
Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի Ադրբեջանի ներխուժման եւ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու վերաբերյալ, որի մասին այսօր առավոտյան հայտնեց Արցախի տեղեկատվական շտաբը, ապա դրան կառավարության նիստում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստորեւ՝ ԱԱԾ հայտարարությունը։
- Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
- 2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով եւ իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:
- Համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
- Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ:
- Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
- Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
- Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետեւ դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել