HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ ամեն ինչ հարթվի, ուզում եմ այս կտրոնները շրջանակի մեջ դնել ու կախել տան մուտքի պատից». 99 օր շրջափակման մեջ

Երբ գյուղի տների կտուրները սկսում են հերթով կորչել մթության մեջ ու հեռվից միայն կետերի տեսք ստացած տների լույսերն են երևում, Ամալյա Առուշանյանը երթուղայինով աշխատանքից նոր հասնում է տուն՝ Նորագյուղի մոտակայքում կառուցված փոքրիկ հյուրատունը։ «Ես այնքա՜ն երջանիկ մանկություն եմ ունեցել։ Տան փոքրն էի, գուցե դրա համա՞ր էի անընդհատ ուշադրության կենտրոնում։ Ինձ շատ էին երես տվել։ Միշտ ասում էի՝ երանի, երբ ես էլ երեխաներ ունենամ, կարողանամ նրանց այնպես պահել, ինչպես իմ հայրն է ինձ պահել, բայց չկարողացա»,- ասում է Ամալյա Առուշանյանը։ 

48-ամյա Ամալյա Առուշանյանը մեծացել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Արցախյան առաջին պատերազմից հետո ամուսնացել ու տարիներ անց՝ 2002 թվականին, ամուսնու և չորս երեխաների հետ տեղափոխվել է Արցախ։ 

Վերաբնակեցման ծրագրի շրջանակում Ամալյայի ընտանիքը հաստատվել էր Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում։ «Ջիվանիի մեր տունը նոր կառուցած, պստլիկ, դատարկ մի տուն էր։ Երեխաներս սկսեցին հաճախել Ջիվանիի նորակառույց դպրոցը։ Ավագ որդիս՝ Նարեկը, երկրորդ դասարանում էր, Նելլին՝ ավագ դուստրս՝ առաջին դասարանում։ Մյուսները՝ Գայանեն ու Էրիկը, դեռ փոքր էին․ Գայանեն 4 տարեկան էր, իսկ Էրիկը հազիվ մի տարեկան լիներ»,- պատմում է Ամալյա Առուշանյանը։ 

Ջիվանիի դպրոցում նա սկզբում որպես կազմակերպիչ է աշխատել, հետո սկսել է անգլերեն դասավանդել։ «Դպրոցում մասնագետներ շատ քիչ ունեինք, իսկ ուրիշ տեղից մի քանի ժամի համար ոչ մեկը դասավանդելու չէր գալիս, պետք է ստիպված գյուղից ինչ-որ մեկը դասավանդեր։ Սկզբում 8-9 ուսուցիչ էինք, 2020 թվականի պատերազմից առաջ 18 էինք դարձել, մոտակա գյուղերից համալրվել էինք մասնագետներով, իսկ աշակերտների թիվը հասել էր 42-ի»,- պատմում է Ամալյան։ 

Նրա խոսքով՝ Ջիվանիում սեփական տուն ու նպատակներ ունեին, ամեն ինչ ստեղծել էին ու ամեն ինչ ունեին։ «Ասում էի՝ արդեն դպրոցի աշխատավարձով միայն ոսկի եմ գնելու երեխաների համար։ Աղջիկների հոգսերից պրծել էի, ամուսնացրել էի, օժիտները տվել։ Ուզում էի նոր-նոր ինձանով լինել, որ երբ ինչ-որ բան հավանեմ, առնեմ ինձ համար։ Բայց էլի մնաց հին տաշտակս»,- հիշում է նա։  

Ամալյայի ընտանիքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գյուղում չէր։ «Սեպտեմբերի 27-ը որդուս՝ Նարեկի ծննդյան օրն է։ Պատերազմից մի օր առաջ գնացել էի Ստեփանակերտ։ Երեխաներս այնտեղ էին։ Նարեկի ծնդունդը գիշերը դիմավորեցինք, իսկ վաղ առավոտյան պետք է աղջիկներիս ու թոռներիս հետ գայինք Ջիվանի»,- պատմում է Ամալյան։ 

Հաջորդ օրն առավոտյան ժամը 07։00-ին ընտանիքը արթնացել էր պայթյունների ձայներից։ Ջիվանի այդպես էլ չգնացին։ Ամալյան ասում է՝ նույնիսկ տան դուռը չէր փակել։ Միայն փաստաթղթերն ու նկարների մի քանի ալբոմ են կարողացել հանել տնից հարեւանի միջոցով։ Հոկտեմբերի 13-ից Ամալյան աղջիկների հետ Արարատի մարզի Վարդաշեն գյուղում էր։ Արցախից տեղահանվել էին սեպտեմբերի 30-ին։ 

«Խնձորեսկի մեր տանը, հարևանների, բարեկամների տներում արդեն Արցախից տեղահանված ընտանիքներ էին հյուրընկալվել։ Մտածեցի՝ ավելի լավ է աղջիկներիս վերցնեմ, գնանք Երևան։ Ճանապարհին մեքենան վթարվեց, բարեբախտաբար միայն թեթև վնասվածքներ ստացանք։ Ուշ գիշեր էր, տաքսիստն առաջարկեց գնալ իրենց տուն, որը Վարդաշեն գյուղում էր (Արարատի մարզում-հեղ.), մի քիչ հանգստանալ, իսկ առավոտյան ճանապարհ ընկնել։ Հաջորդ օրը եկավ Վարդաշենի գյուղապետը, մեզ առաջարկեց մնալ գյուղում։ Մեծ, ազատ տուն տրամադրեցին, որտեղ մնացինք մինչև պատերազմի ավարտը»,- նշում է Ամալյան։ 

Պատերազմից անմիջապես հետո վերադարձել են Ստեփանակերտ, փնտրել վարձով բնակարան։ Մարտունու շրջանի Ջիվանի գյուղն անցել էր թշնամու վերահսկողության տակ։ «Մինչև Նորագյուղի այս հյուրատուն տեղափոխվելը մի քանի վարձով տուն էինք փոխել։ Բոլորը փոքր էին ու խոնավ։ Առաջին վարձով տանը նույնիսկ ստիպված էի աթոռների վրա քնել․ մետրուկես բետոնե մի տարածք էր»,- պատմում է Ամալյան։ 2022 թվականի ապրիլից Ամալյա Առուշանյանը երկու որդիների հետ ապրում է Նորագյուղի մոտակայքում գտնվող փոքրիկ հյուրատանը։ Ավագ որդին՝ Նարեկը, աշխարհագրություն է դասավանդում Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում և միայն հանսգտյան օրերին է լինում տանը։ Կրտսեր որդին՝ 21-ամյա Էրիկը, աշխատում էր Ստեփանակերտի կայարանի մոտ գտնվող սննդի կետում։ Շրջափակման հետևանքով այն փակվել է։ Այս պահին Էրիկը գործազուրկ է։ Պատերազմի ժամանակ նա 18 տարեկան էր, պարտադիր զինվորական ծառայության դեռ չէր անցել, սակայն եղբոր՝ Նարեկի հետ մասնակցել է ռազմական գործողություններին։

Ամալյայի խոսքով՝ հյուրատունը, որտեղ ապրում են գրեթե մի տարի, իր լավ ու վատ կողմերն ունի։ «Այստեղ շատ հարմար է, նույնիսկ աշխատելու փոքրիկ տարածք ունեմ, առանձին խոհանոց կա։ Միակ խնդիրը և՛ գյուղից, և՛ Ստեփանակերտից հեռու լինելն է։ Երբ գազամատակարարումը խափանվում է, ստիպված եմ լինում ոտքով գնալ մինչև Իվանյան, այնտեղից Ասկերան քաղաքի երթուղային նստել՝ աշխատանքի գնալու համար»,- ասում է նա։ Գյուղից հեռու լինելու պատճառով խանութ էլ չի կարողանում գնալ, ինչ հասցնում՝ Ստեփանակերտից է գնում։ 

«Աշխատանքից հետո եմ միայն հասցնում ինչ-որ բան գնել։ Վարորդին խնդրում եմ՝ մի քանի րոպե սպասում է, գոնե հաց եմ գնում ու ճանապարհի մոտակա խանութներից ինչ գտնում եմ։ Աշխատանքի պատճառով հերթ չեմ հասցնում կանգնել: Ուտելիքի հետ կապված հատուկ վախեր չունեմ, նախօրոք չեմ գնել ոչ մի բան, շատ գնումներ անելու իմաստը չեմ հասկանում ու չեմ ընդունում։ Ճիշտ չէ, երբ մի հոգին նույն ապրանքից քսան հատ միանգամից գնում է, իսկ մեկ ուրիշը հաջորդ օրը գոնե մի հատ ուզում է դրանից գնել ու չի գտնում։ Դեռ դեկտեմբերի սկզբին քույրերս ինձ ծանրոց էին ուղարկել, կոնֆետներ, չրեր, բանջարեղեն։ Ուղարկած կարտոֆիլից նույնիսկ մի քանի հատ դեռ մնում է»,- ասում է Ամալյա Առուշանյանը։ Նա կտրոններով գրեթե չի կարողացել առևտուր անել, միայն շաքարավազ ու ձեթ է գնել։ 

«Ինձ համար կտրոնը անիմաստ բան է։ Եթե կտրոնի վրա միրգ կամ բանջարեղեն է գրված, գնում ես խանութ, ո՛չ մեկը կա, ո՛չ՝ մյուսը, էլ ու՞մ է պետք այդ կտրոնը։ Մի քանի օր առաջ էլ ձու էի ուզում գնել։ Մինչև կտրոնը փնտրեմ, գտնեմ, վաճառողն ասում է՝ առանց կտրոն ենք ձուն տալիս։ Ասում եմ՝ ինչքան ուզում եմ, կարո՞ղ եմ վերցնել, ասում է՝ հա։ Երբ ամեն ինչ հարթվի, ուզում եմ այս կտրոնները նկարի փոխարեն սիրուն շրջանակի մեջ դնել ու կախել տան մուտքի պատից, որ երբ թոռներս մեծանան ու հյուր գան ինձ, տեսնեն՝ ինչ իրականության մեջ էինք ապրում»,- ասում է Ամալյան։ 

Ամեն անգամ խանութ մտնելիս նա ավելի է ապշում։ «Մարդիկ ո՞նց կարող են իրենց թույլ տալ սուրճ գնել, երբ 220 դրամանոց փոքր տուփը դարձել է 450-500 դրամ։ Այս ամբողջ ընթացքում մի անգամ հասցրել եմ մի կիլոգրամ նարինջ գնել՝ 1900 դրամով։ Մինչև շրջափակումը 450 դրամով էի գնում։ 4000 դրամից էժան սովորական կոնֆետ նույնիսկ Ստեփանակերտում չես կարող գտնել։ Մեր բախտը միայն նրանով է բերել, որ շատ չենք ուտում, և ուտելիք դեռ ունենք»,- պատմում է նա։ 

Շրջափակման ընթացքում՝ փետրվարի 2-ին, մահացել է Ամալյայի 80-ամյա հայրը։ «Պապան համարյա մի ամիս հիվանդանոցում պառկած էր։ Ամեն օր սկայպով խոսում էի հետը, լավ էր, գիտեի, որ հերթական պառկելն է, կլավանա, կգնա տուն։ Մահանալուց երկու օր առաջ սրտի կաթված էր ստացել։ Վերջին անգամ, երբ կարողացել էի խոսել հետը տեսակապով, լացում էր, ինձ էր նայել ու ասել՝ Ամալյա, մի ղուշի թևավ եկ։ Իսկ ես չկարողացա գնալ։ Վերջին տասը րոպեներին կրտսեր դուստրս էր կողքին։ Գայանեի ձեռքը բռնել էր, սիրել, շոյել, աղջիկս նկատել էր, որ թաքուն լացում է, ասել է՝ պապիկ, լավ է, հանգստացի, իսկ ինքը պատուհանին է նայել, դռանն է նայել, աղջկաս հարցրել է՝ չի՞ եկել, ասել է՝ չէ, պապիկ, չի եկել։ Երբ ասել է՝ չէ, թթվածնի ապարատը հանել է, ու մինչև բոլորն իրար էին խառնվել, արդեն մահացել էր։ Ինքը ինձ էր ուզում, ինձ էր կանչում, ինձ էր սպասում։ Շրջափակման միակ վատ բանն այն է, որ հորս խնդրանքը չկարողացա կատարել։ Ես ինձ մեղադրում եմ, որ չգնացի, չգիտեմ ինչպես պետք է դա անեի, բայց ինքը ինձ խնդրեց, ես մի բան պետք է մտածեի»,- ասում է Ամալյա Առուշանյանը։ 

2022 թվականի հոկտեմբերին Ամալյայի մոտ կրծքագեղձի ուռուցք է հայտնաբերվել։ Դեկտեմբերին պետք է գնար Երևան՝ հերթական հետազոտության, որից հետո պարզ կդառնար՝ վիրահատելու՞ են, թե այլ բուժում են նշանակելու։ «Պապայի վերջին հոգսն էլ դա էր, կամ ինձ բուժված տեսներ, կամ ինձ համար ինչ-որ մի բան աներ։ Մի քանի անգամ հետաքրքրվել ենք, Կարմիր Խաչով միայն ծանր հիվանդներին են տանում, սովորական ստուգումների համար չեն տեղափոխում։ Ստուգմանն էլ չկարողացա գնալ, շատ եմ ուշացրել»,-ասում է Ամալյան։

Երբ հյուրատան չորս պատերի արանքում մտքերն անտանելի են դառնում, խոտաբույսերով թեյ է պատրաստում, լցնում ջերմամեկուսիչ թեյնիկի մեջ, վերցնում զոլավոր շալն ու գնում դաշտեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter