HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրանին փորձում են ներքաշել պատերազմական լուրջ իրավիճակի մեջ, բայց կարծում եմ՝ Իրանը լայնախոհությամբ եւ ծանրակշռությամբ կնայի հարցին»

Իրանի Մեջլիսի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի կարծիքով՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններն ավելի են լարվում, ինչն ակնհայտ է հատկապես Ադրբեջանի հռետորաբանությունից: Իրանում խիստ դժգոհություն կա ԱԳՆ-ից եւ անվտանգության խորհրդից, որոնք, ըստ դժգոհողների, համապատասխան արձագանք չեն տալիս Ադրբեջանի հայտարարություններին եւ հոխորտանքներին:

Իրանի ներքին մեխանիզմներին քաջատեղյակ պատգամավորն ասում է, որ վերջինս կփորձի ամեն ինչ անել դիվանագիտական մակարդակում, որքան որ դա հնարավոր կլինի: «Իրանին փորձում են ներքաշել պատերազմական լուրջ իրավիճակի մեջ, բայց կարծում եմ՝ Իրանը լայնախոհությամբ եւ ծանրակշռությամբ կնայի հարցին: Եթե այդքան լուրջ վտանգ սպառնա Հայաստանի սահմանին կամ Սյունիքին, այդ ժամանակ մոտեցումները կփոխվեն ըստ այդ պահի նպատակահարմարության, բայց այն, որ լարվածություն նկատվում է, նորություն չէ, անցած երկու ամսվա ընթացքում օրըստօրե զարգացել է այդ լարվածությունը»,- «Հետքի» հետ զրույցում նշում է իրանցի հայ պատգամավորը:

Բեգլարյանն ասում է, որ Ադրբեջանի միջոցով, մեծ հավանականությամբ, իրավիճակից փորձում են օգտվել Արեւմուտքն ու Իսրայելը: Իրանն, ըստ մեր զրուցակցի, զգայուն է Հայաստանի հետ սահմանի նկատմամբ, ինչն արտահայտվում է այդ երկրի պաշտոնյաների կողմից արվող հայտարարություններով ու հռետորաբանության տոնով: Պատգամավորն անլուրջ չի համարում Իրանի կողմից հնչեցվող սպառնալիքները, ավելին, «Հետքի» զրուցակցի համոզմամբ, Իրանը տեղի չի զիջելու տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարցերում, իսկ թե ինչ հոխորտանքներ կարող են հնչել Ադրբեջանից, ապա, ըստ Ռ. Բեգլարյանի, նման պետությունից ամեն բան սպասելի է:

Իրանը, հայ պատգամավորի խոսքով, փորձելու է համբերատար սպասել, քանի որ տարածաշրջանում խաղաղություն է ցանկանում: Միաժամանակ քաղաքական գործիչն ասում է, որ անցած երկու տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերը կասկած չեն թողել Իրանում, որ Ադրբեջանի նպատակը Սյունիքը խլելն է կամ թուրանական միջանցքի բացումը: «Որն էլ լինի, Իրանի համար աշխարհաքաղաքական մեծ վնասներ են լինելու: Իրանը չի կարող անտարբեր մնալ»,- նշում է «Հետքի» զրուցակիցը՝ հավելելով, թե Իրանը գիտակցում է, որ Սյունիքից հետո հաջորդ թիրախն ինքն է լինելու:

Ըստ Ռոբերտ Բեգլարյանի՝ չնայած Իրանում սոցիալ-տնտեսական պայմանները ներկայում բարդ են եւ կարիք ունեն վերանայման ու կառուցվածքային փոփոխությունների, այդուհանդերձ, այդ դժվարությունները չեն կարող ազդել, որ Իրանը լռի իր աշխարհաքաղաքական դիրքի հավանական թուլացման դեպքում: Բեգլարյանը դա բացառում է:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը կգնա արկածախնդրության՝ Իրանի հետ բախումների, պատգամավորը պատասխանում է, որ գուցե Իրանի տրամադրությունը փորձեն Հայաստանի հետ սահմանին, բայց, մեր զրուցակցի կարծիքով, Ադրբեջանը մինչեւ չունենա վստահություն Իսրայելի, Արեւմուտքի ու Թուրքիայի լայն հովանավորության վերաբերյալ, ուղղակիորեն դժվար թե հանդես գա: «Եթե իրենք իրենցով լինեն, բնականաբար, այն մակարդակի չեն, որ ուզենան չափվել Իրանի հետ»,- նկատում է Ռոբերտ Բեգլարյանը:

Պատգամավորը հնարավոր է համարում տարածաշրջանում առաջիկա բախումները՝ հաշվի առնելով լարվածության օրեցօր մեծացումը անցած երկու տարվա ընթացքում: «Փորձում են Հայաստանի թույլ վիճակից կորզել, ինչն արդեն ակնբախ է բոլորի համար, դժբախատաբար»,- նկատում է իրանցի հայ քաղաքական գործիչը:

Իսկ հարցին, թե արդյոք մեր տարածաշրջանը ներկայում պատրաստ է խաղաղության, Ռոբերտ Բեգլարյանն արձագանքում է. «Ես տարածաշրջանն առայժմ խաղաղությունից հեռու եմ տեսնում: Ամեն ինչ կախված է դիվանագիտական մոտեցումներից, շահերի հավասարակշռությունից, բայց քանի որ տարածաշրջանում դերակատարները շատացել են ու տարբեր ազդեցություններ են փորձում ունենալ, իրավիճակն, իսկապես, խրթին է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter