HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, որը համարվում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրման պայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։ Այդ մասին Դեսանթիսը հայտարարել է «Piers Morgan Uncensored» հաղորդման եթերում լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցի ժամանակ։

«Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»,- ասել է Դեսանթիսը, որի մի հատվածը հրապարակել է Fox News-ը։

Մորգանը նահանգապետին հարց է տվել, թե ինչ է նա մտածում Պուտինի մասին։ Դեսանթիսը պատասխանել է, որ իր կարծիքով Ռուսաստանի նախագահը «մեծ հավակնություններ» ունի և «թշնամական վերաբերմունք ունի ԱՄՆ նկատմամբ»։

«Բայց այն, ինչ մենք տեսել ենք, ցույց է տալիս, որ նա չունի սովորական հնարավորություններ իրագործելու իր հավակնությունները։ Նա, ըստ էության, բենզալցակայան է՝ մի փունջ միջուկային զենքով»,- ասել է նահանգապետը։

Մեկնաբանելով Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշումը Վլադիմիր Պուտինին ձերբակալման օրդեր տալու վերաբերյալ՝ Դեսանթիսն ասել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի նախագահը պետք է ենթարկվի պատասխանատվության։

The New York Times-ը նշում է, որ նախորդ շաբաթ Դեսանթիսը Fox News-ի հաղորդավար Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում քննադատել էր Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ կարևոր ազգային շահեր և «Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև տարածքային վեճին հետագա ներքաշումը չի դասվում դրանց թվին»։ Պուտինին նա չէր հիշատակել։

«Տարածքային վեճի» մասին նահանգապետի խոսքերը քննադատել էին նաև Կոնգրեսում Հանրապետական կուսակցության որոշ անդամներ, ինչպես նաև կուսակցության հովանավորների մի մասը։ Այդ հայտարարության մեջ շատերը նմանություն էին գտել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ, որը պնդում է, որ խաղաղության կարելի է հասնել, եթե Ուկրաինայի որոշ տարածքներ հանձնվեն Ռուսաստանին։ Նա ևս հայտարարել էր, որ ուկրաինական պատերազմը չի մտնում ԱՄՆ հետաքրքրությունների մեջ։

Փիրս Մորգանին տված հարցազրույցում Դեսանթիսը պնդել էր, որ «տարածքային վեճի» մասին իր մեկնաբանությունը «սխալ է մեկնաբանվել»։ Նա նշել է, որ ինքը պետք է ավելի հստակ արտահայտվեր։ «Ակնհայտ է» անվանել այն հանգամանքը, որ 2022 թվականին Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Նա նաև քննադատել է 2014 թվականին Ղրիմի բռնակցումը։

Լուսանկարը՝ Ron Johnson/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter