HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեռնոգորիայում ընթանում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Չեռնոգորիայում կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ պետական այդ բարձր պաշտոնին հավակնում են երկրի գործող նախագահ Միլո Ջուկանովիչը և տնտեսագետ Յակով Միլատովիչը։ Երկու քաղաքական գործիչներն ունեն արևմտամետ հայացքներ, սակայն Միլատովիչը կողմ է նաև Սերբիայի հետ կապերին և հանդիսանում է Սերբական ուղղափառ եկեղեցու հետևորդ։

Ընտրությունների առաջին փուլի ընթացքում, որը տեղի էր ունեցել երկու շաբաթ առաջ, նախագահ Ջուկանովիչը ստացել էր ձայների 35 %-ը, իսկ Միլատովիչը՝ 29 %-ը։ Միևնույն ժամանակ 36-ամյա Միլատովիչը, որը նախկինում զբաղեցրել է Չեռնոգորիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, հիմա ներկայացնում է սերբամետ ճամբարը, այդ իսկ պատճառով դիտորդները կարծում են, որ նա բարձր շանսեր ունի վճռական այս փուլում հաղթանակի համար։

Չեռնոգորիայում նախագահը հիմնականում իրականացնում է արարողակարգային գործառույթներ, սակայն 62-ամյա Ջուկանովիչը և նրա Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը արդեն երկար տարիներ գերիշխում են երկրի քաղաքական կյանքում։ Ջուկանովիչի պարտությունը կնշանակի Չեռնոգորիայում իշխանության վերջին դիրքից զրկում այն բանից հետո, երբ երկու տարի առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա պարտվեց սերբամետ և ռեֆորմիստական ուժերի կոալիցիային։

Չեռնոգորիայում ընտրություններն ընթանում են քաղաքական խիստ բևեռացման պայմաններում։ Ջուկանովիչը, որը 2006 թվականին հասավ Չեռնոգորիայի անկախությանը, իսկ 2017 թվականին՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, արդեն ավելի քան 3 տասնամյակ որոշում է բալկանյան այդ հանրապետության ճակատագիրը։ Նրա միանձնյա կառավարումը, որը հաճախ ուղեկցվել է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետ կապված մեղադրանքներով, ավարտվեց 2020 թվականի օգոստոսին, երբ սերբամետ ուժերի բազմաշերտ կոալիցիան ստիպեց նախագահի գլխավորած Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությանը (DPS) անցնել ընդդիմության շարքերը։

Արդյունքում ձևավորված կառավարությունը ոչ կայուն եղավ։ Միայն մարտի 16-ին Ջուկանովիչը ցրեց Չեռնոգորիայի խորհրդարանը, քանի որ սերբամետ կուսակցությունները չկարողացան պայմանավորվել երկրի վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուի շուրջ։ Ջուկանովիչն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել հունիսի 11-ին։

Լուսանկարը՝ Pixabay / Sergei Petrov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter