HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հրդեհի հետևանքով զոհվածների ծնողները կհանդիպեն զինդատախազին, Սուրեն Պապիկյանը հրաժարվել է հանդիպելուց

Այս պահի դրությամբ Ազատ գյուղի զորանոցում զոհված 15 զինծառայողներից միայն 10-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն են ստացվել։ Այս մասին հայտնեց մահացած զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելու գործի զարգացումների մասին։ Ներկա էին նաև զոհվածների ծնողները, հարազատները։ Նա նշեց, որ մնացած 5 զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն տրամադրվել իրենց, գուցե վարույթն իրականացնող մարմնին ևս չեն տրամադրվել, ինչը կասկածելի է։

Գործով հարցաքննվել է 10 տուժող՝ ծնող, իսկ մնացած 5 զոհված զինծառայողների ծնողների հարցաքննությունները սպասվում են առաջիկայում։

Նորիկյանի խոսքով՝ վաղը՝ մարտի 30-ին, ՀՀ զինվորական դատախազության վարչական շենքում տեղի է ունենալու զոհված 15 զինծառայողների հարազատների առաջին հանդիպումը Գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի հետ։ Փաստաբանի խոսքով՝ իրենց համար կարևոր էր հանդիպումից մեկ օր առաջ այս ասուլիսն անցկացնել։

Փաստաբանն ասաց, որ զինծառայողների ծնողների և իր կողմից դիմումներ են ներկայացվել Պաշտպանության նախարարին և Զինվորական դատախազին՝ ծնողների հետ հանդիպման համար, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկացել հանդիպել ծնողներին։ Տուժող կողմի համար տարօրինակ և տարակուսելի է պաշտպանության նախարարության ղեկավարության պահվածքը։ Իսկ զինվորական դատախազությունը, ինչպես արդեն նշել ենք, բավարարել է պահանջը։

Նորիկյանն ասաց, որ 9 ծնողներից վերցված բացատրություններ է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին․ «Այնտեղ առկա են քրեական օրենքով արգելված արարքների վերաբերյալ որոշակի փաստական տեղեկություններ որոշակի ժամանակահատվածում այդ զինվորական կացարանում զինծառայողների ծառայության ընթացքում այլ բնույթի առերևույթ հանցագործությունների կատարման առումով»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ բովանդակային առումով այդ հարցին չի անդրադառնա։

Տուժողների ներկայացուցչի կողմից միջնորդություն է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին՝ հրդեհի օրը որոշ անձանց՝ տվյալ տարածքում գտնվելու հանգամանքը պարզելու և նրանց կարգավիճակը հստակեցնելու համար։

«Միջնորդություն է ներկայացվել նաև զոհվածներից մեկի ծնողի կողմից տրված բացատրությունը և լրացուցիչ այլ 2 քաղաքացիների կողմից տրված բացատրությունները, որոնք հրդեհի պահին այդ տարածքում գտնված և ողջ մնացած զինվորներից մեկի վարքագծի վերաբերյալ որոշակի հակասող կամ էապես տարբերվող տվյալներ են իրենց մեջ պարունակել։ Խնդրել ենք այդ անձանց ևս հարցաքննել»,- ասաց Նորիկյանը։

Նրա խոսքով՝ ևս մեկ միջնորդություն է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին՝ հարցաքննել 2 անձի, որոնք հրապարակայնորեն պնդումներ են իրականացրել այն մասին, որ տեղի ունեցածը դիվերսիա է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter