
Գերմանիայի կանցլերը ողջունել է Հաագայի դատարանի կողմից Պուտինի ձերբակալման օրդերը
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերը։ «Որևէ մեկը չի կարող կանգնել իրավունքից և օրենքից վեր»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ Տոկիոյում իր այցի ժամանակ հայտարարել է Շոլցը։
Նրա խոսքով՝ Միջազգային քրեական դատարանը «կարևոր կառույց է, որի նշանակումը (խմբ. ի նկատի ունի որոշումները) որոշվում է միջազգային պայմանագրերին համապատասխան»։
Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել։ Մեղադրական կողմի վարկածով՝ Ռուսաստանի նախագահն անձամբ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի բռնազավթված տարածքներից Ռուսաստան երեխաների բռնի տեղահանման համար։
Սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի ղեկավարի ձերբակալման օրդեր է տրվում։ Միջազգային մակարդակում այս որոշումը մեծապես դրական արձագանքի է արժանացել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, այս քայլն անվանել է «իրավաբանորեն չնչին»։
Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերին անդրադարձել է նաև ուկրաինական կողմը։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը այսպես է մեկնաբանել այդ լուրը. «Հիմա, եթե Պուտինը լքի Ռուսաստանը, նա կձերբակալվի և կփոխանցվի Միջազգային քրեական դատարանին։ Համաշխարհային առաջնորդները կրկնակի կմտածեն, մինչև սեղմեն նրա ձեռքը և նրա հետ նստեն բանակցությունների սեղանին։ Սա ևս մեկ հստակ ազդակ է աշխարհին, որ ռուսական ռեժիմը հանցագործ է»։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ շատ կարճ է անդրադարձել լուրին՝ նշելով, որ «սա միայն սկիզբն է»։
Լուսանկարը՝ AFP/Bernd VON JUTRCZENCKA
Մեկնաբանել