HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կադաստրի կոմիտեի համար դատարանի վճիռը օրինական հիմք չէ

Մոտ 6 ամիս է, ինչ Հայկ Հայրապետյանը Կադաստի կոմիտեում չի կարողանում գրանցել Դիլիջան քաղաքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 3,25 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը:

Կոմիտեն տարբեր պատճառաբանություններով կասեցնում է իրավունքի գրանցման վարույթը: Մեկ պահանջում է Դիլիջան համայնքի ղեկավարի որոշում՝ հողամասի կադաստրային արժեքի վերաբերյալ, մեկ՝ ապացույց, որ նպատակային նշանակության համար փոփոխություն կատարելու դիմումը համայնքապետարան մուտքագրվել է մինչև 2020թ. դեկտեմբերի 15-ը, երբ գործող կադաստրային արժեքներն ավելի ցածր էին հաշվում:

«Հետքը» դեռ 2022թ. դեկտեմբերի 21-ին էր անդրադարձել 3,25 հա հողի պատմությանը:

Գրել էինք, որ Հայկը դեռևս 2019թ. Դիլիջան համայնքի ղեկավարին էր ներկայացրել գյուղատնտեսական հողամասը «բնակելի կառուցապատման» փոփոխելու վերաբերյալ դիմում, որպեսզի ներդրումային ծրագիր իրականացնի:

Նախատեսվում է ներդնել մոտ 8 մլրդ դրամ: Պայմաններ է ստեղծվելու էկո զբոսաշրջության համար, որը ներառում է տարածքում գիտաժողովների մասնաշենքի կառուցում: Շենքը բաղկացած է լինելու 4 սրահից, որոնք նախատեսված են գիտաժողովների և համատեղ աշխատանքի համար՝ մինչև 800 մասնակից միաժամանակ ընդունելու հնարավորությամբ։

2021թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հողամասի նպատակային նշանակության վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն:

Դրանից հետո համայնքի ավագանին որոշել է 3,25 հա հողամասը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես բնակավայրերի հող, ըստ գործառնական նշանակության՝ բնակելի կառուցապատման: Նշվել է, որ հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը:

Սեփականատիրոջը պարտավորեցվել է համայնքային բյուջե վճարել փոփոխության արդյունքում կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 218 մլն 377 հազ 250 դրամ:

Դիլիջան համայնքի ղեկավարի նշված որոշումը՝ գումարի չափի մասով, վիճարկվել է Վարչական դատարանում, քանի որ գումարն ավել է հաշվարկվել: Դատարանը 2022թ. հուլիսի 14-ին հայցն ամբողջությամբ բավարարել է: Հաստատված է համարվել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխման համար ենթակա է վճարման մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը գործող, այսինքն՝ ավելի ցածր կադաստրային արժեքներով հաշվարկված տարբերությունը։

Դրանից հետո որոշվել է, որ հողամասի նշանակության փոփոխության տարբերությունը կազմում է 36 մլն 627 հազ. 500 դրամ, ինչն ամբողջությամբ վճարվել է համայնքային բյուջե: Արդեն 2022թ. սեպտեմբերի 28-ին սեփականատերը դիմել է Կադաստրի կոմիտե՝ խնդրելով գրանցել հողամասի նպատակային և գործառնական նշանակության համապատասխան փոփոխությունը, ինչը մինչ օրս չի հաջողվում իրականացնել:

Հայկը մեր հոդվածից հետո մի քանի անգամ ևս դիմել է Կադաստրի կոմիտե՝ հույս ունենալով ի վերջո հասնել իրավունքների գրանցման և սկսել ներդրումային ծրագիրը, սակայն Կադաստրի կոմիտեն անդրդվելի է:

Դիլիջան համայնքի ղեկավարի կայացրած՝ հողի նշանակության փոփոխման որոշումից բացի Կադաստրային կոմիտեին տրամադրվել է նաև Վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Վճռում հաստատված է համարվել, որ 3.25 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ առաջին դիմումը մուտքագրվել է 02.10.2019թ., այսինքն այն ժամանակ, երբ կադաստրային արժեքները ցածր էին: Մինչդեռ Կադաստրի կոմիտեում համառորեն անտեսում են վճիռը և պահանջում են համայնքի ղեկավարի կողմից գրություն՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 15-ը դիմում ներկայացրած լինելու վերաբերյալ:

Չգոհացնող պատասխանը վերադասության կարգով բողոքարկվել է Կադաստրի կոմիտե: Կոմիտեի նախագահի տեղակալ Արևիկ Ավոյանը պատասխանել է՝ այդ առնչությամբ նախկինում արդեն պատասխանել են: Այսինքն՝ հղում է արվում այն գրություններին, որոնցով պահանջվում է դիմումի ներկայացման վերաբերյալ ապացույց՝ անտեսելով, որ այդ փաստն արդեն հաստատված է վճռով:

Նշենք, որ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, այն է՝ 3.25 հա մակերեսով հողամասը որպես բնակավայրերի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամաս գրանցելուն պարտավորեցնելու պահանջով 2022թ. դեկտեմբերի 16-ին հայցադիմում է ներկայացվել վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի:

Հայցադիմումն ընդունվել է վարույթ և առաջին դատական նիստը նշանակվել է դրանից 6 ամիս անց՝ 2023թ. հունիսի 15-ին:

Եթե Կադաստրի կոմիտեն շարունակի հաշվի չառնել արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերը, դատական կարգով նրան պարտավորեցնելու պահանջով վճիռ հնարավոր չէ ստանալ մեկ տարուց շուտ: Սա նշանակում է, որ առնվազն մեկ տարով հնարավոր չէ իրականացնել ներդրումային ծրագիր՝ պետական մարմինների բյուրոկրատիայի պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter