HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մեծ ձեռքբերում կլինի, եթե կանխվի ժողովրդագրության անդառնալի կետին հասնելը

2020թ-ին Հայաստանում մահերի թիվը 80-ով գերազանցել է ծնունդների թվին։ Հաջորդող երկու տարվա բալանսը փոքր-ինչ փոխվել է ծնունդների օգտին, բայց էական փոփոխություն չի կարելի համարել։ «Եթե մոտ ապագայում հնարավոր լինի կանխել ժողովրդագրության անդառնալի կետին հասնելը, ապա դա կլինի մեծ ձեռքբերում»,- մարտի 10-12-ը Երևանում տեղի ունեցած «Ապագա հայկականը» եռօրյա համաժողովի ժամանակ հայտարարվեց Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը քննող փորձագետների խմբի անունից։ 

2020թ-ին ծնվածները՝ 36 353, մահերը՝ 36 433

2021թ-ին ծնվածները-36 623, մահերը՝ 34 388

2022 թ-ին ծնվածները-36 353, մահերը՝ 26 805։

«Ապագա հայկականը» նախաձեռնությունը հայտարարեց, որ նախաձեռնողների շրջանում իրականացված հարցումը, որպես ամենահրատապ լուծումներ պահանջող նպատակներ է ընտրել երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Բնակչության աճ»:

Հայաստանի ժողովրդագրական պատկերը քննող փորձագիտական հանձնախումբը իրավիճակի սեղմ բնութագիր էր պատրաստել։ Մեր հասարակության սեռատարիքային կազմի պատկերը գրեթե Հայրենական մեծ պատերազմի միջով անցած երկրի սեռատարիքային կազմի պատկերին է մոտենում։ 25 և ավելի մեծ տարիքի տղամարդկանց մեծ պակաս կա։ Պատերազմն այստեղ նկատելի գործոն է, բայց ամենամեծ գործոնն այս դեպքում միգրացիան է։ Հայաստանի բնակչությունը նաև ծերանում է, մինչև 15 տարեկան երեխա կա միայն ամեն 5-րդ ընտանիքում։ Համավարակից և պատերազմից բացի, ժողովրդագրական առումով էական նշանակություն ունի անվտանգային միջավայրի վատթարացումը։ Նպատակը՝ պահպանել բնակչության ներկայիս թիվն առաջիկա տարիների համար, քանի որ 2026թ-ից հետո ունենալու ենք ծնունդների թվաքանակի անկում։ Տարբեր գնահատականներով, առկա տեմպերի պահպանման պարագայում 2050թ Հայաստանի Հանրապետության բնակչությունը կլինի 1,9 մլն, իսկ 2100թ՝ 1 մլն։ 

«Ապագա հայկականը» համաժողովի մասնակիցների 74,67%-ը քվեարկեց՝ «Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է հռչակել երկրում իրականացվող քաղաքականության գլխավոր ուղղություն, որին պետք է սպասարկեն մյուս ոլորտների քաղաքականությունները»:

Մինչև հիմա ժողովրդագրական քաղաքականությունն ընկալվում է որպես սոցիալական օժանդակության գործիք։ Մեզ անհրաժեշտ է համալիր քաղաքականություն, որը կխթանի մնալ և ստեղծագործել Հայաստանում։ Բոլորը համակարծիք են, որ հրատապ քայլեր են անհրաժեշտ։

Փորձագետները խիստ անբավարար են գնահատում այն ամենը, ինչն այսօր արվում է Հայաստանում ժողովրդագրական պատկերի և բնակչության աճի ուղղությամբ։ Վերջին տարիներին պետությունն այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ է կատարել՝ բնակարանային ապահովման ծրագիր է իրականացնում, բարձրացրել է առաջին և երկրորդ երեխաների միանվագ դրամական նպաստը, պետական նպաստ է տրամադրում գյուղական բնակավայրերում չաշխատող ծնողներին և այլն։

Ավելի լուրջ գործոններ կան, որոնք բացասաբար են անդրադառնում խնդիրները մեղմելու ջանքերի վրա, դրանք շատ ավելի համապարփակ մոտեցում են պահանջում։ Համաժողովի մասնակիցների մեծ մասը զարմացած էր վիճակագրական այս պատկերից՝ «մարզերում ծնելիության մակարդակը Երևանի համեմատությամբ ցածր է»։ Եվրոպայի կենտրոնում բնակվողն էլ գիտի, որ ծնելիությունը սովորաբար բարձր է լինում գյուղական բնակավայրերում, ոչ թե մեծ քաղաքներում։ Նախևառաջ այն պատճառով, որ գյուղական բնակչությունը պահանջկոտ չէ, և գյուղն է ավանդույթները պահպանողը։ Հայաստանում ինչո՞ւ է անգամ այս հարցում ընդունված նորմերից շեղում տեղի ունեցել։

Դեռևս 2006թ-ին «Հետք»-ն ուսումնասիրություն էր իրականացրել Հանրապետության հինգ մարզերում՝ Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Սյունիք։ Տեղեկագիրը վերնագրել ենք՝ «Լքված ու ծերացող գյուղեր»։ Առաջաբանում գրել ենք․ «․․․ արդյունքում այսօր ունենք չկայացած տեղական իշխանություն, սահմանամերձ ու բարձրլեռնային գյուղերից ակտիվ շարունակվող արտաքին ու ներքին միգրացիա, սողանքներից քանդվող գյուղեր, բնակարան գնելու վկայագիրը ձեռքներին, սակայն բնակարան գնելու հույսը կորցրած փախստականներ։ Ի վերջո, լքված ու ծերացող գյուղեր, որի ղեկավարի համար անգամ այն ապագա չունի․․․»։

2020թ օգոստոսին մենք դարձյալ Վարդենիսի գյուղերում էինք, և դարձյալ բնակիչները խոսում էին գյուղից հեռանալու մասին։ Սոցիալական խնդիրներն արդեն որոշակիորեն բարելաված գյուղական երիտասարդությանն ակնհայտորեն չէր բավարարում ենթակառուցվածքների և ծառայությունների բացակայությունը, միջնակարգ և հանրակրթական դպրոցներում կոմպլեկտավորված դասարաններով կրթություն ստանալու իմիտացիան՝ հաճախ 1-7-րդ դասարանները միասին են դասերն անցկացնում։ Մասնագետներ չկան, բնագիտական ու հումանիտար մի շարք առարկաներ մեկ-երկու ուսուցիչ է դասավանդում, բուհեր ավարտողների մեծամասնությունը չի վերադառնում ծննդավայր։ Մանկապարտեզներ չեն գործում, արտադպրոցական կրթական հաստատություններ՝ մարզական դպրոց կամ խմբակ, երաժշտական, արվեստի դպրոցներ չկան, մշակույթի տուն չունեն, որի ներքո խմբակներ կարող էին գործել։

Երիտասարդ ընտանիքները ձգտում են, որ երեխաներն իրենց նման միջնակարգ կրթությամբ չբավարարվեն և տեղափոխվում են մայրաքաղաք կամ մերձակա բնակավայրեր՝ երեխաների լիարժեք կրթությունն ապահովելու նպատակով։ 1990-ական թվականներից սոցիալական անելանելի իրավիճակներով պայմանավորված՝ գյուղեր դատարկվեցին ամբողջությամբ և բնակություն հաստատեցին Ռուսաստանում, գյուղերում մնացին միայն տարեցները։ Արտաքին և ներքին միգրացիայի արդյունքում վերարտադրողական տարիքի բնակչության հեռանալու պատճառով գյուղերը դարձան ծերացող։ Այսօր արձանագրվող՝ «մարզերում ծնելիության մակարդակը Երևանի համեմատությամբ ցածր է, փաստը նշածս իրողությունների հետևանքն է։

«Մահացության մակարդակների տարբերություն ունենք Երևանում և մարզերում։ Առողջապահական համակարգը չի գործում որպես միասնական-միատիպ մարմին, որը առողջապահության հավասար հասանելիություն կարող է ապահովել մայրաքաղաքում և մարզերում։ Սա ուղիղ կերպով ազդում է մահացածության և այլ ցուցանիշների վրա։ Միգրացիան շարունակում է մնալ բնակչության թվաքանակի մասով հիմնական գործոնը, շարունակվում են գրանցվել բնակչության բացասական միգրացիոն միտումներ՝ 2022թ-ին Հայաստանից 27 941 մարդ ավել է հեռացել, քան վերադարձել է»,- հայտնում են փորձագետները։

Համաժողովի մասնակիցները քննարկելուց հետո պետք է քվեարկեին, թե բնակչության աճ ապահովելու արդյունավետության տեսանկյունից ջանքերն առաջին հերթին ո՞ր ուղղությամբ պետք է ուղղել։ Ներկայացված էին հետևյալ տարբերակները

  • ծնելիության աճ՝ 15,03%
  • արտագաղթի նվազեցում՝ 14,38%
  • ներգաղթի ավելացում՝ 8,50%
  • բոլորը միաժամանակ՝ 54,90%
  • այլ դիտարկում՝ 7,19%։

Հայաստանի բնակչության թվաքանակն ավելացնելու առումով մեծամասնությունը՝ 54,61%-ն, իրատեսական է համարում արտագաղթած հայաստանցիների ներգաղթի կազմակերպումը։ Այնուհետև՝ պատմական սփյուռքի ներկայացուցիչների ներգաղթի կազմակերպումը՝ 19,74%, օտարազգիների ներգաղթի կազմակերպումը՝ 3,95%, մասնակիցների 21,70%-ն այլ դիտարկում ուներ։

Հայրենադարձություն բաց թողնված հնարավորությունները

Անկախացումից հետո Հայաստանում հայրենադարձությունը պետական քաղաքականություն երբևէ չի հռչակվել։ Իրադարձությունների բերումով անցնող 30 տարիներին մի քանի անգամ հայրենադարձություն եղել է, բայց Կառավարությունը պատրաստ չէր օգտվել ընձեռված հնարավորությունից, գուցեև այն պատճառով, որ այդպիսի քաղաքականություն չէր որդեգրել։

1992թ-ին՝ Հայաստանում մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 633,300 հազար մարդ։

Այդ ժամանակ դեռևս Հայաստանում էր գտնվում սկսած 1988թ-ից Ադրբեջանից բռնագաղթած և Արցախի որոշ շրջաններից Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված մեծ թվով հայություն։ Նրանք ՀՀ մշտական բնակիչներ չէին համարվում, փախստականի կարգավիճակ ունեին։ Նրանց մեծ մասը մինչև 95-96թթ-ը հեռացավ Հայաստանից, մնացածին հետագա տարիներին ՀՀ քաղաքացիություն շնորհվեց։ 1997թ. հաշվառման տվյալներով՝ Հայաստանում բնակվող փախստականների թիվը շուրջ 310 հազար մարդ էր: 

Իրաքահայերի վերադարձը․ Երկրորդ պարտադրված ներգաղթը Հայաստան տեղի ունեցավ 2003-2008թթ-ին՝ Իրաքի դեմ սկսված պատերազմի հետևանքով մոտ 2000 իրաքահայ ներգաղթեց Հայաստան։ Իրաքահայերի Հայաստան գալու հիմնական պատճառն այն էր, որ նրանք Հայաստանը համարում էին իրենց հայրենիքը և ազգային պատկանելիությունը վճռորոշ էր այս հարցում։ Նրանք 1915թ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից հետո էին հաստատվել Իրաքում։

Հայաստան տեղափոխված իրաքահայերի շուրջ կեսը որոշակի ժամանակ անց հեռացավ երկրից: Նրանք դեռևս գալուց առաջ էին Հայաստանը տարանցիկ երկիր դիտարկել և եկել էին հետագայում այլ երկիր տեղափոխվելու նպատակով։ Այդպես, ավելի քան 1000 իրաքահայ հեռացավ այլ երկրներ։ Հայաստանում մնացին այն ընտանիքները, որոնց համար միակ ելքը Հայաստանում հաստատվելն էր։

Իրաքահայերի ներգաղթի ժամանակ Սփյուռքի նախարարությունը դեռևս ձևավորված չէր: Կարծիք կա, որ համապատասխան քաղաքականություն իրականացնելու պարագայում հնարավոր էր մյուս մասին էլ պահել Հայաստանում: «Խոսքը վերաբերում է ինչպես տեղաբաշխման և սոցիալական ծրագրերի ներդրման համընդհանուր խնդիրներին, այնպես էլ Հայաստանում վերջիններիս ինտեգրման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Իրաքահայերի օգնության հարցում մեծ դեր ունեին ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը, Հայկական Կարմիր խաչը, ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը (նրանց ինտեգրման, կացարանների տրամադրման, լեզվի դասընթացների կազմակերպման առումով)»,- գրում է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արա Հովհաննիսյանը «Իրաքահայերի հայրենադարձությունը 21-րդ դարի սկզբներին» հրապարակման մեջ։

Սիրիահայերի վերադարձը 2012թ-ին, Սիրիայում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ սիրիահայերի հայրենադարձության զանգվածային հոսք սկսվեց։ 2008թ հոկտեմբերին ստեղծվել էր Սփյուռքի նախարարությունը, սակայն այդ ժամանակ էլ Հայաստանը պատրաստ չէր նման իրողությունների։ Նշվում էր, որ 2015-16թթ-ին 12 000 սիրահայ կար Հայաստանում։ ՀԲԸՄ-ի, Գյուլբենկյան հիմանադրամի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչի ղեկավարությամբ ՀԲԸՄ-ի Երևանի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ գագաթնաժողով, որտեղ քննարկում էր փախստականների ինտեգրման հարցը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։

Հայաստանի կառավարությունը նախատեսում էր մշակել համապարփակ ռազմավարություն՝ Սիրիայից տեղահանված փախստականների Հայաստանում ինտերգրման հարցերի վերաբերյալ։ Գագաթնաժողովը վեր հանեց ելակետային ուսումնասիրության հրատապ անհրաժեշտությունը՝ սիրիահայ փախստականների  կարիքների բացահայտում, այնուհետև՝ ծրագրի մշակում։ Փախստականների ինտեգրման ամենակարևոր մարտահրավերը՝ որակյալ բնակարաններ, առողջապահական ծառայություններ, կրթության և զբաղվածության ապահովում և հասանելիություն։

«Պետական տարբեր գերատեսչությունների, միջազգային կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների կողմից մշակված և իրականացված աջակցման ծրագրերը հիմնականում բավարարել են հայրենադարձների առաջնային կարիքները և կրել են կարճաժամկետ բնույթ: Շատ քիչ ծրագրեր են եղել, որոնք նպաստել են սիրիահայերի Հայաստանում հաստատմանը և նրանց արտագաղթի կանխմանը։ Հայաստանում սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանը խոչընդոտող շատ այլ գործոններ ավելի շատ առնչվում են Հայաստանի տնտեսական և շուկայական միջավայրին»,- գրել է ԵՊՀ դոցենտ Արա Հովհաննիսյանը «Իրաքահայերի հայրենադարձությունը 21-րդ դարի սկզբներին» ուսումնասիրության մեջ։

Պատմաբանը նշում է, որ եթե համեմատելու լինենք իրաքահայերի հայրենադարձության արդյունքում Հայաստան տեղափոխված և այստեղ հաստատված հայերի թվաքանակը՝ սիրիական ճգնաժամի հետևանքով 2012թ-ից Հայաստան ներգաղթած սիրիահայերի հետ ապա կտեսնենք, որ տոկոսային առումով Հայաստան ներգաղթած և Հայաստանում հաստատված սիրիահայերի թվաքանակը գրեթե նույնն է, ինչ իրաքահայերի պարագայում։

Արցախից տեղահանվածներ 2020թ-ի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանվեցին և Հայաստան տեղափոխվեցին Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների բնակիչները։ Նրանց մի մասը հեռացավ երկրից, Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2021թ․-ին 37 հազար տնային տնտեսություն բնակվում էր Հայաստանում։

Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում վերաբնակեցվածները Հայաստանի տարբեր բնակավայրերից էին, որոնց վերադառնալուց հետո դեռևս ՀՀ քաղաքացու անձնագիր չի տրամադրվել, հետևաբար նրանք Հայաստանի քաղաքացիների հետ համահավասար իրավունքներ չունեն։ Նրանց բնակարանների գնման վկայագրեր են տրամադրել, սակայն իրատեսական չէ, որ առաջադրված պայմաններով կլուծվի բնակարանով ապահովվածության հարցը։ Հայտնի չէ նաև, թե նրանցից քանիսն են արդեն հեռացել երկրից։

Բնակչության աճի ապահովումն առաջնահերթություն է, բայց ոչ ցանկացած պայմանով

Համաժողովի մասնակիցների մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանում բնակչության աճ ապահովելու համար միաժամանակ մի քանի գործոն պետք է դիտարկել՝ բնական աճի ավելացում, ներգաղթի կազմակերպում, արտագաղթի կանխում և այլն։ 2022թ․-ի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը 2 մլն 961 400 հազար է։

Համաժողովի մասնակիցների մեծամասնությունը՝ 54,61%, ներգաղթի կազմակերպման համար առավել իրատեսական է համարում՝ արտագաղթած հայաստանցիների ներգաղթի կազմակերպումը։ Մեծ թվով հայեր բնակություն էին հաստատել Ուկրաինայում, սակայն պատերազմի հետևանքով տարհանված ուկրաինահայերը Հայաստան չվերադարձան։ Անվտանգություն, հավատ, հույս սրանք ժողովրդագրական իրավիճակի համար կարևորագույն ասպեկտներ են, և մոտ երեք տարի պատերազմի մեջ գտնվող Հայաստանը, բնականաբար, չի բավարարում այդ պահանջները։

Պատմական սփյուռքի ներկայացուցիչների ներգաղթի կազմակերպումը իրատեսական է համարել 19,74%-ը։ Այլ դիտարկումներ ունի 21,70%-ը։

«Օտարազգիների ներգաղթի կազմակերպումը» հարցին հավանություն է տվել 3,95%-ը։ Օտարազգիների հաշվին բնակչության աճն ապահովելուն վերապահում ունեցողներին հիշեցնենք, որ անկախացումից հետո Հայաստանից հեռացել են նաև այլ ազգեր՝ ասորիներ, քրդեր, եզդիներ, հույներ, մոլոկաններ և այլն, որոնք Հայաստանի մշտական քաղաքացիներ էին և արտագաղթեցին սոցիալական պատճառներով։ Նաև՝ ադրբեջանցիներ, որոնք հեռացան Արցախյան հակամարտության հետևանքով։

Համաժողովի մասնակիցներին ներկայացվեց Կանադայի կառավարության օրինակը, որը սիրիացիներին դարձրեց փախստականների վերաբնակեցումը՝ որպես իր օրինական ներգաղթի ծրագրի մաս։ Կանադան 2015-16թթ-ին «Սիրիացի փախստականներ» օպերացիայի միջոցով 25 000 սիրիացի փախստականի վերաբնակեցրեց իր երկրում։

Ներկայացվեց նաև Իսրայելի օրինակը՝ 1970թ-ին ընդունված «Վերադարձի մասին» օրենքը, որի շնորհիվ 33 մլն հրեա հայրենադարձվեց սփյուռքից։ Այս օրենքով ներգաղթից անմիջապես հետո Իսրայելի քաղաքացիություն է շնորհվում հրեաներին ու նրանց երեխաներին։

 

Լուսանկարները՝  «Ապագա հայկականը» համաժողովից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter