HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նեթանյահուն ազատել է Իսրայելի պաշտպանության նախարարին. ավելի վաղ նա կոչ էր արել չեղարկել դատական բարեփոխումները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնից ազատել է այդ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին այն բանից հետո, երբ վերջինս հանրայնորեն կոչ արեց կառավարությանը դադարեցնել վիճահարույց դատական բարեփոխումների ընդունումը։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին։ 

Իսրայելում արդեն երրորդ ամիսն է՝ չեն դադարում բողոքի ցույցերը։ Ցուցարարները դեմ են երկրի գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակման կառավարության պլաններին։ Հիմա դատարանը հնարավորություն ունի արգելափակել խորհրդարանի որոշումները, եթե դրանք համարի ոչ իրավաչափ։ 

Շաբաթ օրը հանդես գալով հեռուստատեսությամբ՝ Գալանտը նշել էր, որ դատական բարեփոխումների շարունակումը հանրության շրջանում ահռելի ճեղքում է առաջացրել, ինչպես նաև զայրույթի, ցավի ու հիասթափության աննախադեպ զգացում, որը տարածվել է նաև բանակի վրա։ «Դա ունի հստակ, անմիջական և շոշափելի սպառնալիք պետության անվտանգության համար»,- հայտարարել էր արդեն պաշտպանության նախկին նախարարը։ Նա հավելել էր, որ հրաժարվում է աջակցել այդ նախաձեռնությանն իր ներկայիս տեսքով ու կոչ արել կառուցողական երկխոսության։ 

Այդ հայտարարությունից հետո Նեթանյահուն իր մոտ էր կանչել Գալանտին և անձամբ հայտնել, որ կորցրել է նրա նկատմամբ վստահությունը ու Գալանտն այլևս չի կարող գլխավորել պաշտպանական գերատեսչությունը։ Նեթանյահուի կողմից գլխավորած «Լիկուդ» կուսակցության անդամների մի մասն աջակցել էին Գալանտին, մյուսները՝ կոչ արել պաշտոնից ազատել նրան։ 

Կիրակի երեկոյան Իսրայելում շարունակվել էին բողոքի ցույցերը։ Թել Ավիվում ցուցարարները փակել էին խոշոր մայրուղին։ 

Նեթանյահուի դատական բարեփոխումների էությունը այն է, որ զրկի դատական իշխանությանը իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերի որոշումների վրա ազդեցությունից։ Իսրայելում խորհրդարանը միապալատ է։ Կառավարության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը մինչ օրս իրականացնում էր Գերագույն դատարանը՝ արգելափակելով այն օրենքների ընդունումը, որոնց համարում է ոչ իրավաչափ։

Նախատեսվող փոփոխություններով ենթադրվում է, որ ցանկացած վետո հնարավոր կլինի շրջանցել՝ խորհրդարանի ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ, այսինքն 61 ձայն։ Դա նշանակում է, որ իշխող կոալիցիան, որը Կնեսետում ունի մանդատների մեծամասնությունը, կկարողանա անխոչընդոտ ընդունել կամ չեղարկել ցանկացած օրենք։ 

Օրենքի քննադատները նշում են, որ այս ամենը կհանգեցնի Իսրայելում բռնապետական կարգերի հաստատմանը։ Նեթանյահուն, հակառակը, հակաժողովրդավարական է անվանում ներկայիս իրավիճակը, երբ դատարանը կարող է սահմանափակել խորհրդարանի գործունեությունը։ 

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը Գալանտի ազատումն անվանել է կառավարության վարքագծի «նոր անդունդ»։ «Նեթանյահուն կարող է հեռացնել Գալանտին, բայց նա չի կարող հեռացնել իրականությունը կամ Իսրայելի ժողովրդին, որոնք լի են վճռականությամբ դիմակայելու կոալիցիայի խելագարությանը»,- ընդգծել է Լապիդը։

Կոլաժը՝ globes.co.il-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter