HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ուզում է շահագործել Լիճքի պղնձի հանքավայրը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ուզում է շահագործել Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրը: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտը: 

Ըստ ներկայացված նախագծի` Լիճքի պղնձի հանքավայրը նախատեսվում է շահագործել բացահանքով` ապահովելով սուլֆիդային և խառը տիպի հանքաքարերի արդյունահանման տարեկան 2 մլն տոննա հանրագումար քանակությունը

Լիճքի պղնձի հանքավայրի ռեսուրսային և տնտեսական ներուժը վերջին անգամ գնահատվել է 2015թ.: Այդ աշխատանքների արդյունքներով ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալությունը իր եզրակացությամբ հաստատել է հանքավայրի կոնդիցիաների պարամետրերը և դրանց հիման եզրագծված ու հաշվարկված պաշարները: 

Հաշվի առնելով կորուստների և աղքատացման ցուցանիշները, որոնք, ըստ նախագծի, համապատասխանաբար կազմում են 4 և 7 %, հանքավայրի շահագործական պաշարները կազմում են 46,29 մլն տոննա։ Տարեկան 2 մլն տ արտադրողականության պարագայում հանքավայրը նախատեսված է շահագործել 23 տարի։ 

Սուլֆիդային և խառը տիպի հանքաքարերը, բացահանքի հարակից տարածքում առաջնային խոշոր ջարդումից հետո, նախատեսվում է տեղափոխել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ կազմակերպվելու է դրանց վերամշակումը ֆլոտացիայի եղանակով՝ պղնձի խտանյութի ստացմամբ

Հիշեցնենք, որ Լիճիքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել էր «Թաթսթոուն» ՍՊԸ-ին, մի ընկերության, որը, ինչպես արդեն գրել ենք, ԶՊՄԿ-ին փոխկապակցված ընկերություն էր: «Թաթսթոուն» ՍՊԸ-ն որոշակի աշխատանքներ արդեն իսկ իրականացրել էր տարածքում: Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո բոլոր տիպի աշխատանքները դադարեցվել էին, և արդյունահանողները հեռացել էին տարածքից: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի` 2021թ. մայիսի 12-ի հրամանով` դադարեցվել էր «Թաթսթոուն» ՍՊԸ-ի` Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը:

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն Վարչական դատարանում վիճարկում էր այս հրամանը` պահանջելով անվավեր ճանաչել այն: Այս տարվա փետրվարի 21-ին դատավոր Արգիշտի Ղազարյանը մերժել է ընկերության հայցը: «Թաթսթոուն» ՍՊԸ-ն բողոքարկել է մերժման որոշումը Վարչական վերաքննիչ դատարանում: 

Չնայած ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ ընկերությունն արդյունահանման աշատանքներ չի իրականացրել, այս նախագծում հստակ նշվում է, որ Լիճքի պղնձի հանքավայրի վերին հորիզոններում նախկինում իրականացված լեռնակապիտալ աշխատանքների արդյունքում արդեն իսկ հեռացվել են մոտ 589 հազար մ3 մակաբացման ապարներ։ 

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում շուրջ 22 % մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետությունը:  

Ինչպես նշված է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն կառավարության 2022թ. դեկտեմբերի 12-ի որոշման (որոշումը կառավարության կայքում տեղադրված չէ): 

ԶՊՄԿ-ի 40 տոկոսի բաժնետերը Գլեբ Տրոցենկոն է` Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հիմնական սեփականատիրոջ՝ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին: 10 % մասնակցություն ունի ՌԴ քաղաքացի, Տրոցենկոյի գործընկեր Միրզաազիզ Մուսախանովը: ՌԴ քաղաքացի մյուս` Միխայիլ Զուրաբովի մասնակցությունն այստեղ մնացել է նույնը` շուրջ 12,5 %: 

Ըստ ամենայնի, դատական ակտը բողոքարկում են ԶՊՄԿ-ի նախկին բաժնետերերին առնչվող անձինք, որոնք էլ փորձում են վերականգնել Լիճքի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: 

Մեկնաբանություններ (1)

Գևորգ Արզումանյան
Շատ վտանգավոր և կործանարար ծրագիր է Մեղրու տարածաշրջանի համար, նաև ոչ էֆեկտիվ։ Կդառնա հայաթափման պատճառ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter