HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելում բողոքի ցույցի է դուրս եկել 450 000 մարդ

Իսրայելում ավելի քան 450 000 մարդ կրկին դուրս է եկել բողոքի ցույցերի, չնայած վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից վիճելի դատական բարեփոխումների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ հայտարարությանը։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, բողոքի ցույցերն ընթացել են Թել Ավիվում, Երուսաղեմում և մյուս քաղաքներում։ Ընդ որում՝ ամենամեծ բողոքի ակցիային մասնակցել է 170 000 մարդ։ Այնտեղ է եղել նաև ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը։

Բողոքի ցույցերի ժամանակ առանձին բախումներ են գրանցվել ոստիկանության հետ, մի քանի ցուցարար ձերբակալվել է։ Թել Ավիվում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ է կիրառել։

Ցուցարարներից ոմանք իրենց հետ բերել էին Իսրայելի դրոշներն ու պաստառներ, որոնցից մեկի վրա գրված է եղել. «Ժողովրդավարությունն այս կառավարությունից ուժեղ է»։

Մարտի 28-ից իշխող կոալիցիան և ընդդիմությունը բանակցություններ են վարում՝ վիճելի բարեփոխումների շուրջ իրավիճակի կարգավորման համար։ Դրան զուգահեռ ընդդիմադիր քաղաքական գործիչները բազմիցս կասկածի տակ են դրել փոխհամաձայնության հասնելու Նեթանյահուի մտադրությունների լրջությունը։

«Նեթանյահուհի փորձը լռեցնելու ցուցարարներին ձախողվել է»,- հայտարարել են ցուցարարների ներկայացուցիչները։ «Ավելի քան 445 000 ժողովրդավարամետ տրամադրված ցուցարարներ այսօր երեկոյան դուրս են եկել Իսրայելի փողոցներ։ Սա Իսրայելի պատմության ամենախոշոր բողոքի ցույցերից մեկն է։ Մենք կշարունակենք մնալ փողոցներում, քանի դեռ չենք երաշխավորել Իսրայելի Պետության ժողովրդավարական բնույթը»,- ընդգծել է նրանցից մեկը։

Իսրայելում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են հունվարի կեսերից։ Մարտի 27-ից երկրում հայտարարվել էր «Պարալիչի ազգային շաբաթ». ցույցերի ու գործադուլների շարք ընդդեմ դատական վիճահարույց բարեփոխումների, որին սկսել էին միանալ նաև առաջատար հիվանդանոցները։ Սակայն նույն օրը՝ մարտի 27-ին, Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ «որոշում է ընդունել կանգնեցնելու օրենսդրական նախագծի երկրորդ և երրորդ ընթերցումը»։ Այդպիսով, այն կարող է քվեարկության ներկայացվել ոչ շուտ, քան ապրիլի վերջին։

Նեթանյահուի դատական բարեփոխումների էությունն այն է, որ զրկի դատական իշխանությանը իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերի որոշումների վրա ազդեցությունից։ Իսրայելում խորհրդարանը միապալատ է։ Կառավարության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը մինչ օրս իրականացնում էր Գերագույն դատարանը՝ արգելափակելով այն օրենքների ընդունումը, որոնց համարում է ոչ իրավաչափ։

Նախատեսվող փոփոխություններով ենթադրվում է, որ ցանկացած վետո հնարավոր կլինի շրջանցել՝ խորհրդարանի ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ, այսինքն՝ 61 ձայն։ Դա նշանակում է, որ իշխող կոալիցիան, որը Կնեսետում ունի մանդատների մեծամասնությունը, կկարողանա անխոչընդոտ ընդունել կամ չեղարկել ցանկացած օրենք։ 

Իսրայելի խորհրդարանը փետրվարի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական այս նախագիծը։

Վաշինգտոնում հայտարարել էին, որ «խորապես մտահոգված են» Իսրայելում տեղի ունեցածով։ Սպիտակ տունը իսրայելական իշխանություններին կոչ էր արել զանգվածային ցույցերի ֆոնին գտնել փոխհամաձայնություն։ «Շարունակում ենք վճռականորեն կոչ անել իսրայելական առաջնորդներին որքան հնարավոր է արագ հասնել փոխհամաձայնության։ Կարծում ենք, որ դա լավագույն ճանապարհն է Իսրայելի և նրա բոլոր քաղաքացիների համար»,- հայտարարել էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնը՝ հավելելով, որ ԱՄՆ աջակցությունը Իսրայելի անվտանգությանն ու ժողովրդավարությանը մնում է անփոփոխ։

Լուսանկարը՝ FILE photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter