HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ավտոբուսում գողացել են կնոջ դրամապանակը. նա դժգոհ է ոստիկանության աշխատակիցներից

Մարիետա Հովհաննիսյանը շաբաթ օրը՝ մարտի 18-ի երեկոյան 18:30-ի սահմաններում, Կենտրոնից՝ Սայաթ-Նովա Աբովյան փողոցների խաչմերուկի կանգառից, 57 համարի ավտոբուսով տուն՝ Աջափնյակ էր վերադառնում։ Գրպանում առանձին 100 դրամ էր պահել, մնացած գումարը դրամապանակում էր, դրամապանակը՝ պայուսակում։

Կինն իջել է ավտոբուսից, մտել մոտակա հացի փուռն ու տեսել, որ դրամապանակը չկա։ Հետ է գնացել ավտոբուսի մոտ, խնդրել է վարորդին, ստուգել մեքենան, բայց դրամապանակն այնտեղ էլ չի եղել։ Նա հիշել է, որ երբ կանգնած էր ավտոբուսում, երկու երիտասարդ տղաներ եկել ու շատ մոտ են կանգնել իրեն, ապա հրմշտելով առաջ են անցել, վարորդին խնդրել կանգառից դուրս մեքենան կայանել, որ իջնեն։ Մարիետային տղաների պահվածքը կասկածելի է թվացել, բայց չի պատկերացրել, որ գողեր են։

Այդ ամենը հիշելուց հետո Մարիետան զանգահարել է ոստիկանություն։ Աջափնյակի ոստիկանությունից եկել ու կնոջն ուղեկցել են բաժին, որտեղ Մարիետան հաղորդում է ներկայացրել։ Ոստիկանությունում գտնվելու պահին կնոջ հեռախոսահամարին հաղորդագրություններ են եկել, որ կանխիկացման փորձ է արվում Երիտասարդական մետրոյի մոտակա «Ակբա» բանկի բանկոմատից, և սխալ PIN կոդ է մուտքագրվել։

Մարիետան ոստիկաններին խնդրում է գնալ նշված հասցե, վերջիններս մերժում են` ասելով, չեն հասցնի, «գողն արդեն գնացած կլինի»։

Մարիետա Հովհաննիսյանը ոստիկանության բաժնում ներկայացրած հաղորդման մեջ նշում է, որ գողացել են սև, մեծ դրամապանակ, որում եղել են «Կոնվերսբանկի» և «Ամերիա» բանկի քարտեր, մեքենայի տեխանձնագիր, խանութների քարտեր, այլ փաստաթղթեր ու 39 000 դրամ գումար (տուն վերադառնալուց հետո նա հիշել է, որ դրամապանակի ամբողջ գումարը կազմել է ոչ թե 39 000, այլ 44 000)։

Կնոջը ոստիկանությունում ասել են, որ կարող է տուն գնալ, իրենք կփորձեն զբաղվել, բայց նաև հայտնել են, որ ամեն օր տասնյակ գողության դեպքեր են լինում, և ոստիկանությունն ի վիճակի չէ բոլորին ընթացք տալ։

«Արդեն երեկոյան ութն անց էր, դուրս եկա ոստիկանությունից, մոտս էլ գումար չկար։ Ես հուսահատ դուրս եմ գալիս փողոց, ոստիկաններն անգամ չեն առաջարկում ինձ տուն տանել, շատ լավ իմանալով, որ մոտս մի կոպեկ անգամ չկա, որ կարողանամ տուն հասնել, ստիպված փողոցում մեկից գումար եմ խնդրում, բացատրում եղելությունը, չի մերժում, տալիս է տուն եմ հասնում»,- պատմում է Մարիետան։

Նա չի հիշում ոստիկանի անուն, ազգանունը, բայց գրանցել էր հեռախոսահամարը, որ նորության դեպքում, կարողանան միմյանց հետ կապ հաստատել։ Մարիետան նաև գնացել է բանկեր, բլոկավորել բանկային քարտերը։

Հաջորդ օրը մի տղամարդ զանգահարել է Մարիետային, ասել, որ գտել է բանկային քարտեր ու մեքենայի տեխանձնագիր ու ցանկանում է փոխանցել նրան։ Տղամարդը բացատրել է, որ եթե նա գնա «Վերնիսաժ», հանդիպի Տիգրանին, վերջինս կարող է փոխանցել քարտերը։ Հաջորդ օրը նա գնացել և գտել է Տիգրանին։ «Հարցրի՝ ո՞նց եք գտել ինձ, ասաց՝ կինս ծանոթներ ուներ բանկում, պատմեցինք որ մի քանի քարտ ու տեխանձնագիր ենք գտել, խնդրեցինք ձեր հեռախոսահամարը փոխանցել, փոխանցենք ձեզ»,- պատմում է Մարիետան։

Տիգրանը պատմել է, որ քարտերը գտել է Աբովյան փողոցից՝ ճանապարհի եզրաքարերի վրա դրված է եղել։ Մարիետան այդ մասին հայտնել է ոստիկանությանը։

Քանի որ կանխիկացման փորձերը կատարվել են «Ակբա» բանկի բանկոմատից, կինը զանգահարել է բանկ, պատմել է կատարվածը ու խնդրել տրամադրել բանկոմատի այդ ժամվա տեսագրությունը։ Բանկից հայտնել են, որ դա կարող են միայն փոխանցել ոստիկանությանը, բանկից ուղղորդում են կնոջը դիմել ոստիկանություն։

Մարիետան այս ամենը փոխանցել է ոստիկանության աշխատակցին, ասել են, որ իրենք իրենց անելիքն արել են, ու գործը շարունակելու է Քննչական կոմիտեն։

«Ձեզ կզանգեն, ինչ եք զանգում, մուննաթ գալիս, գիտե՞ք օրը քանի տենց դեպք ա լինում, էլ չզանգեք, ձեր հետ կկապվեն»,-ըստ Մարիետայի այս պատասխանն են տվել իրեն վերջին անգամ ոստիկանությունից։

55–ամյա Մարիետա Հովհաննիսյանը զինթոշակառու է։ 68 000 դրամ թոշակից մնացել էր 44 000-ը, որը կինը կանխիկացրել էր, պահել դրամապանակում, որ մուծեր կոմունալ վճարներն ու հոգար կենցաղային ծախսերը։

Գլխավոր լուսանկարը՝ https://unsplash.com/ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter