գալուց նկարիչը այցելում էր Չարենցին, նույնիսկ բանաստեղծի տնային կալանքի ժամանակ։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ է արվում Չարենցի դիմանկարը։ Այդ նկարի պատմության մասին իր հուշերում գրել է գրականագետ, թատերագետ Ռուբեն Զարյանը․

«Մի օր Չարենցը խնդրեց Բաժբեուկ Մելիքյանին՝ նկարել իրեն հնդկական ձևով, ծալապատիկ նստած։ Այս շրջանում Հնդկաստանի մասին շատ էր կարդում, խոսում էր Գանդիի մասին, անդրադառնում էր բուդդիզմին, իոգերին, խոսում էր նրանց ուսմունքից։ Հաճախ էլ նայում էր Բուդդայի արձանիկին, և կարծես մոռացած, թե մարդ կա շուրջը՝ խոսում էր վերացած, հոգով և մտքով տեղափոխված Գանգեսի ափերը։ Մյուս օրը եկա՝ նկարն ավարտված էր և արդեն պատից կախված, տակն էլ խոշոր տառերով գրված՝ «Մահաթմա Չարենց»։ Նկարի վերևում էլ բանաստեղծը ավելացրել էր հետևյալ տողերը.

«Ինձ

Դու դեռ անփորձ ես, վոգով, դեռ թույլ ես, Չարե՛նց.-

Վարժի՛ր վոգիդ, յեղի՛ր մոգ, իոգ ու արեգ,

Ինչպես Գա՛նդին Մահաթմա՝ հնդիկն հանճարեղ...»

25.01.1936թ.

1935 թ․-ից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված խորհրդային կարգերի հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և Գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի։

Իսաբեկյանը իր հուշերում գրում է այդ օրերին Բաժբեուկ Մելիքյանի Չարենցի տուն այցի տպավորությունների մասին․

«Լավ չի նրա առողջական վիճակը, ընկճված է, խորապես վիրավորված, հրեշավոր, անմարդկային վերաբերմունքից՝ իր և մտավորականության նկատմամբ։ Բայց էլի Չարենցն է… Հանգիստ, անտարբեր խոսել չգիտի, ասածներն էլ գին չունեն – անգին են, գոհարներ է շաղ տալիս… Հազիվ ես հասնում մտքի թռիչքին…»։

1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ առողջական ծանր վիճակից հետո Եղիշե Չարենցը մահանում է՝ ժամանակի մեծագույն բանաստեղծի գերեզմանի տեղը անհայտ է։

Կյանքի վերջին շրջանում Չարենցը գրել էր.

«Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած»։

1936թ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter