
Կառավարությունը կաջակցի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվողներին
Էկոնոմիկայի նախարարությունը աջակցության ծրագիր է մշակել ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվողների համար։ Կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ Ծրագրի շրջանակներում տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով աջակցությունը կտարամադրվի երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և կատարված ծախսի փոխհատուցման: Վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման բաղադրիչով վարկերը կտրամադրվեն 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% տոկոսադրույքով, որից կսուբսիդավորվի առավելագույնը 12 տոկոսը այնպես, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։
Կատարված ծախսի փոխհատուցման բաղադրիչով կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից առավելագույնը 100 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների, այդ թվում՝ 5 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշի (ոչխարի և այծի) ձեռքբերման փաստացի ծախսը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի, քան 45.0 մլն դրամի 23-27 տոկոսը։
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, Ծրագրի շրջանակներում Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից ձեռք է բերվել ու Հայաստան է ներկրվել ընդհանուր առմամբ 1327 գլուխ դորպեր, ռոմանովյան, օստֆրիսլանդական, բլանշ ցենտրալ մասիվ և հիսարյան ցեղերի տոհմային ոչխարներ։
Նախագծի ընդունմամբ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է գրավիչ պայմաններ ստեղծելով՝ ավելացնել Ծրագրի շրջանակներում ձեռքբերվող տոհմային մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել