HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ավիակոմպանիա Արմենիան» դարձել է «Էյր Դիլիջանս», քանի որ հայկական ավիացիայում «Արմենիա»-ները շատ էին

«Ավիակոմպանիա Արմենիա» («Aircompany Armenia») ընկերությունն այսօր հայտարարել է, որ վերանվանվելու է «Air Dilijans»: 2015 թ. դեկտեմբերին հիմնադրված այս ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում 2016-ի ամառվանից, հայտնել է, որ անվանափոխության պատճառն այս պահին Հայաստանում համահունչ անվանումներով մի շարք ընկերությունների առկայությունն է:

«Որոշումը կայացվել է մեր ուղեւորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու եւ ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով»,- հայտարարել է ավիափոխադրողը:

Նկատենք, որ այս պահին մեր երկրում կոմերցիոն ուղեւորափոխադրումներ են կատարում նմանատիպ անվանումներով հետեւյալ ընկերությունները՝ «Armenia Airways», «Armenian Helicopters», «Fly One Armenia», «Armenian National Airlines» (առավել հայտնի է որպես «Fly Arna»), «Armenian Airlines»: Այսինքն՝ 6 ընկերության անվան մեջ առկա է(ր) «Armenia(n)» բառը, ինչն ավիացիային ոչ մոտ մարդկանց շրջանում իսկապես շփոթության պատճառ էր դառնում:

Չնայած ավիաօպերատորը նշել է, որ «կվերանվանվի «Air Dilijans»», պետռեգիստրից տեղեկանում ենք, որ անվանափոխություն արդեն կատարվել է, եւ հիմա ընկերությունը կոչվում է «Էյր Դիլիջանս» ՍՊԸ: Ըստ էության, նոր անվանումը որոշակի բառախաղ է. մի կողմից՝ Դիլիջան քաղաքի անունն է կիրառված, մյուս կողմից՝ ֆրանսերեն «diligence» («դիլիժանս») նշանակում է ձիակառք, որը 17-20-րդ դարերում տարածված տրանսպորտային միջոց էր: Սա ձիերի լծված փակ կառք էր մի քանի նստատեղով, որով ուղեւորների ու փոստի միջքաղաքային փոխադրումներ էին կատարվում նախկինում:

Վերադառնալով արդեն նախկին «Ավիակոմպանիա Արմենիային»՝ պետք է հիշեցնենք, որ այն 2015-ի դեկտեմբերին հիմնադրել են գյումրեցի Աշոտ Թորոսյանը (51 %) եւ թբիլիսցի Ռոբերտ Օգանեսյանը (25 %), որոնց մեկ ամիս անց միացել է վրացի Թամազ Գաիաշվիլին (24 %): Վերջինս վրացական երկնքում նախկինում առաջատար դիրք զբաղեցնող «Georgian Airways» ավիաընկերության հիմնադիրն էր, իսկ Օգանեսյանը՝ դրա գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Այն ժամանակ հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ Թորոսյանն ատամնաբույժ է, բայց իրականությունն այն է, որ նրա մասնակցությունն «Արմենիայի» մեջ ձեւական էր, ինչը պայմանավորված էր օրենքով:

«Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ կոմերցիոն փոխադրումների իրավունք տվող ՕՇՎ (օդանավ շահագործողի վկայական) կարող են ստանալ այն իրավաբանական անձինք, որոնց առնվազն 51 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց: Պատահական չէ, որ ատամնաբույժ Ա. Թորոսյանը հենց 51 տոկոսի սեփականատեր էր գրանցվել, սակայն 2017-ի դեկտեմբերին այդ բաժնեմասն անցել է ՀՀ քաղաքացի դարձած Ռ. Օգանեսյանին, ով նաեւ ավիաընկերության տնօրենն է: Մնացած 49 տոկոսը Թ. Գաիաշվիլունն է (իրական շահառուների ներկա հայտարարագիրը՝ այստեղ):

ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցի Վ շենքի այն բնակարանն է, որտեղ հաշվառված է «Georgian Airways»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Բաղդասարովը: Նրա բնակարանում են գրանցված թե՛ ներկայացուցչությունը, թե՛ Ռոբերտ Օգանեսյանը:

Ինչպես արդեն գրել ենք, 2022 թ. «Ավիակոմպանիա Արմենիան» կատարել է 2554 թռիչք ու վայրէջք եւ տեղափոխել 228.204 ուղեւոր: Այս ցուցանիշով ընկերությունը նախորդ տարի եղել է 5-րդը հայկական շուկայում: 

Այս պահին «Aircompany Armenia»/«Air Dilijans»-ը շահագործում է 1 հատ «Boeing 737-500» տիպի օդանավ (հայկական գրանցումը՝ EK-73736), որով թռիչքներ է կատարում դեպի Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) եւ Թբիլիսի: 

Առաջին լուսանկարում՝ EK-73736-ը՝ Մոսկվայի երկնքում, 08.10.2022, հեղ.՝ Մարիաննա Ռիչկովսկայա (jetphotos.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter