HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Գևորգյանը եթե իմ վրա զենք պահեր՝ հաստատ չէի քշի»․ Ցորի գործով վկայի ցուցմունքից

«Կառավարման դասակում ինչքան մարդ որ եղել է, բոլորով «Սատկո» մեքենայով գնացել ենք այդ վայրը։ Դուրս գալուց երեքն են նստել մեքենան՝ Սամվելը, Գրիգորն ու Խաչիկը։ Ընդ որում՝ Խաչիկը կառավարման դասակից չի եղել»,- 2020թ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի շրջափակման մեջ հայտնվելու մասին մարտի 27-ի նիստում դատարանին հայտնեց վկա Արման Օհանյանը։ 

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործով նա առանցքային վկա էր։ Արարատի մարզից Արցախի ՊԲ ծառայության զորակոչված Արման Օհանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Գևորգ Գևորգյանին կցված «Սատկո» մեքենայի վարորդն է եղել։ Դատարանին հայտնեց, որ իր հրամանատարը եղել է Գևորգ Գևորգյանը, պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, միասին են եղել, Գ Գևորգյանի հրամանով է «Սատկո» մեքենան վարել։  

Վկան հայտնեց, թե չգիտի որտեղ էին գտնվում իրենք, տեղանքի անվանումը չի հիշում։ Հարցաքննության ընթացքում պարզվեց, որ վկան ոչ միայն տեղանքը չի հիշում, այլև դեպքի մանրամասները, զինակից ընկերների անունները չի հիշում, չհստակեցրեց նաև, թե իր գործողությունները որոնք են եղել մինչև թշնամու հարձակվելը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտնեց, որ հարցերին պատասխանելով կարող է ներկայացնել կատարվածը։ Քրեական գործով մեղադրողներ, զիվորական դատախազներ Հայկ Ռափյանն ու Դավիթ Նավասարդյանը հարցերով էին փորձում ամբողջացնել իրադարձությունների հաջորդականությունը։ Ա Օհանյանը կրկնեց նախորդ վկաների այն ցուցմունքները, որ Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզոնը հոկտեմբերի 12-ին հայտնվել էր շրջափակման մեջ, իրենք շրջանաձև պաշտպանության անցնելու հրաման են ստացել։ Մի քանի րոպե հետո հրամայել են «թողնել», նորից մտել են թաքստոցները, դրանից մի քանի րոպե հետո կրկին նահանջի հրաման է տրվել։ Վարորդներին հրամայվել է մեքենաները մոտեցնել հրետանիներին, որպեսզի զինվորները նստեն ու դուրս գան տարածքից։

Վկան, դատախազների հարցերին պատասխանելով, հայտնեց, որ երբ մոտեցել է իրեն կցված «Սատկո» մեքենային, թշնամին սկսել է կրակել։ Ինքն ու դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանը միաժամանակ են նստել մեքենան։ Կառավարման դասակի երկու զինվորները՝ Սամվելը և Գրիգորը, այդ ժամանակ Գ Գևորգյանի կողքին էին, նրանք էլ մեքենայի թափքն են բարձրացել ու այդտեղից դուրս են եկել։ Իր մեքենայից քիչ հեռու գտնվող «Ուրալ» մակնիշի մեքենաները, որոնցով 1-ին և 2-րդ վաշտերի զինվորները պետք է դուրս գային տարածքից, տեղում կանգնած էին, առաջինը իրենք են Գևորգյանի հետ «Սատկո» մեքենայով դուրս եկել տարածքից։ 

Մեքենայում գտնվելու ժամանակ հրամանատարի գործողությունների մասին հայտնեց, որ Գևորգյանը լարված էր, ավտոմատը լիցքավորեց, իրեն ասաց՝ «չվախենաս, որ կրակեմ, դու մենակ ուշադիր քշիր»։ 

Մեղադրող Դավիթ Նահապետյանի հարցերին ի պատասխան հայտնեց, որ «Սատկո» ավտոմեքենան նախատեսված էր կառավարման դասակի անձնակազմին տեղափոխելու համար, որքան հիշում է՝ դասակում 6 կամ 7 հոգի են եղել։ Տուժողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի հարցերին պատասխանելով հայտնեց, որ ինքը չէ, բայց հրամանատար Գ Գևորգյանը նախորդ տեղաշարժերի ժամանակ ուշադիր  էր, որ բոլորը նստած լինեին, նոր շարժվեին։ «Եղե՞լ է, որ մեկ-երկու հոգի նստած չլինեին, ու մեքենան շարժվեր»,- Լ Սիմոնյանի հարցին վկան բացասական պատասխան տվեց։ 

Մեղադրող Ռափյանի մյուս հարցին՝ նկատե՞լ եք, որ մեկը վազեր մեքենայի հետևից։ Պատասխանեց՝ ոչ, չեմ տեսել, եթե տեսնեի՝ կկանգնեի։ Վկային տեղեկացրին, որ մեքենայի թափքում գտնվող իր ծառայակից ընկերներից Խաչիկը դատարանում ցուցմունք է տվել, որ կառավարման դասակի զինվոր Արգիշտի Բիչախչյանը վազել է մեքենայի հետևից, իրենք գոռացել են և փորձել են կանգնեցնել մեքենան, բայց չի կանգնել։ Պատասխեց, որ չի նկատել մեքենայի հետևից վազողի, հնարավոր է, որ ձայները չի լսել, դրա համար չի կանգնել։ Հարցին՝ դրանից հետո ծառայակից ընկերների՞ց էլ չի լսել այդ մասին։ «Այդ ժամանակ ծանր հոգեբանական վիճակ էր, քննարկումներին շատ ժամանակ ես չէի էլ մասնակցում։ Տղաները երբ խոսում էին այդ դեպքերի մասին, վրաս ազդում էր, ես թողնում գնում էի, չէի լսում՝ ինչ էին խոսում»,- պատասխանեց վկան։ 

Դատախազ Ռափյանն ասաց, որ նախաքննության ժամանակ քննիչի հարցին պատասխանել եք, որ երբ նստել եք մեքենան, Գևորգ Գևորգյանը ձեզ սպառնացել է, ասել է՝ «կկրակեմ, քշի գնա», եղե՞լ է այդպիսի բան։

«Ոչ, եթե այդպիսի բան եղած լիներ, չէի քշի, եթե իմ վրա զենք պահեր՝ հաստատ չէի քշի, ավելի լավ է մնայի այնտեղ, քան թե քշեի»,- ասաց վկան։

Մեղադրող կողմի հարցին պատասխանեց, որ նախաքննության ժամանակ իրականությունն է հայտնել։ 

Վկային հիշեցրին, որ տարածքից հեռանալու ժամանակ կառավարման դասակից նաև Դավիթ Ազատյանն է Գ Գևորգյանին մոտ գտնվել, բայց նա մնացել է այնտեղ ու զոհվել է։ Վկան ասաց, որ նա իրենց դասակից է եղել, իրենց ավտոմեքենայով պետք է դուրս գար, բայց իրենց հետ դուրս չի եկել։ Մեղադրող կողմը հետաքրքրված էր, իսկ իրեն հարց չի՞ տվել, թե ինչպես պետք է դուրս գային մյուս տղաները։ Ասաց, որ դուրս գալու պահին մեքենայի մեջ Գ Գևորգյանին հարցրել է՝ տղաները բա ո՞նց դուրս կգան, նա էլ ասել է՝ օգնության կգան, տղաները դուրս կգան, ամեն ինչ լավ կլինի։ 

Արման Օհանյանը հայտնեց, որ ինքը վաղ է զորացրվել, քանի որ «մեքենայի տակ գործ անելուց մեքենան անցել է իմ վրայով, ոտքս կոտրվել է»։ Դրանից հետո հիվանդանոցում է գտնվել։ Զոհված զինծառայողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի հարցին պատասխանելով խոստովանեց, որ Գևորգ Գևորգյանն այցելել է իրեն հիվանդանոցում, երկու անգամ էլ զանգել ու իր առողջությամբ է հետաքրքրվել։  

Գ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը վկային հարցրեց «Դո՞ւք ում գործողության արդյունքում եք ողջ մնացել»։ «Պրն Գևորգյանի»,- եղավ պատասխանը։ 

Պաշտպան Գոռ Գևորգյանն իր ավանդական հարցը ուղղեց նաև այսօրվա վկային՝ իր կարծիքով, այդ պահին Գևորգյանը կարո՞ղ էր կատարել գործողություն կամ գործողությունների շարք, որը չի արել ու տղաները զոհվել են։ «Իմ կարծիքով՝ ոչ»,- եղավ պատասխանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ շրջափակման մեջ հայտնված դիվիզիոնի 20 զինվորներ սպանվել են, իսկ հրամանատարներից մեկն անհայտ կորած է համարվում։ 

Դատախազ Ռափյանը փորձեց վկայից պարզել այդքան հաստատակամ տրված պատասխանի տրամաբանությունը՝ երեք ամսվա ծառայող Օհանյանն ի՞նչ գիտելիքներ ուներ, որ կարողանար մարտական գործողությունների ժամանակ գնահատել հրամանատարի գործողությունները։ 

Վկան իր եզրահանգումը կատարել էր երկու դատողության հիման վրա՝ թշնամին ուժերի հարաբերակցությամբ գերակշում էր իրենց և լավ էր զինված։ Կրակոցների ձայներից տարբերել է, որ տարբեր զինատեսակներով էին կռվում, իսկ իրենք միայն ավտոմատից էին կրակում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter