HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Բալթազար»-ն ավանակի կյանքի էտապների մասին է. Ռոբեր Բրեսոնի ֆիլմը կցուցադրվի Երևանում

«Ֆիլմը առաջին անգամ ծնվում է իմ գլխում, հետո մեռնում է թղթի վրա, ապա այն հարություն է առնում կենդանի մարդկանց և իրական առարկաների միջոցով, որոնք ես օգտագործում եմ նկարահանման հրապարակում։ Նրանք էլ իրենց հերթին սպանվում են ժապավենի վրա։ Հետո դասավորվելով որոշակի հերթականությամբ և էկրանի վրա ցուցադրվելով՝ նրանք նորից կենդանանում են, ինչպես ծաղիկները ջրի մեջ»,- ասում է Ռոբեր Բրեսոնը իր մասին 1965թ.-ին նկարահանված ֆիլմ-հարցազրույցում։

Բրեսոնով հիանում էր Անդրեյ Տարկովսկին, ում համար, իր խոսքերով, կինոաշխարհում միայն երկու հոգու կարծիք էր կարևոր, որոնցից մեկը Բրեսոնինն էր։ Ժան Լյուկ Գոդարը ռեժիսոր Ռոբեր Բրեսոնին ֆրանսիական կինոյի մեջ համարում էր նույնը, ինչ ռուսական արձակում Դաստաևսկին կամ գերմանական երաժշտության մեջ Մոցարտը։

Ռոբեր Բրեսոնի՝ որպես սկզբունքորեն տարբերվող (սկսած կինեմատոգրաֆ կամ դերասան եզրույթների ընկալումներից) ռեժիսորի գաղափարների, ռեժիսորական մեթոդների, մտքերի հետ ծանոթանալու կարճ ճանապարհն իր գրած «Նոթեր կինոմատեգրաֆիայի մասին» (1975թ.) գրքույքը կարդալն է։ Ռեժիսորի հետ ծանոթանալու լավ հնարավորություն է նաև 1965թ.-ին իր մասին նկարահանված «Անհայտ Ռոբեր Բրեսոն» ֆիլմ-հարցազրույցը։ Բայց ամենից կլանող և զգայական շփումն, իհարկե, Ռեժիսորի ֆիլմերը դիտելն է։ Սկզբում գեղանկարիչ, հետո լուսանկարիչ, իսկ երեսուն տարեկանից հետո ռեժիսոր Ռոբեր Բրեսոնը իր երկար կյանքի ընթացքում (98տ.) նկարահանել է 13 ֆիլմ։

Բրեսոնի ֆիլմերի ամենաբնորոշ գծերը նրանցում պոետիկայի և ոճաբանության ասկետիկ սկզբունքներն են (թատերականությունից, գրականությունից, դերասանական խաղից  հրաժարվելը)։ 

Բրեսոնը կինեմատոգրաֆիայում հայտնի է իր տեսական հակադրումներով ու բաժանումներով։

Նա հակադրում էր կինոն (տեսախցիկով թատրոնը արձանագրող գործողություն) և կինեմատոգրաֆիան (որպես ռիթմի արվեստ, որի արտահայտչականությունը կադրերի համադրության մեջ է, որտեղ չկան թատրոնի էլեմենտներ)։ Ինքը զբաղվում էր երկրորդով։ 

Բրեսոնը իր ֆիլմերում նկարահանվող դերասաններին անվանում էր մոդելներ և չէր ընդունում դերասանական խաղի ընդունված ձևերը.

«Դերասանները ուռճացնում են ամեն բառ և ժեստ, իսկ մոդելները, նրանք խուսափում են արտահայտչականությունից, նրանք չեն մտածում ընդհանրապես դերի մասին, նրանք չեն մտածում ընդհանրապես ոչնչի մասին, նրանք այնպիսինն են, ինչպիսին կան։

Թատերական արտահայտչականությունը սպանում է կինեմատոգրաֆը։ Էկրանային պատկերը պիտի օժտված լինի որոշակի որակական հատկանիշներով, այսինքն՝ պիտի լինի չեզոք։ Կադրի իմաստը կամ երանգավորումը պիտի ծնվի լոկ մյուս կադրերի հետ փոխկապակցվածության արդյունքում, քանի որ ֆիլմը ստեղծում են ոչ թե կադրերը, այլ հենց այդ փոխկապակցվածությունը․ ի վերջո, գույնը, որպես այդպիսին, ոչինչ չարժե և իմաստ է ձեռք բերում միայն այլ գույների հետ համադրվելուց հետո»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Բրեսոնը։

Ռոբերտ Բրեսոնը ծնվել է 1901 թվականին։ Սովորել է Փարիզում, և այնտեղ տարվել արվեստով՝ սկսելով նկարչությունից։ Հետո հետաքրքրվել է կինոյով և առաջին քայլերն արել ռեժիսուրայում։

Նացիստական ​​օկուպացիայի ժամանակ Բրեսոնը 1943թ.-ին գերի է ընկել և արտաքսվել Գերմանիա, որտեղ մեկուկես տարի անցկացրել է բանտում (բանտարկության թեման  ապագայում հաճախ կհայտնվի իր ֆիլմերում)։

Վերադառնալով հայրենիք՝ Բրեսոնը կապեր է հաստատում «Pate» կինոընկերության հետ և նկարահանում է իր առաջին լիամետրաժ «Մեղքի հրեշտակները» գեղարվեստական ​​ֆիլմը (1943թ.)։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ ինչպես քննադատների, այնպես էլ հանրության կողմից: Սակայն կոմերցիոն առումով ձախողվեց։ Բրեսոնը «դժվար» ռեժիսորի համբավ ուներ, ով կոմերցիոն փոխզիջումների չէր գնում։ Սցենարներն ինքն էր գրում՝ հաճախ օգտագործելով գրական ստեղծագործություններ։

1951 թ.-ին ռեժիսորը նկարահանեց «Գյուղական քահանայի օրագիրը» Ֆիլմը։

Այն բերեց Բրեսոնին համաշխարհային ճանաչում։ Ֆիլմ արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին։

«Ես արտահայտչականություն եմ փնտրում ոչ այնքան ժեստերի, բառերի, դեմքի արտահայտությունների, որքան ռիթմի միջոցով… Կինեմատոգրաֆիան հորինվել է ոչ թե կյանքը կրկնօրինակելու, այլ մեզ ռիթմով գրավելու համար։ Լավ է, եթե դիտողը ընդհանրապես մոռանա ամեն ինչի մասին և ենթարկվի միայն ռիթմի հոսքին…»,- գրում է Բրեսոնը իր կինեմատոգրաֆիայի մասին գրքույկում։

1962 թվականին Բրեսոնը ցուցադրեց իր նոր աշխատանքը՝ «Ժաննա դ Արկի դատավարությունը»։ 

Ռեժիսորը փորձել էր ցույց տալ ֆրասիայի ազգային հերոսուհուն իր տեսանկյունից։ Դիտողների համար ֆիլմը հոգնեցուցիչ ու ձանձրալի թվաց։ Անհաջողությունից ցնցված Բրեսոնը երկար լռեց։ 

«Կինոապարատն ապշեցուցիչ ճշգրիտ գործիք է իրերի և մարդկանց էությունը բացահայտելու առումով․ ձեր աչքերը հնարավորություն են տալիս այդ ամենը տեսնելու։ Այսօր մենք հայտնվել ենք ծուղակում։ Ձևավորվում են կինոխմբակներ՝ թատերական խմբակների օրինակով։ Գոյություն ունի 20-30 աստղերից բաղկացած ցանկ, և այդ աստղերը «շրջագայում են» մի ֆիլմից մյուսը․ ռեժիսորներին զվարճացնում է այն, որ նրանք էկրան են տեղափոխում թատրոնը և նկարահանում են միևնույն դերասաններին։ Այդ նույնը կատարվում է բոլոր երկրներում»,- ասում է Ռոբեր Բրեսոնը։ 

Չորս տարվա լռությունից հետո նա նորից սկսեց նկարել։

«Ֆիլմը ավանակի կյանքի էտապների մասին է, որը համընկնում է մարդու կյանքի էտապների հետ՝ մանկություն, քնքշանք, սեր, հասուն տարիք, աշխատանք, տաղանդ։ Ավանակը աշխատում է կրկեսում, մահվանից առաջ առեղծվածային շրջան, հետո՝ մահ. ավանակը մահանում է, որովհետև մարդիկ լծում են նրա վրա իրենց մեղքերը, և ավանակը սահմանով ոսկի անցկացնելիս մահանում է»,- 1965թ.-ին այսպես պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ինչի մասին է իր նոր ֆիլմը։ 

«Պատահաբար Բալթազար» (Ֆր. Au Hasard Balthazar) ֆիլմում Բրեսոնի կինոյի  ընկալումների խտացումն է իր բոլոր դրսևորումներով։ Ինչպես իր բոլոր ֆիլմերում,  Բրեսոնը մեծ ուշադրություն է դարձնում ձայներին, այն պատկերի հետ համադրելու իր ուրույն ոճով։ «Բալթազարում» հնչում է նաև երաժշտություն։ Ավանակին ֆիլմի ողջ ընթացքում ուղեկցում է Շուբերտի 20-րդ լյա մաժոր դաշնամուրային սոնատի 2-րդ մասը.

Այսօր՝ մարտի 28-ին՝ ժ․ 19։00-ին Երևանում կցուցադրվի Ռոբեր Բրեսոնի «Պատահաբար Բալթազար» ֆիլմը։ Մուտքն ազատ է։

Վայրը՝ Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճ՝ Երևան, Տերյան 72։

Ֆիլմը կցուցադրվի ֆրանսերեն լեզվով՝ հայերեն/անգլերեն ենթագրերով։

Համաշխարհային կինոյի մեծագույն հեղինակ Ռոբեր Բրեսսոնի դասական այս ֆիլմում 1960-ականների Պիրենեյան լեռներում ապրող ավանակի դժբախտությունները վերածվում են մարդկային արատների պատկերման պատրվակի։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը/Ֆրանսիական ինստիտուտը միավորում են ուժերը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ՝ Ազգային գրադարանում ֆրանսիական կինոյին նվիրված կինոակումբ կազմակերպելու համար։

Այս տարի «Սինե-ակումբը» երկու շաբաթը մեկ է կայանում և հանդիսատեսին ներկայացնում ֆրանսիական կինոյի լայն համայնապատկեր՝ 1930-ականներից առ այսօր։

Լուսանկարները՝ Getty images-ի, ֆիլմից կադրեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter