
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 2,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ
ԱՄՆ-ն երկուշաբթի օրը կհայտարարի Ուկրաինային 2,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան անանուն երեք պաշտոնյայի։
Նախնական տվյալներով՝ փաթեթում կներառվեն օդային տարածքի դիտարկման ռադարներ, հակատանկային հրթիռներ, գերճշգրիտ ավիացիոն սպառազինություն, NASAMS-ի լրացուցիչ արկեր, կամրջային սարքավորումներ, բենզատարներ ու շինարարա-տարհանման մեքենաներ։
Աղբյուրների խոսքով՝ փաթեթի մի մասը (մոտ 2,1 միլիարդ դոլար) կհատկացվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) շրջանակներում, որը Սպիտակ տանը հնարավորություն է տալիս ռազմական արդյունաբերությունից զենք գնել, այլ ոչ թե հատկացնել առկա պաշարներից։
Զրուցակիցները նշել են, որ եզրափակիչ գումարը և փաթեթի պարունակությունը կարող է որոշակիորեն փոփոխության ենթարկվել մինչև երկուշաբթի օրը։
Ներկայումս ռազմական օգնության ընդհանուր չափը, որը ԱՄՆ-ն խոստացել է Ուկրաինային, արդեն կազմում է 30 միլիարդ դոլար։
Փետրվարին ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել էր 2 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնություն։ Այդտեղ ներառվել էր սպառազինություն HIMARS համակարգերի համար, 155-մմ արկեր, CyberLux K8, Switchblade 600, Altius-600 և Jump 20 UA տեսակի անօդաչուներ, հակադրոնային սարքավորումներ և ՌԷՊ միջոցներ, ինչպես նաև ականազերծման համար սարքավորումներ։
Լուսանկարը՝ SERGEI SUPINSKY/AFP/Getty Images
Մեկնաբանել