
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել ծանր վիրավորում ունեցող բոլոր գերիներին
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել ծանր վիրավորում ունեցող բոլոր գերիներին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքի համակարգող շտաբը։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Շտաբի հաղորդագրության համաձայն՝ դա չի եղել փոխանակում, այլ՝ հայրենադարձում։ Բոլոր վիրավորները, որոնց վիճակը թույլ էր տալիս տեղափոխման, Ռուսաստանին են վերադարձվել առանց հանդիպակած պայմանների։ Շտաբը նշել է, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմին է փոխանցվել 5 մարդ։
Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ ծանր վիրավորում ու հիվանդություն ունեցող գերիները փոխանակման ենթակա չեն։ Նրանք պետք է տարհանվեն իրենց երկրներ բուժման համար։
«Միևնույն ժամանակ ագրեսոր պետությունը, պարբերաբար անտեսելով միջազգային նորմերը, մինչ օրս գերության մեջ է պահում ուկրաինացի հազարավոր քաղաքացիների, այդ թվում ծանր հիվանդներին և վիրավորներին, քաղաքացիական անձանց, երեխաներին ու կանանց, ծերերին, ինչպես նաև, մինչև լայնամասշտաբ ներխուժում, ռուսական գերության մեջ գտնվող անձանց։ Քաղաքացիների այդ բոլոր կատեգորիաները, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, պետք է վերադարձվեին Ուկրաինային՝ առանց որևէ նախապայմանների հայրենադարձման ճանապարհով»,- հայտարարել է համակարգող շտաբը։
Մարտի 7-ին Ուկրաինան և Ռուսաստանն իրականացրել էին ռազմագերիների հերթական փոխանակումը, որի արդյունքում տուն էր վերադարձել 130 ուկրաինացի և 90 ռուսաստանցի։ Ուկրաինա էին վերադարձել Ուկրաինայի զինված ուժերի ու սահմանապահ ուժերի զինծառայողները, ինչպես նաև Ազգային գվարդիայի մարտիկները։ 130 գերիներից 4-ը կանայք են եղել։
ՌԴ ՊՆ-ն հաստատել էր գերությունից վերադարձած 90 ռուսաստանցիների լուրը։
Լուսանկարը՝ Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքի համակարգող շտաբի
Մեկնաբանել