HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում մթերքը թանկացել է

100 օր շարունակվող շրջափակման ընթացքում Արցախում տեղի են ունեցել ապրանքների կտրուկ թանկացումներ։ Բնակիչները բողոքում են, որ որոշ ապրանքներ կրկնակի, նույնիսկ եռակի են թանկացել։ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը մի շարք բողոքներից հետո սկսել է իրականացնել դիտանցումներ, ինչպես նաև սահմանել է ապրանքատեսակների մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գներ։ 

Տվյալ գնացուցակները կախվում են խանութների մուտքերի մոտ՝ հաճախորդներին տեսանելի տեղերում։ 

Ստեփանակերտի բնակիչ Սուսաննա Սավադյանը նշում է, որ թանկացել են բոլոր ապրանքները։ Միայն հացն է մնացել նույն գնին։ Նրա խոսքով՝ որոշ ապրանքներ գնացուցակները կախելուց հետո են թանկացել, իսկ որոշները՝ էժանացել։

«Մինչև շրջափակումը ամենաէժան բրնձի մեկ կիլոգրամը 500 դրամով էր վաճառվում։ Գնացուցակները կախելուց հետո դարձրել են 600 դրամ, որովհետև սահմանված ամենաբարձր գինը 600 է։ Ամենաշատը թանկացել են կոնֆետները, մսեղենն ու երշիկեղենը։ 4500 դրամից ցածր շոկոլադե կոնֆետ չկա։ էն սովորականներն էլ հանձնաժողովի ստուգումներից հետո մեկը կամ երկուսը իջեցրել են 2300 դրամ, 3500 դրամ են սարքել, մնացածներն էլի 4000 դրամից բարձր թողել»,- պատմում է նա։

Ասում է՝ եթե մինչև շրջափակումը տավարի մսի մեկ կիլոգրամը 3500 դրամ էր, հիմա 4500 դրամ է, նույնը խոզի մսի դեպքում է, դա էլ հիմա դժվար գտնվող է։ Ամեն դեպքում չի հուսահատվում։

«Վեր խաղաղություն ինի, մունք ամեն հինչին տեմ կկենանք, թաքի խաղաղություն ինի, մեր հողում մունք ապրինք»,- ասում է Սուսաննա Սավադյանը։ 

Ժենյա Առուստամյանը թոշակառու է, կտրոններով առևտուրը տան մոտակա խանութից է միշտ անում։ Ասում է՝ կտրոններով ապրանքներից ձավարեղենը, ձեթը շատ չեն թանկացել, սահմանված գներից էլ չեն անցնում։ Բանջարեղենի ու մսի գներից է դժգոհում։

«50 000 դրամ թոշակում ստանում։ Մսին կիլոն էլ 4500 դրամա։ Ես հու՞նց ռիսկ անիմ 50 հազարից 4 հազարը տամ՝ մի կիլո միս առնիմ»,- ասում է Ժենյա Առուստամյանը։ 

Նաիրա Ստեփանյանը հինգ երեխաների մայր է։ Ասում է՝ խանութում բան էլ չկա գնելու։

«Զոռավ, մին թահրավ, ծլպան-ծլպան հսցնումնք։ Կարտոֆիլը 450 դրամանըն ծախում, հընցած տարի ամենաթինգանոցը թող 350 իլած ինի, ամենալավերը։ Բայց 200-250 դրամից կրեցալնք առնինք։ Կանաչ, թարմ սողանը փունջը 450 դրամանում առալ յիրկե, իսկ առաջ 250 դրամա իլալ։ Կոֆեն էլ վեր 250 դրամա իլալ, մհենգ 400 է։ Կոնֆետն էլ 2500 դրամանոցը սարքալն 4500 դրամ։ Խոխատ էլ օզումա, կարում չս առնիս»,- ասում է Նաիրա Ստեփանյանը։ Նա նշում է, որ լոլիկ ու վարունգ հազվադեպ է կարողանում գնել, քանի որ լոլիկի կիլոգրամը 3000 դրամով են վաճառում, իսկ վարունգը՝ 1800 կամ 2000 դրամով։ 

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը «Հետքին» տված մեկնաբանության մեջ նշել է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առկայությամբ հանձնաժողովի կողմից հարուցվել էր 14 վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների, հիմնականում միրգ ու բանջարեղենի, սովորականից բարձր գներով իրացման համար։ Հարցին, թե արդյոք գնաճը նաև պայմանավորվա՞ծ է ապրանքափոխադրման ընթացքում ռուս խաղաղապահների՝ հավելյալ գումար պահանջելով, հանձնաժողովից չմեկնաբանեցին՝ նշելով, որ դա նրանց գործունեության շրջանակի մեջ չի մտնում։ Միայն հավելեցին, որ հանձնաժողովը հորդորել է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման եղանակով ՀՀ-ից Արցախ ապրանք բերելուց։  

«Հետքը» միաժամանակ եղել է Ստեփանակերտի 15 մեծ ու փոքր խանութներում, որոնցից միայն երկուսում է եղել սահմանված առավելագույն գներից բարձր գնով վաճառվող ապրանքներ։ Երկու խանութներում էլ հանձնաժողովի կողմից սահմանված գնացուցակները կախված չեն եղել։ Ինչպես նաև չեն թույլատրել լուսանկարել ապրանքները։ Խոսքը Թումանյան 85 հասցեում գտնվող փոքր խանութի մասին է, որտեղ տնական հավի ձուն վաճառվում էր 120 դրամով, մինչդեռ սահմանված առավելագույն գինը տնական հավի ձվի համար 100 դրամ է։

Հաջորդը Վազգեն Սարգսյան 11 հասցեում գործող միրգ-բանջարեղենի խանութն է, որտեղ վաճառվում էր նաև մսեղեն ու երշիկեղեն։ Այս խանութում նույնպես լուսանկարելու թույլտվություն տնօրենից չստացվեց վերցնել։ Ե՛վ միրգը, և՛ բանջարեղենը ընդգծված բարձր գնով էր վաճառվում․ լոլիկ՝ 3000 դրամ, վարունգ՝ 2300 դրամ, նարինջ՝ 1800 դրամ, մանդարին՝ 1900 դրամ։ Տեղեկացնենք նաև, որ որոշ ապրանքներ, ինչպիսիք են ձեթը, սուրճը, արդեն իսկ բացակայում էին խանութների շարքերից և կարող էին հանդիպել առավելագույնը 2-3 խանութներում, իսկ թեյ այցելած 15 խանութներից ոչ մեկում չկար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter