
Արսեն Թորոսյանի հայրն այլևս ձկնաբուծական ընկերության բաժնետեր չէ
Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հայրը` Գևորգ Թորոսյանը, օրեր առաջ` մարտի 16-ին, դուրս է եկել «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ից, որտեղ ուներ 80% բաժնեմաս: Այժմ ընկերության միակ բաժնետերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է` Սարգիս Թադևոսյանը:
Հիշեցնենք՝ «Հետքը» դեռ 2022թ. հոկտեմբերին էր գրել, որ պատգամավորի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն էր՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»։
Չնայած որ Արսեն Թորոսյանի հայրը դուրս է եկել ընկերությունից՝ կարող ենք ենթադրել, որ այն ձևական է` հաշվի առնելով վերջին ամիսներին նրա անվան շուրջ շրջանառվող լուրերը` նախարար եղած ժամանակ «Covid-19»-ի դեմ պայքարի ընթացքում նախարարության աշխատակիցների իրականացված յուրացումների, ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ: Յուրացումների փաստով քրեական գործ է հարուցվել, կալանավորվել են նախարար Թորոսյանի տեղակալը, այլ պաշտոնյաներ:
Երբ Արսեն Թորոսյանն Առողջապահության նախարար էր, Ռազմիկ Թադևոսյանը եղել է նրա վարորդը: Այնուհետև դարձել է Թորոսյանի օգնականը, երբ վերջինս ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ռազմիկ Թադևոսյանը Ազգային ժողովից էլ «գործուղվել» է Արագածոտնի մարզպետարան՝ ավելի մոտ գտնվելով երկու ընտանիքի համատեղ բիզնեսին:
«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Աշխատել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:
Գրել էինք, որ հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից ընկերության 80% բաժնեմասը պատկանում էր Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը: Վերջինս նույնպես պաշտոն է զբաղեցրել Արագածոտնի մարզպետարանում: 2016թ. նշանակվել է Արագածոտնի արդեն նախկին մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանի օգնականի պաշտոնում: Օգնականի պաշտոնից ազատվել է 2017թ. օգոստոսի 11-ին: Մինչ այդ էլ աշխատել է հարկային մարմնում:
Մեր հրապարակման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես հայտնել էին Գլխավոր դատախազությունից, հրապարակումը հոկտեմբերի 28-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեում նոյեմբերի 4-ին Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի հատկանիշներով (հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Մեկնաբանել