HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ուտում էինք պահածոներ, կոմպոտ էինք խմում». 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողը մանրամասներ հայտնեց նահանջից

2020թ. հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 20-ը շրջափակման մեջ մնացած զինծառայող Ռուսլան Թումանյանը դատարանում մանրամասներ ներկայացրեց Խուռհատ սարի վրայից անկազմակերպ նահանջի և շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ։

2020թ.-ի հոկտեմբերի 9-ին Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի զինծառայողները հրաման էին ստացել բարձրանալ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարը և դիրքավորվել այնտեղ։ Հոկտեմբերի 10-ին թշնամին հարձակման է անցել, գումարտակի անձնակազմը նահանջել է։ Չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ նորակոչիկների մի մասը Վանք գյուղ է նահանջել և զոհվել։
Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միայնակ է թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։ Նա մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հերթական դատական նիստին գործով տուժող ճանաչված Ռուսլան Թումանյանը նշեց, որ սեպտեմբերի 25-ին Ջրականի զորամասում մարտական տագնապ է հնչել, մինչև փորձել են մտնել նկուղ, այն ավարտվել է։

«Չէինք հավատում, որ սխալմամբ ա էդ կոճակը սեղմել, բոլորն ինչ-որ բանի սպասում էին՝ միաժամանակ էն հույսով, որ չէր լինի»,- պատմում է Ռուսլանը՝ նշելով, որ արդեն սեպտեմբերի 26-ին մեքենաների մեջ սպառազինություն էին լցնում։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ռուսլանն իր դասակով բարձրացել է դիրքեր, պատերազմի մեկնարկից մի քանի օր անց նահանջել են դեպի 9-րդ կմ, այնուհետև՝ Հադրութ, տեղակայվել սկզբում՝ զորամասում, հետո՝ դպրոցում։

«Դպրոցում 3-4 օր ենք մնացել, հոկտեմբերի 9-ին ամբողջ գումարտակով բարձրացել ենք Խուռհատ սար։ Հոկտեմբերի 10-ին մարտ է սկսել, որի հետևանքով նահանջել ենք։ Հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 20-ը շրջափակման մեջ ենք ընկել»։

Ըստ տուժողի՝ մինչև Խուռհատ բարձրանալը գումարտակում շատ են եղել փոփոխություններ։ Օրինակ՝ ջոկի հրամանատարը ստանձնել է դասակի հրամանատարի պաշտոնը։

Ռուսլանի դասակի հրամանատարը Խուռհատ բարձրանալիս հրամայել է սպառազինությունը բարձրացնել։ Հենց այդ ժամանակ էլ Ռուսլանը հանդիպել է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանին։

«Գումարտակի հրամանատարը տեղակայված էր սարի սկզբնամասում՝ ներքևում, վիշկի մոտ։ Վիշկան ավելի ապահով տեղ էր»,- պատմում է Ռուսլանը։

Ռուսլանը նշեց՝ հոկտեմբերի 10-ի՝ 12.30-13.00-ն, կրակոցներ են լսվել, աստիճաբար շատացել, հրաձգային զենքերից, բացի դրանից եղել է նաև ականանետային, նռնականետային կրակ։

«Ամենաթեժ մարտը տարվում էր մեզնից ձախ, էդտեղից տղերքը վիրավորներ, դիակներ էին իջեցնում, մենք շարունակում էինք մարտը, կրակում էինք ներքև։ Հետո դասակի տղերքից մեկը՝ Ռազմիկը, վիրավորվեց, գրկեցի, օգնեցինք իջավ, որ հետ էի բարձրանում, հասկացա, որ էլ բարձրանալու տեղ էլ չկա։ Առաջին անգամ Վահանյանին էդտեղ եմ հանդիպել, ինչ-որ հրաման էր տալիս, ուղղակի բովանդակությունը չեմ հիշում»,- ասաց Ռուսլանը։

-Գումարտակի հրամանատարը չբարձրացա՞վ ձեր հետ առաջնագիծ,- հարցրեց դատախազ Գևորգ Ավետիսյանը։

-Ոչ։

Ռուսլանը նշեց՝ ճանապարհին հանդիպել է գումարտակի սպաներից հակատանկային դասակի հրամանատարին, Արսեն Ղարիբյանին, Հովհաննես Մուրադյանին, Վազգեն Վարդանյանին։

Տուժողը նշեց՝ իրենք չեն իմացել՝ ուր են գնում, հետևել են սպաներին։ Ինքը հետագայում իմացել է, որ դեպի Վանք գյուղի ուղղությամբ են գնում։

«Էդ ժամանակը մեր նպատակը նահանջելն էր՝ դեպի ավելի ապահով տեղ»,- ասում է նա։

Ռուսլանը նշեց՝ շարասյունով էին գնում։

-Ո՞նց բաժանվեց շարասյունը,- հարցրեց դատախազը։

-Կանոնակարգված չէր, սար բարձրանալը բավական դժվար էր, հոգնած էին, մարդիկ կային բավական դանդաղ էին բարձարնում, առջևից գնացող խումբը չէր կանգնել հանգստանալու, հետևից գնացողը մնացել էր հանգստանալու,- պատմեց Ռուսլանն՝ ասելով, որ բաժանումից հետո մնացել են մոտ 100 հոգով։

Հրամանատարական կազմից իրենց հետ եղել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը, և ըստ տուժողի, մեկ կամավոր, որին իրենք վստահել են, և որն էլ իր վրա պատասխանատվություն է վերցրել առաջնորդել զորքին։

Այդ կամավորը տեղեկացել է, որբ Հադրութի զորամասում շրջափակված զինծառայողներ են մնացել, և ասել է, որ պետք է գնան, օգնեն նրանց։

«Սարի բարձունքից հրազենային կրակ սկսեցին, նռնակներ նետեցին, որն ամենածանր վնասը տվեց։ 100 հոգուց ողջ էր մնացել մոտ 50 հոգի։ Որ բոլոր վիրավորներին հանեցինք, մենք էլ մտանք ձորը, էդ ժամանակ 21 հոգով ենք եղել, ձորում երկու օր մնացել ենք, հետո գնացել Վանք գյուղ»,- պատմում է Ռուսլան Թումանյանը։

Ըստ նրա՝ իրենք տեղյակ էին, որ հակառակորդը Հադրութում էր, քանի որ Խուռհատ սարի վրայից ինքն անձամբ նկատել էր Հադրութ մտնող հակառակորդի տանկերը։

Նոյեմբերի 6-ին Վանքում մնացած 21 հոգանոց խումբը բաժանվել է։ Ռուսլանի խոսքով՝ ութ հոգով գնացել են դեպի Ստեփանակերտ, իրենք մնացել են 13 հոգով, հետո կրկին բաժանվել։

Վեց հոգանոց խումբը, որտեղ նաև Ռուսլանն էր, ղեկավարել է Արման Արմաղանյանը։

«Ուտում էինք պահածոներ, լեչո, կոմպոտ էինք խմում… Սկզբում փորձել ենք դեպի Սարուշեն գնալ, բայց կրակում էին դեպի մեզ, հետո սկսել ենք քայլել Վանքից Ցոր, Ցորից սարերով, ձորերով քայլել ենք»,- շրջափակման ընթացքի մասին պատմում է Ռուսլանը։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը դատարանին հայտնեց, որ հակասություններ կան Ռուսլանի դատարանում տրված և նախաքննական ցուցմունքներում։

Ըստ դատախազի՝ Ռուսլան Թումանյանը նախաքննական ցուցմունքում նշել է, թե տեսել է՝ ինչպես է Իշխան Վահանյանը նստում մեքենան և հեռանում, անձամբ է տեսել։

Դատախազը շեշտեց՝ որպես վկա հարցաքննվելուց հետո նաև որպես տուժող է հարցաքննվել և նույն պատասխանն է տվել։

«Երևի ուրիշ բան եմ հիշել»,- ասաց Ռուսլանը՝ նշելով, որ ճշմարիտը դատարանում տրված ցուցմունքն է, և որ շատ բաներ նոր է վերհիշում։

Հաջորդ հանգամանքը, ըստ դատախազի, որը հակասում է նախաքննական ցուցմունքին, այն է, որ Ռուսլանը նշել է՝ չեն իմացել, որ ուղղությամբ պետք է գնան, չեն իմացել, որ գնում են Վանք և Հադրութում հակառակորդ կա։ Դատարանում նա ասաց՝ տեղյակ էր, որ Հադրութում հակառակորդն է, և տեսել է տանկերի առաջխաղացումը։

Ռուսլան Թումանյանը հայտնեց՝ Հադրութ գնալու ուղղությունը որոշվել է, երբ կամավորը խոսել է ինչ-որ մեկի հետ։ Ինքն էլ չի մտածել, որ այդքան շատ հակառակորդ է եղել Հադրութում։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 5-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter