HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապօրինի գույքի բռնագանձման գործով պետության հետ հաշտության եկած անձը «Հարսնաքարի» տնօրենն է

Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, մարտի 21-ին կայացրել է իր առաջին վճիռը` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Դատախազությունը և պատասխանողներ Արթուր Մանուկյանը, Հասմիկ Բիչախչյանը հաշտության համաձայնության են եկել` հօգուտ պետության փոխանցելով Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցին հարակից հողատարածքը, որի միջին շուկայական արժեքը 81 մլն 962 հազ. դրամ է: Այսօր դատարանը հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունը և այդ հիմքով վճիռ կայացրել:

Մինչև համաձայնության գալը` Դատախազությունը պահանջում էր բռնագանձել վերը նշված անշարժ գույքի 52.25%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը` 42 մլն 827 հազ դրամը: Սակայն կողմերը համաձայնության են եկել պետությանը փոխանցել այդ գույքի 100%-ը` փոխարենը բռնագանձման ենթակա որոշ գույքեր չեն բռնագանձվի:

Պարզեցինք, որ Արթուր Մանուկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մտերիմներից է:

Արթուր Մանուկյանն այժմ Սևանում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի տնօրենն է: Այդ պաշտոնը զբաղեցնում է 2020թ. մայիսից: «Հարսնաքար» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Ռուբեն Հայրապետյանի որդին է` Ռաֆիկ Հայրապետյանը:

Մանուկյանը 2020թ. սեպտեմբերից զբաղեցնում է նաև Ռուբեն Հայրապետյանին պատկանող Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հիմնադիր ընկերության` «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը:

Մինչ այդ Արթուր Մանուկյանը 9 տարի եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի տնօրենը, երբ Ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն էր:

Պետության հետ հաշտության եկած Մանուկյանը Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Բիզնես Պալե» ՓԲԸ-ում, «Արթուր Մանուկյան» ՍՊԸ-ում ևս մասնակցություն ունի:

Ինչ վերաբերում է Հասմիկ Բիչախչյանին, ապա նա աշխատել է Երևանի քաղաքապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ:

Հիշեցնենք` «Հետքը» գրել էր, որ «Ապօրինի գույքի» գործերով առաջին անգամ Հակակոռուպցիոն դատարանում հաշտության համաձայնություն է հաստատվում: Գլխավոր դատախազությունը դատարանում գտնվող գործի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի էր պահում: Տեղեկատվություն չէր փոխանցում նաև պատասխանողների վերաբերյալ:

Այս գործով կողմերը հիմք են ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքները: Դրա համաձայն` ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների հանրագումարը կազմում է մոտ 96 մլն 151 հազ. դրամ:

Ուսումնասիրության վերջնական եզրակացությամբ նախատեսվել է, որ Արթուր Մանուկյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող և բռնագանձման ենթակա է 4 միավոր գույք և մոտ 17 մլն 170 հազ. դրամ:

Հաշտության համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետությանը փոխանցվող գույքի միջին շուկայական արժեքը` 81 մլն 962 հազ. դրամը, կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքերի ընդհանուր արժեքի` 96 մլն 151 հազ. դրամ դրամի 85.24 %-ը։

Մասնավորապես, ուսումնասիրության արդյունքներով ապօրինի են համարվել հետևյալ գույքերը.

1 Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցին հարակից հողատարածքի 52.25%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը` 42 մլն 827 հազ․ դրամ,

2 Երևանի Ալմա-Աթայի փողոց 94 շինության 1857%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 505 հազ. դրամ,

3 Երևանի Իսահակյան թաղամաս 5/5 շենքի թիվ 6 բնակարանի 3478%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը՝ 15 մլն 211 հազ. դրամ,

4 Porche Cayenne S V8 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցի 8121%-ը կամ գույքի միջին շուկայական արժեքը` 7մլն 439 հազ․ դրամ,

5 10 մլն 540 հազ․ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ,

6 6 մլն 630 հազ դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել կամ բռնագանձել։

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Դատական ակտը կամովին չկատարելու դեպքում` կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter