Լուսինե Վայաչյան. «Ես ուզում եմ, որ մարդասիրությունը մոդա դառնա»
Pay it forward՝ «Ես քեզ, դու ուրիշին» մարդասիրական ցանց: Սա է այն նախաձեռնության անունը, որը ԲարՔեմփ-ի ժամանակ ներկայացրեց նախաձեռնության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Այն նպատակ ունի օգնել սուր, ծանր հիվանդություն ունեցող անձանց՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, արյուն և այլն:
Այդ նպատակով ստեղծվելու է կայք, որի միջոցով շրջանառվելու է այդ մարդկանց մասին տեղեկատվությունը: Այնուհետև սկսվելու են դրամահավաք և դոնորների հավաքագրում: Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ այն մարդկանց, ում օգնելու են այդ ցանցի միջոցով և նրանց հարազատների առջև «պայման» է դրվելու օգնել ևս 3 այլ մարդու: Իհարկե, դա պարտադիր չէ, և նրանք կարող են դա չանել, ամեն ինչ մնում է նրանց խղճին, բայց մեծ մասը կարձագանքի այդ «պայմանին», և կստեղծվի մեծ շղթա:
Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ ցանկացած մարդ կարող է օգնել այս նախաձեռնությանը՝ նախ տեղեկատվությունը տարածելով համացանցում, գումար տալով, իսկ եթե անգամ չունի գումար, կարող է օգնել որպես դոնոր:
«Փորձում ենք արժեքային համակարգի փոփոխություն մտցնել հասարակության մեջ, որպեզի ավելի շատ ուշադրություն դարձնեն գերագույն արժեքին, որը մարդկային կյանքն է» ,- ասում է Ա. Մարտիրոսյանը:
Բացի Արմեն Մարտիրոսյանից՝ «Ես քեզ, դու ուրիշին» մարդասիրական ցանցի նախաձեռնողերն են Լուսինե Սաղումյանը և Լուսինե Վայաչյանը:
«Ես ապրում եմ հեպատիտով 1998 թվականից: Ուզում եմ հավաքել իմ շուրջ մարդկանց, ովքեր ապրում են հեպատիտով կամ ունեն ընկեր-բարեկամ, ովքեր ունեն հեպատիտ, մասնավորապես հեպատիտ C: Ես ուզում եմ ապրել, եկեք միասին պայքարենք հեպատիտով հիվանդներին պետական բուժում ապահովելու համար»,- գրել է Լ. Վայաչյանն իր ֆեյսբուքի էջում դեռևս նախքան այն ակցիան, որը սկսվեց իր համար: Դեռևս մայիսի սկզբին նրա դուստրը՝ Նարեն, ֆեյբուքյան ակցիա էր սկսել, որը նպատակ ուներ հավաքված գումարի շնորհիվ ապահովել մոր անհրաժեշտ բուժումը:
Լ. Վայաչյանի խոսքերով՝ սկզբում ինքն անգամ չի իմացել այդ ակցիայի մասին, և սկզբունք ուներ ոչինչ չխնդրել իր համար: Սակայն այս ընթացքում հասկացել է, որ եթե հարցը վերաբերում է մարդու կյանքին, ապա դա պարզապես «ավելորդ գոռոզություն է»:
«Պետք է սովորել և տալ, և ընդունել: Ես ուզում եմ, որ այս մարդասիրությունը, բարեգործությունը մոդա դառնան: Ես հույս ունեմ, որ այն վարակիչ կլինի, չի կարող վարակիչ չլինի»,- ասում է Լուսնեն: Նա համոզված է, որ եթե պետությունը չի աջակցում նման հիվանդներին, ապա մարդիկ կարող են միասնական ուժերով դա անել և օգնել միմյանց:
Լուսինեի խոսքերով՝ իր վիճակն այժմ օրհասական չէ, բայց իրեն այժմ անհրաժեշտ է համապատասխան բուժում: Նրա հիվանդության հետևանքով քայքայվում են լյարդի հյուսվածքները, և լյարդն այլևս իր ֆունկցիան չի կատարում: Հունիսի վերջին Լուսինեն պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ բուժվելու:
Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ երբ իրենք արդեն դառնան կայուն ուժ, ստեղծեն հստակ գործող ցանց, կատարելու են նաև լոբբիստական աշխատանք: Նպատակ ունեն պետությունից պահանջել, որ այն որոշ հիվանդություններ վերցնի իր հովանու ներքո և բուժումն իրականացնի պետպատվերի շրջանակներում: Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ աբսուրդ է, որ մարդը գումար չունենալու պատճառով մահանա:
Իսկ Լ. Վայաչյանն այժմ պատրաստվում է հանդիպել ԱԺ պատգամավոր, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի հետ: Լ. Վայաչյանը հույս ունի, որ վերջինս կարձագանքի իրենց նախաձեռնությանը և կօգնի այն մարդկանց, ովքեր ներգրավված կլինեն իրենց ցանցում: Միաժամանակ նա համոզված է, որ եթե իրենք սկզբում ունենան գոնե մեկ բարերար, ով հիմք կդնի այս գործին, ապա շղթան կշարունակվի, և շատերը կսկսեն գումարներ փոխանցել այդ մարդկանց բուժման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել