HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախորդ տարի 22 ավիաընկերություն առնվազն 50 հազար ուղեւոր է տեղափոխել դեպի Հայաստան եւ Հայաստանից արտերկիր. 5-ը հայկական են

2022 թ. Հայաստանի երկու օդանավակայաններով՝ Երեւանի «Զվարթնոցով» ու Գյումրու «Շիրակով», տեղափոխվել է ընդհանուր 3.698.256 ուղեւոր: «Զվարթնոցը», ինչպես գրել ենք, նախորդ տարի ռեկորդ է սահմանել: ՀՀ գլխավոր օդային դարպասով անցյալ տարի տեղափոխվել է 3.649.764 մարդ: Այս տվյալները «Հետքին» փոխանցել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ), որն էլ իր հերթին թվերն ստացել է նշված երկու օդանավակայանների կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Նախկինում գրել ենք, որ կոնցեսիոների տվյալների ու ՀՀ վիճկոմիտեի հայտնած թվերի միջեւ զգալի տարբերություն կա, սակայն պետական մարմինները՝ ՔԱԿ-ն ու Վիճկոմիտեն, հստակ բացատրություն չեն տալիս, թե որն է տարբերության պատճառը: Կոնցեսիոների տվյալները հիմնվում են ավիաընկերությունների եւ օդանավակայանների ծառայությունների ու բաժինների տեղեկատվության վրա, իսկ Վիճկոմիտեն տվյալները վերցնում է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգից: Ըստ այս համակարգի՝ 2022 թ. «Զվարթնոցով» եւ «Շիրակով» ՀՀ պետական սահմանը հատել է 3.533.982 մարդ: Շեղումը հիմնականում «Զվարթնոցի» գրանցած ցուցանիշներում է, «Շիրակի» պարագայում» տարբերությունը չնչին է:

Քանի որ ՔԱԿ-ը տվյալներ չի հայտնում ՊՆ հաշվեկշռում գտնվող «Էրեբունի» (Երեւան) օդանավակայանով մեկնած-ժամանածների մասին, սրա ցուցանիշները կարող ենք նայել Վիճկոմիտեում: Ըստ այդմ՝ 2022 թ. «Էրեբունիով» տեղափոխվել է 10.496 ուղեւոր: Բայց վերջիններս տեղափոխվել են եթե ոչ ամբողջապես, ապա գերազանցապես ոչ առեւտրային թռիչքներով. այս պարագայում խոսքը պետական (ռազմատրանսպորտային) ավիացիայի չվերթերի մասին է:

Այսպիսով՝ եթե կենտրոնանանք առեւտրային ուղեւորափոխադրումների վրա, որոնք կատարվել են «Զվարթնոցով» եւ «Շիրակով», ապա հարկ է նշել, որ, ըստ ՔԱԿ-ի, 2022 թ. Հայաստանի այս երկու միջազգային օդանավակայանները օդային կապ են ունեցել արտասահմանյան 45 քաղաքների հետ, իսկ թռիչքները կատարել են 35 ավիաընկերություններ, այդ թվում՝ 5 հայկական, 6 ռուսական եւ 24-ը՝ այլ երկրներից:

Քաղավիացիայի կոմիտեից ստացել ենք այն 22 ավիաընկերությունների գրանցած ցուցանիշները, որոնք նախորդ տարի տեղափոխել են առնվազն 50.000 ուղեւոր: Հայկական բոլոր 5 ավիափոխադրողներն այս 22-ի մեջ են: Ավելին՝ 2022 թ. ամենաշատ ուղեւորները (458.542 մարդ) տեղափոխել է «Fly One Armenia»-ն: Լավագույն հնգյակում են ռուսական «Ազիմուտը» (350.913), «Աէրոֆլոտը» (272.406), «Red Wings»-ը (263.161) եւ հայկական «Ավիակոմպանիա Արմենիան» (228.204): Ինչպես կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում, «Շիրակ Ավիան» եզրափակում է նվազագույնը 50 հազ. ուղեւոր տեղափոխածների ցանկը:

Ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել, որ չվերթերի քանակով առաջատարը եղել է ռուսական «Ազիմուտը»: Երկու պատճառ կա, թե ինչու է վերջինս «Fly One Armenia»-ի համեմատ ավելի շատ չվերթերով ավելի քիչ ուղեւոր տեղափոխել. օդանավերի համեմատաբար փոքր տարողունակություն եւ/կամ նվազ բեռնվածություն: Սա վերաբերում է նաեւ մյուս փոխադրողներին, որոնք շատ չվերթ են կատարել մրցակիցների համեմատ, բայց ուղեւորների քանակն ավելի քիչ է եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում հայտարարել է, որ հայկական օպերատորները նախորդ տարի տեղափոխել են 900 հազ. ուղեւոր: Կոնկրետ ցուցանիշը 916.257 է: Այս թիվը, սակայն, նախորդ տարվա ընդհանուր ուղեւորափոխադրումների միայն 1/4-ն է կամ 25 տոկոսը: Սա նշանակում է, որ ուղեւորափոխադրումների հայկական շուկան 75 տոկոսով օգտագործում են արտերկրյա ընկերությունները: Այսինքն՝ տեղական օպերատորներն աճելու դեռ շատ տեղ ունեն:

Միաժամանակ չենք կարող մոռանալ, որ ռուսական փոխադրողների ցուցանիշների անկումը եւ դրանց ֆոնին հայկականների առաջընթացը պայմանավորված է 2022 թ. փետրվարին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմով եւ դրան հաջորդած հակառուսական պատժամիջոցներով, որոնք տարածվել են նաեւ արեւմտյան արտադրության ինքնաթիռների վրա: Բացի դրանից՝ հարկ է հիշել, որ Մոսկվան մեր ուղեւորների համար ավանդաբար եղել է ոչ միայն վերջնակետ, այլեւ տրանսֆերային կետ, այսինքն՝ Հայաստանից մեկնողները Մոսկվայի միջոցով մեկնել են այլ երկրներ: Սակայն քանի որ պատերազմի հետեւանքով եվրոպական երկրների մեծ մասը փակել է իր օդային տարածքը ռուսական փոխադրողների առաջ, շուկան հարմարվել է նոր պայմաններին ու հիմա տրանսֆեր գոտի են ծառայում այլ հայտնի հաբ-օդանավակայաններ թե՛ Եվրոպայում, թե՛ Մերձավոր Արեւելքում:

Հաջորդ հոդվածում կանդրադառնանք այն արտասահմանյան քաղաքներին, որոնց հետո «Զվարթնոցի» ու «Շիրակի» կապը եղել է ամենաակտիվը նախորդ տարի:

Լուսանկարը՝ zvartnots.aero-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter