HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի եւ հրավիրյալ պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարեւորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան հաջորդած ՀՀ ԱԺ նախագահի ելույթը նվիրված է եղել ժողովրդավարական արժեքների պահպանմանն ու մարդու իրավունքների եւ ազատությունների ուղղությամբ տարվելիք անհրաժեշտ քայլերին: 

«Ժողովրդավարական հասարակության մասնիկն ենք նաեւ մենք՝ խորհրդարանականներս՝ ազատ խոսքը կրողներս: Ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն արտաքին քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Մեծ է նաեւ նրա դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նա՝ հավելելով, որ մեր երկիրն աջակցում է հիմնադրամի որդեգրած արժեքներին. անձնական, ընտրության, տնտեսական ազատությանը եւ իրավունքի գերակայությանը:

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից եւ մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս:

«Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետեւանքով 120 հազար բնակիչ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: Ադրբեջանի այս գործողությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշմանն Ադրբեջանը չի ենթարկվում. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում զոհվել է երեք քաղաքացի: Նա նշել է, որ Նաումանի հիմնադրամի քննարկումից ժամեր առաջ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող հայերի ուղղությամբ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Եզրափակելով խոսքը՝ նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:

ՀՀ ԱԺ նախագահի ելույթին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը, միջազգային հանրության կողմից Հայաստանին եւ արցախահայությանը տրվող հասցեական գնահատականներին եւ աջակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին եւ հայաստանյան հասարակության տրամադրվածությանն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ցուցաբերած հետաքրքրությանը: Գերմանացի գործընկերներին, մասնավորապես, հետաքրքրել են հայաստանյան բարեփոխումների ընթացքը եւ դրանց շոշափելիության վերաբերյալ համաժողովրդական տրամադրությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter