HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազությունը Հրայր Թովմասյանից ու նրա կնոջից պահանջում է բռնագանձել 3 բնակարան և 142 մլն դրամ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, շարունակվել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի ու նրա կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին: Պատասխանող կողմն այսօր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է:

Միջնորդության հիմնավորումն այն է, որ գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորին, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Այս հանգամանքը կարող է անաչառության հարց առաջացնել: Սակայն, դատարանը բավարար չի համարել հիմնավորումները և միջնորդությունը մերժել է:

Նշենք, որ Դատախազությունը պահանջում է Հրայր Թովմասյանից և Լամարա Խուդավերդյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ մի շարք անշարժ գույքեր և դրամական միջոցներ:

Բռնագանձման ենթակա է Երևան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի 91 շենքում գտնվող բնակարանն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը, որը կազմում է 153 մլն 682 դրամ:

Դատախազության հիմնավորումն այն է, որ 2013թ. հունվարից մինչ օգոստոսն ընկած ժամանակահատվածը Հրայր Թովմասյանը ստացել է 2 մլն 436 հազ դրամ աշխատավարձ, իսկ 23 հազ. դրամ՝ հաշվարկվել է հաշվի դրամական մնացորդի վրա որպես տոկոս: Այդ ժամանակահատվածում կատարվել է նվազագույն սպառողական ծախսեր՝ 1 մլն 776 հազ դրամի չափով, ինչպես նաև Հրայր Թովմասյանը և նրա կինը կատարել են վճարումներ՝ 286 հազ. դրամի չափով: Տարվա ընթացքում Հրայր Թովմասյանը և կինը ներդրել են ավանդներ և ստացել են ապօրինի գույքի օգտագործումից ստացված ապօրինի եկամուտներ:

Նշված գույքի ձեռք բերման 82 մլն 343 հազ. դրամ գումարը կամ 99%-ը, ըստ դատախազության, չի հիմնավորվել օրինական եկամուտի աղբյուրներով:

Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի 21-րդ փողոցի 2-րդ շենքում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 45 մլն 222 հազ դրամ:

Դատախազության պնդմամբ՝ 2002թ. հունիսի 7-ին Հրայր Թովմասյանը և վերջինիս կինը՝ Լամարա Խուդավերդյանը համատեղ սեփականության իրավունքով ձեռք են բերել նշված հասցեում գտնվող բնակարանը՝ 87.6 քմ մակերեսով՝ 12 հազ. ԱՄՆ դոլարով (6 մլն 989 hազ. դրամին համարժեք գումարով):

Նույն տարվա ապրիլ-հունիս ամիսներին Հրայր Թովմասյանը ստացել է ընդամենը 1 մլն 140 հազ. դրամ վարձատրություն, իսկ այդ տարվա առաջին կիսամյակի նվազագույն սպառողական զամբյուղը կարող էր կազմել առնվազն 347 հազ. 369 դրամ: Ըստ դատախազության՝ այդ պայմաններում ձեռք բերման մոտ 5 մլն 107 հազ. դրամ գումարը կամ 73%-ը չի հիմնավորվում հայտնի օրինական եկամտի աղբյուրներով:

Արարատի մարզի Դարակերտ գյուղում գտնվող բնակելի տունն ամբողջությամբ բռնագանձելու պահանջ ևս ներկայացվել է: Անհնարինության դեպքում բռնագանձման ենթակա է գույքի միջին շուկայական արժեքը:

Հիմնավորումն այն է, որ 2007թ. դեկտեմբերի 3-ին Հրայր Թովմասյանը ձեռք է բերել բնակելի տունը՝ 7 մլն դրամով: Նույն տարում վերջինս ստացել է 7 մլն 153 հազ. դրամ աշխատավարձ, նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 1 մլն 648 հազ. դրամ: Հրայր Թովմասյանը և նրա կինը կատարել են վարկի մարումներ և այլ վճարումներ՝ 1 մլն 377 հազ. դրամի չափով:

Հիմք ընդունելով ստացված եկամուտները և կատարված ծախսերը, բնակելի տան ձեռք բերման համար անհրաժեշտ գումարից 2 մլն 872 հազ. դրամի կամ 41%-ի օրինականությունն առկա տվյալներով չի հիմնավորվել օրինական եկամուտների մնացորդով:

Բռնագանձման պահանջ է ներկայացվել նաև դրամական միջոցների մասով: Մասնավորապես` 142 մլն 250 հազ. դրամի չափով գումար՝ որպես ապօրինի գույքի վերափոխումից ստացված միջոցների ինչպես նաև ապօրինի գույքի օգտագործումից ստացված եկամուտ, ենթակա է բռնագանձման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter