HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի պատգամավոր. «Չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ պատերազմի, բայց սահմանային սադրանքներ լինելու են»

Մարտի 25-ին Ադրբեջանը որոշակի դիրքային առաջխաղացում է ունեցել Շուշի-Լիսագոր հատվածում՝ ձգտելով վերահսկողության տակ վերցնել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակման պայմաններում Ստեփանակերտի միակ կապն է Շուշիի շրջանի մի քանի գյուղերի հետ: Դրանից երկու օր անց թշնամին կրկին փորձել է դիրքային առաջախաղացում ապահովել, ինչը, ըստ Արցախի ՊԲ մամուլի ծառայության, կանխվել է հայկական ուժերի կողմից:

Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար, ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանը նման ձեռագրով փորձում է հուսահատություն եւ հուսալքություն առաջացնել Արցախի ազգաբնակչության շրջանում, որպեսզի կարողանա հասնել իր վերջնանպատակին՝ Արցախը հայաթափմանը. «Փորձում են աշխարհին ցույց տալ, թե իրավիճակի տերն իրենք են, ու իրենց համար չկա միջազգային դատարանի որոշում, որը պարտադիր պետք է կյանքի կոչվի: Դա նաեւ Հայաստանի եւ Արցախի դիվանագիտական մարմինների թուլությունն է, որ այսօր Ադրբեջանը կարողանում է անտեսել նման բարձր ատյանների որոշումները»:

Արցախցի պատգամավորը նաեւ խիստ քննադատում է Հայաստանի ներկա իշխանություններին: «Ցավոք սրտի, ունենալով Հաագայի դատարանի որոշում, բարենպաստ որոշումներ այս շրջափակման առումով՝ Հայաստանի իշխանությունները, որոնք պետք է միջազգային ատյաններում բարձրաձայնեն եւ մեղադրեն Ադրբեջանին պատեհ-անպատեհ առիթներով՝ շրջափակումը չվերացնելու, Հաագայի դատարանի որոշումը չկատարելու, նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը խախտելու համար, տեսնում ենք, որ կրավորական կեցվածքով Ադրբեջանին թույլ են տալիս նման ձեռագիր, ինչին հաջորդում են սահմանային սադրանքները,- ասում է Դավիթ Գալստյանը,- այս ամենը գալիս է նրանից, որ պարտված իշխանությունները չեն կարող պահանջատեր լինել ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Ռուսաստանից, ո՛չ միջազգային հանրությունից: Նրանք այն ծրագրի մաս են, որն է՝ Արցախը հայաթափել եւ իբր թե «խաղաղության պայմանագիր» կնքել, ու Հայաստանը «կփրկվի»՝ Արցախը զիջելով կամ բռնակցելով Ադրբեջանին»:

«Հետքի» զրուցակցի խոսքով՝ ՀՀ ներկա իշխանություններն հանրությանը կերակրում են մանիպուլյացիաներով, թե բոլոր խնդիրները գալիս են Արցախից, «խաղաղության պայմանագիր» չկա, դրա համար էլ զոհեր ու ոտնձգություններ ենք ունենում Հայաստանի սահմաններին: Պատգամավորն ասում է՝ պետք է հասկանալ, որ երբ ազգը համախմբված է՝ անկախ նրանից, Արցախում է բնակվում թե այլուր, նրան պարտադրելը դժվար է: Մինչդեռ այսօր, ըստ Դ. Գալստյանի, Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը պառակտում է Արցախը՝ ասելով, թե սա իրենց խնդիրը չէ, ռուս խաղաղապահների խնդիրն է, կամ հարցը փորձում են տեղափոխել Ռուսաստան-Ադրբեջան տիրույթ:

Պատգամավորի դիտարկմամբ՝ հայաստանյան իշխանություններն ընդամենը խոսում են ֆիզիկական անվտանգության մասին եւ իրենց գործելաոճով պառակտում ազգը, ինչը ձեռնտու է միայն թշնամուն:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանն այս վերջին քայլով նոր էսկալացիայի համար հող է նախապատրաստում, արցախցի պատգամավորը պատասխանում է. «Քանի որ չկան բանակցություններ, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կողմից հստակ ձեւավորված պահանջներ եւ օրակարգ, իհարկե, պատերազմի վտանգը միշտ էլ ավելի բարձր է, բայց, վտանգները հաշվի առնելով, չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա հերթական լայնամասշտաբ պատերազմի: Սահմանային սադրանքներ պարբերաբար լինելու են, բայց միեւնույն ժամանակ մենք՝ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, պետք է պատրաստ լինենք պատերազմի եւ ունենանք հզոր բանակ, որպեսզի ունենանք կայուն եւ արժանապատիվ խաղաղություն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter